Վինիսիուս․ «Մրցաշրջանի լավագույն պահն էր»

Վինիսիուս․ «Մրցաշրջանի լավագույն պահն էր»

07/04/2021 - 18:53

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել նաև հանդիպման հերոսներից մեկը՝ Վինիսիուս Ժունիորը, ով երկու անգամ գրավեց Ալիսոն Բեկերի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։

«Հիանալի հաղթանակ էր․ մրցաշրջանի լավագույն պահն էր։

Դո՞ւբլը։ Մարդիկ իմ մասին շատ են դրդում խոսում, ինչն ինձ անհրաժեշտ ուժ է տալիս, որպեսզի կարևոր պահերին գոլեր խփեմ։

Մենք մրցակցին թույլ չտվեցինք որևէ վտանգ ստեղծել մեր դարպասի ուղղությամբ և պետք է խաղանք այնպես, ինչպես այս խաղում։

Տոնի Կրոսը բարձր մակարդակի խաղացող է․ ոչ ոք չի կարող խաղալ նրա պես։ Երախտապարտ եմ նրան գոլային փոխանցման համար։

Ես շատ եմ աշխատել և մշտապես երազել եմ խաղալ «Ռեալում»։ Կարծում եմ՝ ակումբի, ընտանիքի և խաղալու ցանկության շնորհիվ ես միշտ անում եմ լավագույնը մեր երկրպագուների համար։

Գրեթե ոչինչ չի փոխվել, քանի որ «Լիվերպուլը» հաջորդ խաղում էլ է դուրս գալու հաղթանակի համար։

Գնահատե՞մ հոգնածությունս 0-ից 10 բալային համակարգով։ 10»,- նշել է Վինիսիուսը, ում խոսքերը փոխանցում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Լիվերպուլի» դարպասն ուղարկած այդ երկու գոլերի շնորհիվ դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում «Ռեալի» կազմում երբևէ գոլի հեղինակ դարձած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա հանդիպման օրը  20 տարեկան և 268 օրական էր։

Այդ ցուցանիշով նա զիջում է միայն «Ռեալի» լեգենդար նախկին հարձակվող Ռաուլին, ով 1995/96 մրցաշրջանի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ կայացած առաջին խաղում գոլի հեղինակ է դարձել 18 տարեկան և 253 օրական հասակում՝ օգնելով իր թիմին հաղթել 1։0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023