Պոլ Պոգբան, հնարավոր է, բաց թողնի ԱԱ-2022-ը

Պոլ Պոգբան, հնարավոր է, բաց թողնի ԱԱ-2022-ը

28/07/2022 - 15:40

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան, հնարավոր է, բաց թողնի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը։

Բանն այն է, որ ԱՄՆ-ում անցկացվող շրջագայության շրջանակում կայացած մարզումներից մեկի ժամանակ ֆրանսիացի կիսապաշտպանը ցավ է զգացել աջ ծնկի շրջանում, ինչից հետո լրացուցիչ բուժզննում է անցել և պարզվել է, որ մենիսկի վնասվածք է ստացել։

«Բյանկոներիները» նույնիսկ հայտնեցին, որ վնասվածքի հետագա բարդացումներից խուսափելու համար անհրաժեշտ կլինի նաև վիրահատական միջամտություն, իսկ ապաքինումը կտևի նվազագույնը մոտ 2 ամիս։

Այդուհանդերձ, Football Italia-ի տեղեկություններով, 29-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, և նա, ԱՄՆ-ում վիրահատվելու փոխարեն, մեկնել է Իտալիա։

Խնդիրն այն է, որ այս վնասվածքի բուժման երկու հիմնական մոտեցում կա, և դրանցից մեկը կարող է տանել նրան, որ Պոգբան բաց կթողնի ԱԱ-2022-ը:

Տարբերակներից մեկն այն է, երբ մենիսկի մի մասը հեռացվում է, ինչը Պոգբային շարքից դուրս կթողնի 40-60 օրով: Այնուամենայնիվ, այդ տարբերակն ընդհանուր առմամբ ավելի հարմար է երիտասարդ խաղացողների համար, քանի որ դա ազդում է ծնկի շարժունակության վրա:

Մեկ այլ տարբերակ է վնասվածքը կարելը, սակայն դրա հետևանքով Պոգբան կբացակայի ոչ թե 2, այլ 4-5 ամիս՝ ստիպելով նրան բաց թողնել աշխարհի առաջնությունը։

Նշենք, որ դեռևս պարզ չէ, թե վնասվածքի ապաքինման, որ տարբերակն է ընտրել ֆրանսիացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Պոլ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով 6 տարի անց վերադարձավ «Յուվենտուս»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023