Սանդրո  Տոնալիին 3,5-4 տարվա որակազրկում է սպառնում

Սանդրո Տոնալիին 3,5-4 տարվա որակազրկում է սպառնում

18/10/2023 - 16:20

«Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին հայտնվել է լուրջ սկանդալի եզրին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ` հոկտեմբերի 17-ին Թուրինի դատախազությունը գրեթե 3 ժամ հարցաքննել է իտալացի ֆուտբոլիստին։

Հարցաքննության ընթացքում Տոնալին շոկային խոստովանություն է կատարել, ըստ որի, վերջինս հայտնել է, որ խաղադրույքներ է կատարել «Միլանի» հանդիպումների համար։

Իտալացի կիսապաշտպանը խաղադրույք է կատարել այն հանդիպումբերի համար, որոնց ելքի վրա անձամբ չէր կարող ազդել, այսնինքն, չի մասնակցել այդ խաղերին։

Հաղորդվում է, որ Սանդրո Տոնալին, ով 2023 թ. ամռանը «Միլանից» տեղափոխվել է «Նյուքասլ», մտադիր է եղել կրկնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլիի կիրառած պրակտիկան և խոստովանել իր մեղքն ու համագործակցել դատախազության հետ, սակայն տվյալ գործերի միջև էական տարբերություններ կան։

Եթե ապացուցվի, որ Տոնալին խաղադրույքներ է կատարել «Միլանի» հանդիպումների համար, ապա նա մեխանիկորեն կորակազրկվի 3,5-4 տարով, սակայն մեղքի խոստովանության շնորհիվ պատժի չափը կարող է երկու անգամ կրճատվել։

Խոսքը 12 ամիս ֆուտբոլից որակազրկման և ևս 6 ամիս այլընտրանքային պատժամիջոցների մասին է, ինչպես Ֆաջիոլիի դեպքում է եղել, ում 5 ամսվա որակազրկումը փոխարինվել է վեցամսյա թերապիայով։

Նշվում է, որ Տոնալին արդեն խոստովանել է, որ կախվածություն ունի մոլախաղերից։

Մեղմացուցիչ հանգամանքներն ուժի մեջ կմտնեն, եթե Տոնալիի ցուցմունքները համապատասխանեն նրանից առգրավված հեռախոսից և պլանշետից ստացված տվյալներին: Եթե ​​զգալի տարբերություններ լինեն այդ ամենում, Տոնալիի պատիժը շատ ավելի խիստ կլինի։

Ավելացնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար մեղադրվում է նաև «Աստոն Վիլլայի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն։

Հիշեցնենք, որ Սանդրո Տոնալին «Միլանի» կազմում հանդես է եկել 2020-23 թթ.` անցկացրած 130 խաղում դառնալով 7 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023