ՊՍԺ-ի և Տուխելի միջև այդպես էլ  չձևավորվեց  քիմիա․ ինչո՞ւ հեռացրին գերմանացի մասնագետին

ՊՍԺ-ի և Տուխելի միջև այդպես էլ չձևավորվեց քիմիա․ ինչո՞ւ հեռացրին գերմանացի մասնագետին

28/12/2020 - 11:25

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ն գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Թոմաս Տուխելին, ինչը ֆուտբոլային հանրության շրջանակում մի փոքր անսպասելի որակվեց, քանի որ փարիզյան ակումբը դրանից մեկ օր առաջ Լիգա 1-ի 17-րդ տուրի շրջանակում 4։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Ստրասբուրգի» նկատմամբ, իսկ դեռևս 4 ամիս առաջ հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ընդ որում՝ իրադարձությունների նման ընթացքն ավելի անսպասելի էր դարձնում այն փաստը, որ գերմանացի մասնագետը 2020 թվականի մայիսին նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ, սակայն մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

«Փարիզի» ղեկավարությունը մրցաշրջանի ընթացքում վերջին անգամ գլխավոր մարզչին հեռացրել էր 2011 թվականին։ Այդ ժամանակ ակումբի սպորտային տնօրենը նույնպես Լեոնարդոն էր, ով պաշտոնանկ արեց Անտուան Կոմբուարեին։

2011 թվականի դեկտեմբերին ՊՍԺ-ն արդեն դուրս էր մնացել Ֆրանսիայի Լիգայի գավաթից ու Եվրոպա լիգայի խմբային փուլից, սակայն ընթանում էր Լիգա 1-ի առաջին հորիզոնականում և վերջին 17 տարվա ընթացքում հավակնում էր դառնալ Ֆրանսիայի չեմպիոն։

Ի վերջո, Կոմբուարեին փոխարինեց Կառլո Անչելոտին, սակայն ՊՍԺ-ին չհաջողվեց պահպանել առաջատարությունը, իսկ չեմպիոն դարձավ համեստ «Մոնպելյեն», որը նվաճում էր առաջին չեմպիոնական տիտղոսը։

Այժմ վերադառնանք մեր օրեր։ 2011/12 մրցաշրջանի համեմատ «Պարի Սեն-Ժերմենի» մոտ լրիվ այլ իրավիճակ է, քանի որ ակումբն անցնող տարիներին բավականին աճ է գարնցել՝ դառնալով թոփ ակումբ։

2019/20 մրցաշրջանը տարօրինակ ստացվեց փարիզեցիների համար, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Լիգա 1-ի հերթական խաղարկությունը մնաց անավարտ 28-րդ տուրից հետո, և քանի որ հենց ՊՍԺ-ն էր այդ պահին առաջնության առաջատարը, ակումբը երրորդ տարին անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ ՊՍԺ-ն վերջին հանդիպումն անցկացրեց մարտի 9-ին, ինչից հետո հաջորդ պաշտոնական հանդիպմանը սպասեց ավելի քան 5 ամիս, երբ օգոստոսի 12-ին Լիսաբոնում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում մրցեց «Ատալանտայի» դեմ։

«Փարիզը» հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այն կայացավ օգոստոսի 23-ին, ինչից հետո ակումբը հանգստացավ ընդամենը երկու շաբաթ և ստիպված էր արդեն սեպտեմբերի 10-ին սկսել Լիգա 1-ի նոր՝ 2020/21 մրցաշրջանը։

Ակնհայտ է, որ Թոմաս Տուխելից «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությունը դժգոհելու որոշակի տեղիք ուներ, քանի որ ակումբն առաջնության շրջանակում պարտվեց «Մարսելին», «Մոնակոյին», «Լիոնին», իսկ «Լիլին» չկարողացավ հաղթել, դեռ ավելին՝ պետք է գոհ լինի, որ չպարտվեց։ Այսինքն, առաջնության շրջանակում հիմնական մրցակիցների հետ ընթացիկ մրցաշրջանում, մեղմ ասած, լավ հանդես չի գալիս։

Սակայն, նույնիսկ նման սցենարով ընթացքող մրցաշրջանում ՊՍԺ-ի գործերն այնքան էլ վատ չեն․ ակումբը Չեմպիոնների լիգայի «մահվան» խմբից փլեյ-օֆֆ դուրս եկավ 1-ին տեղով, իսկ Լիգա 1-ում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիոնին» զիջելով ընդամենը 1 միավոր, իսկ անկայուն մրցելություներն ունեն իրենց օբյեկտիվ պատճառները։

Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի պատճառով փարիզյան ակումբը, ի տարբերություն հիմնական մրցակցիների, 2020/21-ը մրցաշրջանը սկսեց գրեթե առանց միջմրցաշրջանային հատվածի, ինչի հետևանքն էլ եղան բազմաթիվ վնասվածքները։

Նեյմարը, Կիլիան Մբապեն, Անխել դի Մարիան և մի շարք այլ ֆուտբոլիստներ առաջնության մեկնարկը կորոնավիրուսի պատճառով բաց թողեցին, ինչից հետո տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։ Նեյմարը հիմա էլ վնասվածք ունի, որից ապաքինվում է, Մբապեն նոր է ապաքինվել, սակայն դեռևս լավ մարզավիճակում չէ, իսկ Անխել դի Մարիան վաղուց երիտասարդ չէ և չի կարող նույն ինտենսիվությամբ մի քանի անընդմեջ հանդիպում անցկացնել։

Աշնանը Թոմաս Տուխելը մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում նշեց․

«Մենք շատ ֆուտբոլիստներ կորցրինք, որոնք հեռացան ազատ գործակալի կարգավիճակով, այդ պատճառով էլ այս կազմից պետք չէ սպասել այն, ինչ նախորդ մրցաշրջանում»։

Եվ, իրոք, Թոմաս Տուխելն իրավացի է, քանի որ ակումբից հեռացան Տիագո Սիլվան, Էդինսոն Կավանին, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, Նյանզու Կուասին, Թոմա Մենյեն։ Այս խաղացողների հետ ակումբը, պարզապես, չերկարաձգեց պայմանագրերը, և նրանք ազատ գործակալի կարգավիճակով հեռացան ակումբից, իսկ նրանցից շատերը Տուխելի համար կարևոր ֆուտբոլիստներ էին։ Հատկապես լուրջ կորուստ էր Տիագո Սիլվայի ու Էդինսոն Կավանիի հեռանալը, որոնց համարժեք փոխարինող ակումբը ձեռք չբերեց։

Ամեն դեպքում, կարծես թե, Թոմաս Տուխելի հեռացման պատճառը խաղային խնդիրները չեն եղել։ Ակնհայտ էր, որ Տուխելի ու ՊՍԺ-ի միջև այդպես էլ չձևավորվեց քիմիա։

Ինչպես հաղորդում է RMC ռադիոկայանը, 48-ամյա մասնագետի հեռացման պատճառը եղել է «ոչ բավարար ազդեցությունը թիմի վրա և առանձհանատուկ գործելաոճն ու շփման ձևը»։

Այն, որ մարզիչն ու ակումբը չէին համապատասխանում միմյանց, հասկանում էր նաև Տուխելը և նա չէր ցանկանում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում էր 2021 թվականի ամռանը։

Իր պաշտոնանկությունից մեկ օր առաջ Տուխելը Sport 1-ին հարցազրույց տվեց, որում նա բողոքում էր փարիզյան ակումբում աշխատելու առանձնահատկություններից․

«Եթե անկեղծ, առաջին 6 ամիսների ընթացքում ես ինքս ինձ հարնցում էի․ «Ես դեռևս մարզի՞չ եմ, թե՞ արդեն քաղաքական գործիչ կամ սպորտի նախարար։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի իմ աշխատանքը նման ակումբում»։ Եվ ես հասկացա, որ պարզապես ցանկանում եմ մարզել։

Վստահ եմ, որ հենց այդ պատճառով էլ դարձել եմ մարզիչ, և ես դեռ կարող եմ ամենուրեք զբաղվել իմ սիրած գործով, որտեղ կա գոնե կես դաշտ և DVD-նվագարկիչ, որպեսզի կարողանամ նայել տեսանյութեր՝ վերլուծելով մրցակիցներին։ Ես սիրում եմ ֆուտբոլը և հաճույք եմ ստանում իմ աշխատանքից։

Երբեմն մեր աշխատանքը շատ պարզ է, իսկ երբեմն՝ այն լուրջ մարտահրավեր է դառնում, քանի որ այնպիսի ակումբում, ինչպիսին ՊՍԺ-ն է, մշտապես կան մի քանի ազդեցիկ ուժեր, և նրանցից ոչ բոլորն են գործում ակումբի շահերից։ Ես սիրում եմ ֆուտբոլը, սակայն ոչ միշտ է խնդիրը ֆուտբոլը լինում»։

Ակնհայտ է, որ Տուխելն ակնկարկում էր ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյին։ Նրանք դեռևս վաղուց էին վիճել, ինչի հիմնական պատճառը եղել է ակումբի կադրային քաղաքականությունը, իսկ բրազիլացի ֆունցկիոներին հունից հանել էր Տուխելի՝ ազատ գործակալների մասին կատարած հայտարարությունը, ինչից հետո նրանց կոնֆլիկտը աստիճանաբար հանրայնացվեց։

«Ինձ և «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությանը դուր չի եկել այն, ինչ Թոմաս Տուխելն ասել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։ Մենք ցանկանում ենք աշխատել այն մարդկանց հետ, ովքեր երջանիկ են ՊՍԺ-ում։ Եթե դուք որոշել եք մնալ ակումբում, ապա հարգեք մեր որոշումները։ Հաշվի առնելով Տուխելի հայտարարության ենթատեքսը՝ այն, մեղմ ասած, սազական չէ նրան»,- նշել է Լեոնարդոն Տուխելի արած հայտարարությունից հետո։

Լեոնարդոն, միանշանակ, ակնարկում է նաև ակումբի՝ առաջնության շրջանակում վատ մեկնարկը, սակայն, GetFrenchFootballNews-ը գրում է, որ Թոմաս Տուխելն ակումբի հանդերձարանում անչափ լավ հեղինակություն է ունեցել։

Վերոնշյալ փաստարնկները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Թոմաս Տուխելը ֆուտբոլիստների հետ որևէ կոնֆլիկտ չի ունեցել, դեռ ավելին՝ նա շատ հարգված է եղել նրանց շրջանակում։ Տուխելի խնդիրը եղել է Լեոնարդոյի և ակումբի ղեկավարության հետ։ Հենց այդ պատճառով էլ նրա ու ՊՍԺ-ի միջև ոչ մի կերպ չձևավորվեց քիմիա, ինչն էլ հանգեցրեց վաղաժամ հեռացման։ Նրանց գաղափարները չէին համապատասխանում։ Տուխելը ցանկանում էր, որ ակումբը մի շարք ֆուտբոլիսների պահի իր շարքերում, ինչի մասին բառացի հասկացնում էր ՊՍԺ-ի ղեկավարությանը և նշում, որ առանց նրանց պետք չէ սպասել այն նույն արդյուքները, որը փարիզեցիները գրանցեցին նախորդ մրցաշրջանում։ Լեոնարդոն էլ այդ ամենը դիտարկում էր որպես ուղիղ քննադատություն ակումբի ղեկավարությանը։ Բացի դրանից, ՊՍԺ-ն խոշոր ներդրումներից հետո այդպես էլ չսովորեց ունենալ համբերություն և սպասել, որ կոնկրետ որևէ մարզիչ կհավաքի իր ընտրյալներին, որոնց հետ էլ կապահովի արդյունք։ Եթե Տուխելը կարողոնում էր իր բռի մեջ պահել այնպիսի աստղերի, ինչիսիք էին Նեյմարը և Կիլիան Մբապեն, ապա նա շատ կարճ ժամանահատվածում կկարողանար նաև մեծ բարձրունքների հասնցել ակումբին։ Յուրաքանչյուր մարզիչ չէ, որ կարողանում է գլուխ հանել աստղերի հետ աշխատելուց, իսկ Տուխելն ուներ այդ խարիզման։

ՊՍԺ-ի ղեկավարները կարծում են, որ իրենց կայացրած ցանկացած որոշում մարզիչները պետք է ընդունեն հալած յուղի պես, բայց, արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ, քանի որ Թոմաս Տուխելը հստակ գաղափարներով էր եկել Փարիզ և ցանկանում էր իրագործել դրանք, սակայն նրան խանգարողներ կային։

Նշվում է, որ Տուխելն արդեն աշխատանքի առաջարկներ ունի «Արսենալից» և «Մանչեսթեր Յունայթեդից» և վստահ ենք, որ նա երկար չի մնա գործազուրկների ակումբում։

Արդեն հայտնի է, թե ով է լինելու ՊՍԺ-ի հաջորդ մարզիչը։ Ճիշտ է՝ դեռևս փարիզյան ակումբը պաշտոնապես չի հայտնել սրա մասին, սակայն ակնհայտ է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելին փոխարինելու է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։

Բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ և առանձին լրագրողներ արդեն հաստատում են, որ Պոչետինոն արդեն 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Փարիզի» ղեկավարության հետ։ Կողմերն այժմ քննարկում են կնքվելիք պայմանագրի մանրուքներն ու տրանսֆերային հարցերը։

Մաուրիսիո Պոչետինոյի նշանակման հարցում կա մի հանգամանք․ նրա թեկնածությունն առաջարկել է ոչ թե Լեոնարդոն, այլ ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին։ Մի՞թե Պոչետինոյի ձախողման դեպքում Լեոնարդոն այժմ էլ մեղադրելու ակումբի նախագահին։ Այս ու շատ այլ հարցերի պատասխաններ կստանանք, մի քանի տարի անց․․․

Ամեն դեպքում, Պոչետինոյին վաղուց էինք ցանկանում տեսնել մի այնպիսի ակումբի ղեկին, որը կկարողանա կատարել նրա տրանսֆերային պահանջները։ Մնում է՝ չխանգարի այն հանգամանքը, որ արգենտինացի մարզիչը տիտղոսներ նվաճելու հարցում այդքան էլ փորձառու չէ, սակայն գոնե թե Լիգա 1-ը սինխրոն կերպով ՊՍԺ-ն պարտավոր է նվաճել։

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023