Տեսադարան N29․ Դանիա – Հայաստան?

Տեսադարան N29․ Դանիա – Հայաստան?

11/06/2020 - 15:41

Մոտ մեկ ամիս տեսադարանի շրջանակում որևէ հանդիպում չէինք ներկայացրել և առաջնությունների վերսկսմանը զուգահեռ որոշել էինք այլևս չհրապարակել լեգենդար հանդիպումներ, սակայն այսօր նկատեցինք, որ լրանում է Դանիա – Հայաստան լեգենդար հանդիպման 7-րդ տարեդարձը։

Այդ տարիներին, ինչպես հիշում եք, Հայաստանի հավաքականի ծաղկման շրջանն էր, երբ մեր հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ այնպիսի արդյունքներ էր գրանցում, որ եվրոպական թոփ հավաքականները սկսեցին մեզնից զգուշանալ և հաշվի նստել։

Հենց այդ տարիներն էին, երբ հավաքականում իսկապես «ոսկե սերունդն» էր հանդես գալիս։ Ծաղկման շրջանում էին Հենրիխ Մխիթարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը, Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Արթուր Եդիգարյանը և այլ ֆուտբոլիստներ, որոնց միացել էին փորձառու Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին, ովքեր նպաստեցին մեր ֆանտաստիկ արդյունքներին։

Ողբերգական Եվրո-2012-ի որակավորման փուլից հետո, մեր հավաքականը մեծ մրցաշարի մասնակցելու ևս մեկ հնարավորություն ստացավ։ Այս անգամ մեր տղաները պետք է փորձեին ուղևորվել 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մեր հավաքականը եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում ընդգրկվել էր ոչ այնքան հեշտ B խմբում, որտեղ մեր մրցակիցներն էին Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները։

Մեկնարկային խաղում մերոնք բարդագույն արտագնա խաղ անցկացրին խմբի հետնապահ Մալթայի հավաքականի դեմ՝ հաղթելով նվազագույն՝ 0։1 հաշվով։ Խաղի միակ գոլը 70-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսով։

Հաջորդ երեք խաղերում մերոնք պարտվեցին Բուլղարիայի, Իտալիայի և Չեխիայի հավաքականներին։ Այդ խաղերում մերոնք միանշանակ վատ տեսք չունեին, սակայն անընդհատ մի բան պակասում էր։ Եթե Իտալիայի դեմ պարտությունը կարելի է հասկանալ, քանի որ կարգով ակնհայտ զիջում էինք, ապա Բուլղարիայի և Չեխիայի դեմ խաղերում ակնհայտ հավասար խաղում մերոնք պարտվեցին, հատկապես ցավալի էր Չեխիայի դեմ 0։3 հաշվով տնային պարտությունը, երբ մերոնք առաջին խաղակեսում ստեղծեցին բազում գոլային պահեր՝ չկարողանալով բացել խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում չեխերը ուշք եկան՝ երեք անգամ գրավելով Ռոման Բերեզովսկու դարպասը։

Այդ խաղերից հետո մեր հավաքականը հայտնվեց բարդ իրավիճակում, և հինգերորդ տուրում իրավիճակը փրկելու հիանալի հնարավորություն կար, երբ 2013 թվականի հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պետք է մրցեր Մալթայի հավաքականի դեմ։ Այդ օրը մեր տղաները կրեցին հավաքականի պատմության ամենացավալի պարտություններից մեկը։ Հանդիպման 8-րդ րոպեին հյուրերը Մայքլ Միֆսուդի գոլի շնորհիվ առաջ անցան խաղի մեջ, ինչը սառը ցնցուղ էր մեր տղաների համար, ինչից հետո խաղի մնացած հատվածում այդպես էլ չկարողացան գոնե ոչ-ոքի փրկել։

Թվում էր՝ այդ պարտությունից հետո Հայաստանի հավաքականն ընդհանրապես թևաթափ կլինի, սակայն կայացած մյուս 5 խաղերում մեր հավաքականն ավելի շատ միավորներ վաստակեց, քան առաջին 5 խաղերում։

Մալթայի հավաքականին պարտվելուց ընդամենը 4 օր անց մեր հավաքականը պետք է հյուրընկալվեր Դանիայի հավաքականին։ Խաղը կայացավ 2013 թվականի հունիսի 11-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում։ Մինչ օրս էլ դժվար է հավատալ այն ամենին, ինչ տեղի ունեցավ այդ օրը։ Մեր հավաքականն անցկացրեց իր պատմության ամենափայլուն խաղերից մեկը և հույս ներշնչեց բոլորիս, որ մեկ օր մենք էլ հանդես կգան որևէ մեծ մրցաշարի խմբային փուլում։

Այդ օրը մերոնք հյուրընկալվելիս 0։4 հաշվով ջախջախեցին եվրոպական ամենաուժեղ հավաքականներից մեկին։ Յուրա Մովսիսյան – Հենրիխ Մխիթարյան -Արաս Օզբիլիս – Գևորգ Ղազարյան քառյակը կազմաքանդ արեց Սկանդինավյան երկրի հավաքականի պաշտպանությանը։ Յուրան դարձավ դուբլի հեղինակ, իսկ Հենոն ու Արասն աչքի ընկան մեկական անգամ։ Տպավորիչ էր հատկապես Մխիթարյանի 82-րդ րոպեին խփած գնդակը, երբ աջ եզրից Հենոն միայնակ շարժվեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ և գրավեց մրցակցի դարպասը՝ ճանապարհին շրջանցելով մրցակցի մի քանի պաշտպանների։ Այդ գոլով Հենոն հավաասարվեց Հայաստանի հավաքականի պատմության այդ ժամանակվա լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին։

Հետագայում մերոնք հաղթեցին նաև Բուլղարիայի (2։1) և Չեխիայի հավաքականներին (1:2), սեփական հարկի տակ պարտվեցին նույն Դանիայի հավաքականին (0։1), իսկ մրցաշարի վերջին խաղում հավասարը հավասարի դեմ խաղացինք Իտալիայի հավաքականի դեմ՝ կորզելով ոչ-ոքի։ Գրանցվեց 2։2 արդյունքը։

Արդյունքում, Հայաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր, սակայն դա բավարար չեղավ նույնիսկ անցումային խաղերի ուղեգիր նվաճել։ Մեր հավաքականը վաստակեց 13 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց միայն 5-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն Մալթայի հավաքականին։

Ցավոք, դրանից հետո մեր հավաքականի մոտ սկսվեց ոչ միայն խաղային, այլև ներքին ֆուտբոլային անկում, ինչն էլ նպաստեց, որ մեր հավաքականը վերադարձավ այնտեղ, որտեղից էլ բարձրացել էր այդ մակարդակին՝ ձախողելով ինչպես Եվրո-2016-ի որակավորման փուլը, այնպես էլ մունդիալ-18-ի և եվրո-2020-ի որակավորման փուլերը։ Հուսանք՝ մեկ օր մեր հավաքականի կատարմամբ կրկին նմանատիպ հաղթանակների ականատես կլինենք։

Մենք միշտ ձեր կողքին ենք տղերք ջան!!!

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023