Յուվեն կրկին  խնդիրներ ունի․  Ֆիորենտինան միավորներ խլեց Պիռլոյի թիմից🎥

Յուվեն կրկին խնդիրներ ունի․ Ֆիորենտինան միավորներ խլեց Պիռլոյի թիմից🎥

25/04/2021 - 19:29

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսի սկզբնամասն անցավ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի առավելությամբ, ովքեր 21-րդ րոպեին շատ մոտ էին հաշիվը բացելուն, սակայն Էրիկ Պուլգարի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

27-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե Մասան, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, 11-մետրանոց հարված նշանակեց թուրինյան ակումբի դարպասին, որն անվրեպ իրացրեց «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

21-ամյա հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում, անցկացրած 32 խաղում, դարձել է արդեն 17 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում «Լացիոյի» գոլահար Չիրո Իմոբիլեի հետ կիսում է 6-7-րդ հորիզոնականները։

Նախքան ընդմիջման գնալը «բյանկոներիները» կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Արոն Ռեմզիի մոտ տարածությունից կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «մանուշակների» նվազագույն առավելությամբ։

Ընդմիջմանը «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն Պաուլո Դիբալայի փոխարեն դաշտ դուրս բերեց Ալվարո Մորատին, ով էլ վայրկյաններ անց՝ 46-րդ րոպեին, հավասարեցրեց հաշիվը՝ եզրափակելով Խուան Կուադրադոյի փոխանցումը։

Երկրորդ խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ, ճիշտ է, «Յուվեի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն (66 %), սակայն նրանց խաղում չկար սրություն և չկարողացան խփել հաղթական գնդակը, իսկ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Այսպիսով, «Յուվենտուսը» կրկին միավորներ կորցրեց։ Այս ոչ-ոքիից հետո Անդրեա Պիռլոյի թիմը վաստակեց 66 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։

«Ֆիորենտինան» էլ 34 միավորով 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023