Տեսադարան N26. Ռեալ – Բարսելոնա?

Տեսադարան N26. Ռեալ – Բարսելոնա?

03/05/2020 - 12:27

2009 թվականի մայիսի 2, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտ։ Լա լիգայի 2008/09 մրցաշրջանի 34-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունում է առաջնության առաջատար «Բարսելոնային»։

Կողմերի միջև միավորների տարբերությունը 4 միավոր է։ «Ռեալին» հաղթանակ է պետք, որպեսզի կարողանա մնալ չեմպիոնական պայքարում, քանի որ նույնիսկ ոչ-ոքին հավասարազոր կլինի պարտության, սակայն ամեն ինչ հերթով։

Այդ մրցաշրջանից առաջ կատալոնական ակումբում արմատական փոփոխություններ տեղի ունեցան։ Նախ 2007/08 մրցաշրջանը «Բարսելոնան» ամբողջությամբ ձախողեց՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Այդ տարի «Բարսան» չեմպիոն դարձած «Ռեալին» զիջեց 18 միավոր, իսկ «Վիլյառեալին»՝ 10 միավոր։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում էլ հասավ 1/2 եզրափակիչ, սակայն երկու խաղերի արդյունքում 1։0 հաշվով ճանապարհը զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կարճ ասած՝ ձախողված մրցաշրջանից հետո «Բարսայի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Ֆրենկ Ռայկարդին ՝ նրա փոխարեն նշանակելով ակումբի նախկին ավագ Պեպ Գվարդիոլային, ով արդեն հաջողությամբ աշխատում էր ակումբի երկրորդ թիմի կազմում։

Գվարդիոլան եկավ, և սկսվեց հեղափոխությունը։ Ակումբը նախ վաճառեց մի շարք առանցքային ֆուտբոլիստների՝ Ռոնալդինիոյին, Դեկուին, Էդմիլսոնին, Ջիանլուկա Ձամբրոտային, իսկ Լիլիան Թյուրամն ավարտեց խաղացողի կարիերան։ Նրանց փոխարեն ակումբը ձեռք բերեց Դանի Ալվեսին, Ալեքսանդր Հլեբին, Մարտին Կասերեսին, Սեյդու Կեյտային, իսկ Ժերարդ Պիկեին և Սերխիո Բուսկետսին Գվարդիոլան իր հետ առաջին թիմ բերեց ակումբի երկրորդ կազմից։

Մրցաշրջանի մեկնարկը այնքան էլ հաջող չստացվեց «կատպտանռնագույնների» համար։ Առաջին տուրում ակումբը նախ 1։0 հաշվով պարտվեց առաջնության նորեկ «Նումանսիային», իսկ այնուհետև ոչ-ոքի՝ 1։1 խաղաց «Ռասինգի» դեմ խաղում, սակայն դրանից հետո ակումբը տարավ 9 անընդմեջ հաղթանակ՝ գլխավորելով մրցաշարյին աղյուսակը։

«Ռեալն» իր հերթին բավականին անկայուն մրցելույթներով էր աչքի ընկնում։ Ակումբն անհասկանալի միավորներ էր բաժանում, և դա այն հերթին, երբ ակումբի ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրջ ֆուտբոլիստներ էր ձեռք բերել։ «Արքայական» ակումբ էին տեղափոխվել երիտասարդ հոլանդացիներ Կլաս-Յան Հունտելաարն ու Ռաֆայել վան դեր Վաարտը, Լասանա Դիարան, Էզեկիել Գարայը, Ռուբեն դե լա Ռեդը և այլ ֆուտբոլիստներ, սակայն նույնիսկ այդպիսի կազմով «Ռեալը» ձախողվում էր։

2008 թվականին դեկտեմբերի 8-ին կայացած «Ռեալ» – «Սևիլիա» խաղից հետո, որի շրջանակում «արքայական» ակումբը սեփական հարկի տակ 3։4 հաշվով պարտվեց, ակումբի ղեկավարությունը Բերնդ Շուստերին հեռացրեց գլխավոր մարզչի պաշտնոից՝ նշանակելով Խուանդե Ռամոսին։ Ռամոսի գլխավորությամբ ակումբի խաղը մասամբ կարգավորվեց և կայունացավ, սակայն անհաջողությունները դեռևս առջևում էին, քանի որ գարնանը ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում խայտառակ կերպով զիջեց «Լիվերպուլին»։

Առաջնության միջնամասում կատալոնական ակումբի խաղը մի փոքր խամրեց և 23-25-րդ տուրերում հաղթանակ չտարավ՝ պարտվելով երկու խաղում, ինչը թույլ տվեց «Ռեալին» ահագին կրճատել միավորների տարբերությունը։ Իրավիճակը նույնությամբ պահպանվեց մինչև 34-րդ տուր, երբ կողմերը 25-րդ տուրից սկսած մեկական ոչ-ոքի էին խաղացել։ Ինչպես արդեն նշեցինք, «Ռեալին» միայն հաղթանակ էր պետք՝ չեմպիոնական պայքարում մնալու համար, սակայն այդ օրն այն, ինչ արեց «Բարսելոնան» պարզապես անհավանական էր։ «Ռեալն» այդ խաղում ֆուտբոլ խաղաց ընդամենը 14 րոպե, երբ Գոնսալո Իգուայինը բացեց հանդիպման հաշիվը, դրանից հետո Պեպ Գվարդիոլայի սաները բոլոր ասպեկտներում ոչնչացրին «Ռեալին»՝ խփելով 6 գնդակ։ Անհավանական հանդիպում անցկացրին Լեո Մեսսին, Խավին և Թիերի Անրին։ Անրին ու Մեսսին դարձան դուբլի, իսկ Խավին՝ 4 գոլային փոխանցման հեղինակ։

Դեռևս ոչ մի ակումբի չի հաջողվել «Ռեալի» դաշտում երբևէ 6 գնդակ խփել։ Այդ խաղն ամեն ինչով հիշարժար էր, քանի որ դրանից հետո «Բարսելոնան» մեկ շաբաթ անց նվաճեց Իսպանիայի գավաթը, իսկ այդ տարվա մայիսի 27-ին՝ Չեմպիոնների լիգան՝ իշխելով ողջ եվրոպական գահին։ «Բարսան» տարին ավարտեց վեց տիտղոսով՝ նվաճելով այդ տարվա բոլոր հնարավոր տիտղոսները։ Այդ ցուցանիշով «Բարսելոնան» դեռևս միակ ակումբն է, որը հասել է նման նվաճման։ Ներկա իրականությունում դժվար է պատկերացնել, որ որևէ ակումբ կկրկնի այդ ցուցանիշը։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023