Տրանսֆերային դրամա. Տոտենհեմը Բարսելոնայի ձեռքից փախցրեց  շվեդ պատանի ֆուտբոլիստին

Տրանսֆերային դրամա. Տոտենհեմը Բարսելոնայի ձեռքից փախցրեց շվեդ պատանի ֆուտբոլիստին

02/02/2024 - 16:56

Շվեդական «Յուրգորդենի» 18-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լուկաս Բերգվալը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։

«Խթանները» պատանի ֆուտբոլիստի դիմաց «Յուրգորդենին» վճարելու են 10 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։

Բերգվալն այժմ Լոնդոնում է և փետրվարի 2-ին արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար։

The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնն էլ հաստատում է, որ շվեդ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։

Մինչ այդ Բերգվալը կշարունակի հանդես գալ «Յուրգորդենի» կազմում։

Հատկանշական է, որ դեռ օրեր առաջ 18-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում ֆավորիտը «Բարսելոնան» էր։

«Բլաուգրանայի» ու Բերգվալի ներկայացուցիչներն ակտիվ բանակցություններ էին վարում, և թվում էր` մոտ են համաձայնության հասնելուն։

Հունվարի 29-ին Ռոմանոն, նույնիսկ հայտնեց, որ 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «Բարսելոնան» ու «Յուրգորդենը» համաձայնության են հասել, որի դիմաց կատալոնական ակումբը պետք է վճարեր 7+3 մլն եվրո։

Այդուհանդերձ, վերջին պահին Բերգվալը մտափոխվել է` որոշելով տեղափոխվել «Տոտենհեմ»։

Վերջինս իր որոշման մասին արդեն հայտնել է «կապտանռնագույնների» ղեկավարությանը։

Հավելենք, որ Լուկաս Բերգվալը «Յուրգորդենի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 29 հանդիպում` դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

18-ամյա ֆուտբոլիստը հասցրել է նաև նորամուտը նշել Շվեդիայի հավաքականում` մասնակցելով հունվարի 12-ին Էստոնիայի դեմ կայացած ընկերական հանդիպմանը (2:1)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023