Ռայո Վալեկանոն խոշոր անակնկալ մատուցեց` հիանալի խաղով հաղթելով Ռեալ Մադրիդին🎥

Ռայո Վալեկանոն խոշոր անակնկալ մատուցեց` հիանալի խաղով հաղթելով Ռեալ Մադրիդին🎥

08/11/2022 - 02:00

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

Կարելի է ասել` «Ռայոյի» ֆուտբոլիստները հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ 5-րդ րոպեին տանտերերի կազմից հաշիվը բացեց Սանտի Կոմենասան։

«Արքայական» ակումբը կարողացավ բավական արագ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. 37-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Լուկա Մոդրիչը, իսկ 41-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո` Էդեր Միլիտաոն։

Այդուհանդերձ, նախքան ընդմիջում Անդոնի Իռաոլայի սաները հավասարեցրին հաշիվը. 44-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալվարո Գարսիան։

Երկրորդ կեսի մեկնարկում ու միջնամասում «Ռայոն» ուներ տարածքային ու շոշափելի առավելություն, իսկ «Ռեալի» խաղում չկար բացարձակ սրություն։

65-րդ րոպեին «սերուցքայինների» աջ պաշտպան Դանի Կարվախալը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան 11-մետրանոց նշանակեց արդեն «Ռեալի» դարպասին։

Գնդակին մոտեցավ Օսկար Տրեխոն, ում հարվածից հետո Տիբո Կուրտուան հետ մղեց գնդակը, սակայն Մունուերան վերանշանակեց 11-մետրանոցը, քանի որ բելգիացի դարպասապահը նախքան հարվածն առաջ էր եկել դարպասայի գծի վրայից։

Բացի դրանից, Կարվախալը հարվածից առաջ ժամանակից շուտ ներխուժել էր սեփական տուգանային հրապարակ։

Նշակետին կրկին մոտեցավ Տրեխոն, ով այս անգամ դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 3:2։

Բաց թողած երրորդ գոլից հետո «Ռեալի» խաղում գործնականում ոչնինչ չփոխվեց։

Ճիշտ է` Կառլո Անչելոտիի թիմը գնդակին սկսեց ավելի շատ տիրել, սակայն հարձակման գծում ոչնինչ չէր ստացվում։

«Պապա Կառլոն» մի շարք փոփոխություններ կատարեց, որոնք նույնպես ոչինչ չտվեցին։

Պետք է նշենք, որ երկրորդ խաղակեսում «Ռեալի» ֆուտբոլիստները չկատարեցին ոչ մի դիպուկ հարված «Ռայո Վալեկանոյի» դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Ի վերջո, «Ռայո Վալեկանոն» պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 3:2 հաշվով։

Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 21 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։

«Ռեալն» էլ, Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում կրելով առաջին պարտությունը, մնաց 32 միավորով և 13-րդ տուրից հետո նահանջեց 2-րդ հորիզոնական։

Մրցաշարային աղյուսակը, 34 միավորով, գլխավորում է «Բարսելոնան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023