Իտալական կրքերը շարունակվում են․ Ռոման ու Սպեցիան կրկին ներկայացում էին պատրաստել🎥

Իտալական կրքերը շարունակվում են․ Ռոման ու Սպեցիան կրկին ներկայացում էին պատրաստել🎥

23/01/2021 - 19:55

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմում մրցեց «Սպեցիայի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» տիրեցին նախաձեռնությանը և 17-րդ րոպեին Բորխա Մայորալի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։

«Սպեցիայի» ֆուտբոլիստներն էլ ողջ առաջին կեսի ընթացքում ընդամենը մեկ անգամ հարվածեցին Պաու Լոպեսի դարպասի ուղղությամբ, որն էլ 24-րդ րոպեին վերածվեց գոլի․ այն գրանցվեց Ռոբերտո Պիկոլիի անվան դիմաց։

Հռոմեական ակումբը երկրորդ կեսը շատ ավելի բուռն մեկնարկեց և բավական արագ երկու անգամ գրավեց Իվան Պրովեդլի դարպասը։ Նախ 52-րդ րոպեին Մայորալն իր անվան դիմաց դուբլ գրանցեց,ապա` 55-րդ րոպեին Ռիկ Կարսդորպն ավելի մեծացրեց իր թիմի առավելությունը։

Վինչենցո Իտալյանոյի թիմը չընկճվեց, դեռ ավելին՝ 59-րդ րոպեին Դիեգո Ֆարիասը մեկ գնդակ հետ բերեց։

Երկար ժամանակ պահպանվում էր 3։2 հաշիվը, իսկ հանդիպումը հանգիստ պայքարում էր ընթանում, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։

Նախ 90-րդ րոպեին Դանիելե Վերդեն լուսատախտակին վառում է 3։3 հաշիվը և թվում էր՝ «Սպեցիայի» համար կարևոր միավոր է փրկել, սակայն «Ռոմայի» ֆուտբոլիստները համաձայն չէին այդ սցենարի հետ, քանի որ արդեն 90+2-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին հերթական անգամ առաջ է մղում իր թիմին։

Ի վերջո, «Ռոմային» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը՝ հաղթելով 4։3 հաշվով։

Պաուլու Ֆոնսեկայի սաները, ովքեր վերջին երեք պաշտոնական խաղերում հաղթանակ չէին տոնել, վերջապես ուրախացրին իրենց երկրպագուներին և վաստակած 37 միավորով` վերադարձան «մաքուր» 3-րդ հորիզոնական, իսկ «Սպեցիան», 18 միավորով, 14-րդն է։

Հունվարի 20-ին այս թիմերը մրցեցին նաև Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում։ «Սպեցիան» հյուրընկալվելիս հաղթեց 2։4 հաշվով, սակայն հետագայում «գայլերի» անվան դիմաց տեխնիկական պարտություն գրանցվեց՝ հանդիպման ընթացքում 5-ի փոխարեն 6 փոփոխություն կատարելու պատճառով։

Հավելենք, որ այս հանդիպումը վնասվածքի պատճառով «Ռոմայի» կազմում բաց թողեց Հենրիխ Մխիթարյանը։

P.S. Չենք մոռանում միանալ մեր Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023