Սիթի՞, թե՞ ՊՍԺ․ այս է խնդիրը

Սիթի՞, թե՞ ՊՍԺ․ այս է խնդիրը

29/04/2021 - 14:21

Պեպ Գվարդիոլան ու Մաուրիսիո Պոչետինոն դեռ շատ բան ունեն միմյանց ապացուցելու։ Տակտիկական ֆուտբոլի այս հսկաները դեռ ֆուտբոլիստ ժամանակ են հանդիպել միմյանց, հետո տեղափոխվել եվրոպական տարբեր երկրներ, դարձել կայացած ու պահանջված մասնագետներ, սակայն «իրարից պրծում չունեն» և դա օգուտ է ֆուտբոլասերներին։

Դեռևս Տոտենհեմում աշխատելու ժամանակ Պոչետինոն հայտնի էր ճկուն մարտավարոությամբ, սակայն Փարիզում հնարավորություններն ու պահանջներն այլ են, Գվարդիոլան, ի տարբերություն մրցակցի, միշտ աչքի է ընկել «քմահաճությամբ» ու յուրաքանչյուր թիմում ձեռք է բերել գրեթե ցանկացած ֆուտբոլիստի։

Երկու թիմերն էլ իրենց գլխավոր առաջընթացն ապրել են արաբական երկրներից եկած ֆինանսական աղբյուրների հաշվին ու հիմա հասել է ժամանակն ապացուցելու, որ այն բոլոր միջոցները, որ ծախսվել են, իզուր չի եղել։ Ինչ-որ իմաստով սա երկու թիմերի ու երկու մարզիչների վերջին հնարավորությունն է նվաճել աշխարհի թիմային ամենագնահատված տիտղոսը, սակայն նրանցից միայն մեկը կարող է անել դա։

Այս ամեն ինչը ավելի լավ գիտակցում էր Պոչետինոն, ով կարող է նվաճել կարիերայում առաջին ծանրակշիռ տիտղոսը, ու դա կարող է/են լինել Չեմպիոնների լիգան և/կամ Ֆրանսիայի չեմպիոնությունը։ Սակայն մի սայթաքումը բավարար է, որ երկուսից էլ զրկվի, իսկ Գվարդիոլան, եթե նույնիսկ չհաղթի Չեմպիոնների լիգան, ունի նվազագույնը երկու արդարացում՝ Անգլիայի Լիգայի գավաթ ու Պրեմիեր լիգա (տեսականորեն դեռ նվաճված չէ, բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես կկորցնի առավելությունը)։

Այս առումով մի փոքր ավելի հանգիստ էին գործում անգլիական թիմի խաղացողները․ խաղի սկզբնամասում գնդակը հանձնեցին փարիզեցիներին, նույնիսկ գնդակ ընդունեցին, սակայն երբ մրցակիցն արդեն հանգստացել էր ձեռք բերածով ու սպասում էր պատասխան հանդիպմանը՝ դասական հնարք կիրառեցին ու նոկաուտի ենթարկեցին մրցակցին։

Այժմ իրերի դասավորությունը շատ պարզ է ու շահեկան Գվարդիոլայի թիմի համար և ոչ միայն մրցակցի դաշտում խփած գնդակների պատճառով՝ հիմա նրանք կարող են կատարել նույն հնարքը, որ կիրառեցին առաջին հանդիպման ժամանակ ու լուծեն դիմակայության ելքը։

Հեղինակ՝ Արամ Փարսադանյան

Հանդիպման առավել հանգամանալից վերլուծությունը՝ շուտով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023