Ռեալն ու Բարսելոնան ցանկանում են մրցաշրջանն ավարտին հասցնեն  պահեստային մարզադաշտերում

Ռեալն ու Բարսելոնան ցանկանում են մրցաշրջանն ավարտին հասցնեն պահեստային մարզադաշտերում

23/04/2020 - 17:20

Բազմաթիվ վեճերից հետո Իսպանիայում տեղի ֆեդերացիան և Լա լիգայի ղեկավարությունն ի վերջո որոշում են կայացրել ավարտին հասցնել դադարեցված առաջնությունը։ Սպասվում է, որ Լա լիգան կվերսկսվի մայիսի 29-ին, սակայն հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների ներկայության։

Վերջին օրերին իսպանական ԶԼՄ-ներում տեղեկություններ սկսեցին տարածվել, որ «Ռեալը» մրցաշրջանը պատրաստվում է ավարտին հասցնել պահեստային մարզադաշտում, որը կրում է Ալֆրեդո դի Ստեֆանոյի անունը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Լա լիգայի ղեկավարությունն այդ որոշմանը տվել է իր հավանությունը։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ևս մտադիր է ժամանակվորապես տեղափոխվել այլ մարզադաշտ։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ցանկանում է հանդես գալ «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում, որտեղ իր հանդիպումներն է անկացնում «Բարսելոնա Բ»-ն։

Նման որոշում կայացնելու տրամաբանությունը պարզ է․ եթե հանդիպումներն անցկացնվելու են փակ դռների հետևում, ավելի լավ է հանդես գալ փոքր մարզադաշտում։ Բացի դրանից՝ այդ մարզադաշտերը գտնվում են երկու ակումբների մարզաբազաների մոտ, ինչը կնպաստի ակումբների տեղաշարժման նվազմանը և ավելի կնվազեցնի նաև վարակման հավանականությունը։

Սակայն, խնդիրն այն է, որ երկու ակումբներն էլ թույլտվություն պետք է ստանան ոչ միայն Լա լիգայից, այլև ՈՒԵՖԱ-ից։ Այդ հարցում «Բարսելոնան», հնարավոր է, բախվի խնդիրների։

Ի տարբերություն կատալոնական ակումբի՝ մադրիդյան ակումբը մարզադաշտը փոխելու հարգելի պատճառ ունի։ «Արքայական» ակումբի հիմնական մարզադաշտի՝ «Սանտիագո Բերնաբեուի» վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են, և եթե ամեն ինչ ընթանա ըստ սցենարի, ապա ամռանն այնտեղ պետք է տեղի ունենան զանգվածային շինարարական աշխատանքներ։ Նախորդ շաբաթ արդեն սկսվել է մարզադաշտի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Սպասվում է, որ մարզադաշտն ամբողջությամբ պատրաստ կլինի սեպտեմբերից ոչ շուտ։

Նշվում է, որ «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտի խոտածածկի չափերը համընկնում է «Սանտիագո Բերնաբեուի» հետ, և խաղացողները ստիպված չեն լինի հարմարվել նոր պայմաններին։ Այդ մարզադաշտում հանդես է գալիս «Ռեալի» պահեստայինների թիմը՝ «Կաստիլիան», ինչը նշանակում է, որ ակումբի մարզադաշտը լավ ծանոթ է ակումբի սաներին։

«Բարսելոնան» նույնպես ծրագրում է վերանորոգել հիմնական՝ «Կամպ Նոու» մարզադաշտը, որը հետագայում հնարավոր է կոչվի «Էսպայի Բարսա»։ Սպասվում է, որ մարզադաշտի տարողունակությունը նույնպես կավելանա՝ 99 հազարից հասնելով 105 հազարի, սակայն կատալոնական ակումբի ծրագրերը դեռևս այդքան հեռուն չեն գնում, ինչպես մադրիդցիներինը։

Եթե Լա լիգան և ՈՒԵՖԱ-ն ակումբներին թույլատրեն հանդես գալ այդ մարզադաշտերում, ապա դրանք պետք է հարմարեցվեն Լա լիգայի չափանիշներին։ Ակումբները պետք է ապահովեն հեռարձակման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով և տեղադրեն VAR-համակարգի բոլոր սարքավորումները։ Այդ դեպքում թիմերը մրցաշրջանի մնացած հատվածի 5-6 հանդիպում կանցկացնեն պահեստային մարզադաշտերում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023