Ռեալը չի կարողանում վաճառել Բեյլին

Ռեալը չի կարողանում վաճառել Բեյլին

28/05/2020 - 13:30

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, ամռանը չի լքի Իսպանիայի մայրաքաղաքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը երկար ժամանակ որևէ առաջարկ չի ստացել խաղացողի վերաբերյալ։ Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, որ «Նյուքասլը» պատրաստ է ձեռք բերել ուելսցի հարձակվողին, սակայն մինչև այժմ որևէ առաջարկով հանդես չի եկել։

Հիմնական պատճառներից մեկը, որ «Նյուքասլը» դեռևս որևէ առաջարկով հանդես չի եկել այն է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը չի կարողանում այդ գործարքն ավարտին հասցնել։ Խոսակցություններ կան, որ գործարքը նույնիսկ վտանգի տակ է և կարող է չկայանալ։

«Ռեալի» ղեկավարությունն իր հերթին հուսով է, որ Գարեթ Բեյլը կվերադառնա իր նախկին մարզավիճակին և կսկսի արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել։ Նշվում է, որ վինգերը լավ հարաբերություններ չունի ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ Նախորդ ամռանը ֆրանսիացի մասնագետը հրապարակավ հայտարարեց, որ Բեյլի հետ որևէ հույսեր չի կապում, սակայն չինական ակումբներից մեկի հետ բանակցությունները վերջին պահին անսպասելիորեն ձախողվեցին։

Ընթացիկ մրցաշրջանում Զիդանը գրեթե խաղաժամանակ չի տրամադում Բեյլին՝ նրան հաճախ դուրս թողնելով նույնիսկ հայտացուցակից։ Նախքան առաջնության դադարը կայացած վերջին երեք հանդիպումներում Գարեթ Բեյլը գեթ մեկ րոպե խաղաժամանակ չի ստացել։ Ենթադրվում է, որ այդ քայլով Զինեդին Զիդանը ցանկանում էր հերթական անգամ ցույց տալ, որ որևէ հույս չի կապում Բեյլի հետ, սակայն վինգերը ներկայումս որևէ խնդիր չունի․ ակումբի հետ անցկացրել է վերջին 14 մարզումները և չունի որևէ վնասվածք։ Բացի դրանից, նշվում է, որ նա այժմ գործին ավելի լուրջ է մոտենում, քան ամիսներ առաջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ Բեյլը լավ մարզավիճակում է, իսկ ակումբի ներսում հուսով են, որ Զիդանը նրան կրկին հնարավորություն կտա։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը Լա լիգայի շրջանակում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023