Պոլ Պոգբային 2-4 տարվա որակազրկում է սպառնում

Պոլ Պոգբային 2-4 տարվա որակազրկում է սպառնում

06/10/2023 - 17:39

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան լուրջ խնդրի առջև է կանգնել։

Սույն թվականի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆուտբոլիստը դրական դոպինգ թեստ է հանձնել։ Դոպինգ ստուգման արդյունքում պարզ էր դարձել, որ Պոգբան գերազանցել է տեստոստերոնի սահմանված չափաբաժինը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը կրկնակի դոպինգ փորձաքննություն էր պահանջել, որը, ինչպես հայտնում է Sky Sports Italia-ն, կրկին դրական է եղել։

Աղբյուրի փոխանցմամբ` այժմ Պոգբային 2-4 տարվա որակազրկում է սպառնում։

Որակազրկման հաստատման դեպքում «Յուվենտուսն» իրավունք ունի խզել Պոգբայի պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Նման զարգացման դեպքում «բյանկոներիները» կխնայեն մոտ 30 մլն եվրո գումար։

Թուրինյան ակումբը կարող է նաև կասեցնել նրա աշխատավարձի վճարումը։ Տվյալ դեպքում «զեբրերը» Պոգբային կվճարեն միայն սահմանված նվազագույն աշխատավարձը, որը 39 հազար եվրո է։

Հնարավորություն կա նաև, որ եթե Պոլ Պոգբան ընդունի իր մեղքը, ապա կկրի դատախազի կողմից սահմանված պատժի միայն 50%-ը։ Այսինքն, եթե դատարանը որոշի, որ նա որակազրկվում է 2 տարով, ֆրանսիացի ֆուտբոլիստը պատիժը կլինի 1 տարի։

Ավելի վաղ` սեպտեմբերի 11-ին, Իտալիայի հակադոպինգային մարմինը որոշել էր ժամանակավորապես որակազրկել Պոգբային։

Հավելենք, որ 30-ամյա ֆուտբոլիստն իտալական Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 2 հանդիպման` դաշտում անցկացնելով 52 րոպե։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023