Սերխիո Ագուերոն պատրաստվում է վերսկսել կարիերան

Սերխիո Ագուերոն պատրաստվում է վերսկսել կարիերան

27/02/2024 - 11:04

«Մանչեսթեր Սիթիի», «Ատլետիկո Մադրիդի», «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատրատսվում է վերսկսել կարիերան։

SPORTbible-ն գրում է, որ Ագուերոն առաջիկա օրերին սկսելու է մարզվել իր հարազատ արգենտինական «Ինդեպենդյենտեի» կազմում, որի համակարգում հանդես է եկել 1997-2006 թթ.։

Ակումբն այժմ մարզում է Արգենտինայի հավաքականում Ագուերոյի նախկին խաղընկեր Կարլոս Տևեսը։ 40-ամյա մասնագետը համաձայնել է, որ Ագուերոն մարզվի իր թիմի հետ։

Սերխիո Ագուերոն սրտի խնդիրների պատճառով կարեիրան ավարտելու մասին հայտարարեց 2021 թ. դեկտեմբերին։

Նախկին հարձակվողի սրտաբանը նույնպես հաստատել է, որ ֆուտբոլիստը առջընթաց է գրանցել և կկարողանա մասնակցել հանդիպումներին։ Չնայած դրան` Ագուերոն դեռ պետք է տարբեր հետազոտություններ անցնի։

Նշենք, որ «Ինդեպենդյենտեի» հիմնական թիմում Ագուերոն անցկացրել է 56 հանդիպում, խփել 23 գոլ։ Նա առավել հայտնի է «Մանչեսթեր Սիթիի» կազմում ունեցած մրցելույթներով։ Մանկունյական ակումբի կազմում Ագուերոն հանդես է եկել 2011-2021 թթ.` անցկացրած 390 խաղում դառնալով 260 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացի նախկին հարձակվողը «քաղաքաբնակների» պատմության լավագույն ռմբարկուն է։

Ագուերոն 2006-2011 թթ. պաշտպանել է նաև «Ատլետիկո Մադրիդի» գույները (234 խաղ, 101 գոլ և 45 գոլային փոխանցում)։

Ագուերոն նաև 41 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 101 խաղում, որի մարզաշապիկով 2021 թ. դարձել է Կոպա Ամերիկայի, իսկ 2008 թ.` օլիմպիական չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023