Ֆրենկի դե Յոնգը Բարսելոնայում մնալու համար ստիպված կլինի էականորեն նվազեցնել աշխատավարձը

Ֆրենկի դե Յոնգը Բարսելոնայում մնալու համար ստիպված կլինի էականորեն նվազեցնել աշխատավարձը

28/07/2022 - 17:37

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան շարունակում է մնալ մշումոտ։

Վաղուց հայտնի է, որ հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը գործարքի հարցում նույնիսկ համաձայնության է հասել «բլաուգրանայի» հետ, սակայն, այն ինչ-ինչ պատճառներով չի կայանում։

Դրան զուգահեռ, 25-ամյա ֆուտբոլիստը ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից» ու մտադիր է մրցելույթները շարունակել կատալոնական ակումբի կազմում, սակայն, ինչպես տեղեկացնում է AS-ը, դրա համար հոլանդացի կիսապաշտպանը ստիպված կլինի էականորեն նվազեցնել աշխատավարձը։ Այդ մասին նրան հայտնել են «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին ու ակումբի ղեկավարները։

Դե Յոնգը ստիպված է լինելու աշխատավարձը 12 մլն եվրոյից նվազեցնել 7 մլն։

Խնդիրն այն է, որ կատալոնական ակումբում գործում է աշխատավարձի առավելագույն սահմանաչափ, որը կազմում է 10 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` Խավին հոլանդացի ֆուտբոլիստի հետ զրույցի ժամանակ նշել է, որ մեծ հույսեր է կապում նրա հետ, սակայն նա պարտադիր պետք է հաշվի նստի աշխատավարձի վերաբերյալ ակումբի պահանջի հետ։

Նշվում է, որ Ֆրենկիի շահերը ներկայացնող գործակալ Ալի Դուրսունը կտրականապես դեմ է, որ կիսապաշտպանը համաձայնի աշխատավարձի կրճատման պահանջին ու կարծում է, որ «Բարսան» այդ կերպ ցանկանում է գումար խնայել։

Այդուհանդերձ, «Բարսելոնան» ստեղծված իրավիճակի հանդեպ հստակ դիրքորոշում ունի, իսկ ղեկավարներն առաջնորդվում են հետևյալ սկզբունքով. «Դե Յոնգը կա՛մ պետք է համաձայնի աշխատավարձի նվազմանը կա՛մ էլ պետք է հեռանա ակումբից»։

Հաղորդվում է, որ Դե Յոնգն ապագայի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Նա և իր ընկերուհին ցանկանում են շարունակել բնակվել Կատալոնիայի մայրաքաղաքում և վերջերս նույնիսկ ավարտել են իրենց բնակարանի վերանորոգումը։

Հավելենք, որ բացի «Մանչեսթեր Յունայթեդից», 25-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Բավարիան» ու «Չելսին»։

Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը «բլաուգրանայի» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 138 հանդիպում` դառնալով 12 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023