ՉԼ․ ի՞նչ վիճակում են թիմերը մոտենում պատասխան հանդիպումներին

ՉԼ․ ի՞նչ վիճակում են թիմերը մոտենում պատասխան հանդիպումներին

10/03/2020 - 22:57

Այսօր և վաղը կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի չորս պատասխան հանդիպումներ։ Ֆուտբոլը ֆուտբոլ, սակայն ողջ Եվրոպան կորոնավիրուսի ցավով է տառապում, այդ իսկ պատճառով կայանալիք չորս հանդիպումներից երկուսը կանցկացվեն առանց հանդիսականների։ Բայց, ինչպես ասում են, ամեն մարդ իր դարդին, ինչպես ուռին ու բարդին․․․ փորձենք հասկանալ, թե ինչ վիճակում են թիմերը մոտենում այս խաղերին և գնահատենք հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները։

«Վալենսիա» – «Ատալանտա» 10․03, 23։55

«Վալենսիան» ոչ մի կերպ չի կարողանում կայունացել խաղը և անընդհատ միավորներ է բաժանում իսպանական Լա լիգայի շրջանակում։ Դիմակայության առաջին խաղից հետո «չղջիկները» երեք հանդիպում են անցկացրել ներքին առաջնությունում՝ տանելով մեկ խաղթանակ, մեկական խաղ էլ պարտվել են և ավարտել են ոչ-ոքի։ Իսպանական ակումբն այս պահին 42 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ պայքարելով եվրագավաթային ուղեգրերի համար։

Ալբերտ Սելադեսը լուրջ խնդիրներ ունի կազմի հետ կապված։ Խաղը տարբեր պատճառոերով բաց են թողնելու Էզեկիել Գարայը, Մաքսի Գոմեսը, Էլյաքիմ Մանգալան, Քրիստիանո Պիչինին, Գաբրիել Պաուլիստան, իսկ Ռոդրիգոյի և Ֆրանսիս Կոկլեի մասնակցությունը հարցականի տակ է, սակայն ֆրանսիացի կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է մասնակցի հանդիպմանը։

Այնպես է ստացվել, որ «Ատալանտան» դիմակայության առաջին խաղից հետո անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում։ Այդ ամենը պայմանավորված է Իտալիայում ահագնացած կորոնավիրուսով, սակայն այս իրավիճակը կարող է իտալական ակումբի կողմից լինել, քանի որ վերջին 9 օրվա ընթացքում հանգստացել են։ Այդ մեկ խաղում էլ Ջամպիերո Գասպերինիի սաները «Լեչչեին» հյուրընկալվելիս հաղթել են 2։7 հաշվով։ Բերգամոն ներկայացնող ակումբն արդեն երրորդ անգամ է մրցակիցների դարպասն ուղարկում 7 գնդակ։

Ջամպիերո Գասպերինիի թիմն այս խաղին մոտենում է մարտական կազմով։ Մեկնարկային կազմից որևէ խաղացող հանդիպումը բաց չի թողնելու։

Այս խաղը, ինչպես գիտեք, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ անցկացվելու է առանց հանդիսականները։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ Այս որոշմանը խթանեց նաև այն, որ «Վալենսիայի» երկրպագուներից մեկը ներկա լինելով դիմակայության առաջին հանդիպմանը` վարակվել էր կորոնավիրուսով։ Հետագայում պարզվեց, որ Միլանը կորոնավիրուսի ամենամեծ օջախներից մեկն է։ Մինաշանակ խաղի հետաքրքրությունը, էմոցիոնալ կողմը շատ կորում է, երբ խաղերն անցկացվում են առանց հանդիսականների, սակայն մարդկային կյանքի հետ կատակ անել չի կարելի։

Դիմակայության առաջին խաղում «Ատալանտան» ապացուցեց, որ կատարողականության և ավելի խելացի խաղացողներ ունենալու հաշվին է գերազանցել մրցակցին, այլ ոչ թե խաղային, քանի որ առաջին խաղում «Վալենսիան» պակաս լավ տեսք չուներ և նույնիսկ xG-ով գերազանցեց մրցակցին, սակայն Ալբերտ Սելադեսի սաներն անհասկանալիորեն վրիպում են գերնպաստավոր դիրքերից։

Կարելի է ասել՝ այսօրվա խաղում գրեթե ամեն ինչ «Վալենսիայի» դեմ է։ Առաջին դեմ փաստարկը դատարակ «Մեստալիա» մարզադաշտն է։ Ինչպես գիտեք՝ «Վալենսիայի» կարգի թիմերը սեփական հարկի տակ լրիվ այլ ֆուտբոլ են ցուցադրում, իսկ հյուրընկալվելիս՝ լրիվ այլ։ Երկրորդ՝ Ալբերտ Սելադեսը կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Հանդիպումը միանաշանկ բաց են թողնելու թիմի երեք հիմնական կենտրոնական պաշտպանները և այդ դիրքում չգիտենք, թե ում կխաղացնի երիտասարդ մասնագետը։ Խաղը բաց կթողնի նաև ակումբի հիմնական գոլահար, փորձառու հարձակվող Ռոդրիգո Մորենոն։ Կբացակայի նաև հարձակման գծում Ռոդրիգոյի խաղընկեր Մաքսի Գոմեսը, ում խաղից շատ բան է կախված։ Այսպիսի պարագայում դժվար է պատկերացնել, որ իսպանական ակումբին կհաջողվի comeback գրանցել և դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ «Վալենսիան» միանշանակ ի զորու է գոլեր խփել, բայց արդյո՞ք այդպիսի պաշտպանությունով կհաջողվի գոլեր բաց չթողնել, իսկ այսպիսի պարագայում ամենակարևորը գոլ բաց չթողնելն է։ Կարճ ասած՝ հաջորդ փուլում պայքարը կշարունակի «Ատալանտան»։

Հավանական մեկնարկային կազմեր

«Վալենսիա» – Յասպեր Սիլեսեն, Դանիել Վասս, Ֆրանսիս Կոկլեն, Մուխթար Դիակաբի, Խոսե Լուիս Գայա, Ժեֆրեյ Կոնդոգբիա, Դենիս Չերիշև, Դանի Պարեխո, Կառլոս Սոլեր, Ֆերան Տոռես, Կևին Գամեյրո

«Ատալանտա» – Պիերլուիջի Գոլինի, Խոսե Լուիս Պալոմինո, Մաթիա Կալդարա, Մարտեն դե Ռուն, Ռոբին Գոսենս, Ռեմո Ֆրոյլեր, Մարիո Պաշալիչ, Հանս Հաթեբուր, Ռուսլան Մալինովսկի, Ալեխանդրո Գոմես, Յոսիպ Իլիչիչ

«Լայպցիգ» – «Տոտենհեմ» 10․03, 23։55

«Լայպցիգի» ելույթները Բունդեսլիգայում վերջին շրջանում երկակի տպավորություն են թողնում։ Մի կողմից «ցլերը» հիմնական մրցակիցներից ոչ մեկին չեն պարտվում, մի կողմից ավելի թույլ թիմերի հետ խաղերում միավորներ են կորցնում, սակայն դեռևս շարունակում են պայքարել չեմպիոնության համար։ Յուլիան Նագելսմանի թիմը դիմակայության առաջին խաղից հետո անցկացրել են 3 հանդիպում, որոնցից հաղթել են մեկում, իսկ մյուս երկուսն ավարտել են ոչ-ոքի և 50 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

«Լայպցիգի» կազմից խաղը բաց կթողնեն թիմի ավագ Վիլի Օրբանն ու հիմնական կենտրոնական պաշտպաններից Իբրահիմա Կոնատեն։ Առաջին խաղում լավ տպավորություն թողած Իթան Ամպադուի մասնակցությունն էլ հարցականի տակ է։ Ըստ որոշ աղբյուրների՝ հարցականի տակ է նաև Տիմո Վերների մասնակցությունը, ով Բունդեսլիգայի վերջին խաղում ազդրի վնասվածքի պատճառով դուրս եկավ միայն փոխարինման։ Սակայն սպասվում է, որ այսօր թիմի հիմնական գոլահարը խաղը կսկսի մեկնարկային րոպեներից։

«Տոտենհեմի» գործերը չափազանց վատ են ընթանում։ Լոնդոնյան ակումբը պաշտոնական խաղերում վերջին անգամ հաղթանակ տարել է փետրվարի 16-ին, իսկ դրանից հետո անցկացրած 5 պաշտոնական խաղերից 3-ում պարտվել է։ Ժոզե Մոուրինիոյի սաները դուրս մնացին նաև Անգլիայի գավաթի պայքարից՝ 1/8 եզրափակչում չկարողանալով հաղթել «Նորվիչին»։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հյուրերի դարպասապահ Թիմ Կրուլը վերհիշեց հին օրերը՝ որսալով մրցակցի երկու հարված։

«Շնաձկները» լուրջ կադրային խնդիրների առաջ են կանգնած։ Վաղուց բացակայում են Հարի Քեյնն ու Հին Մին Սոնը, իսկ նրանց միացավ նաև վերջին շրջանում լավ արդյունքներ գրանցող Սվեն Բերգվեյնը, ով նույնպես բաց կթողնի այս խաղը։ Խաղը բաց են թողնելու նաև Բեն Դևիսն ու Մուսա Սիսոկոն, իսկ Խուան Ֆոյթի մասնակցությունը հարցականի տակ է։

Փառք Աստծո, այս հանդիպմանը երկրպագուների ներկայությանը դեռևս որևէ վտանգ չի սպառնում և կարելի է ասել, որ այսօրվա գլխավոր հանդիպումն է, քանի որ ավելի շատ ինտրիգ կա։ Չնայած դժվար է պատկերացնել, որ «Տոտենհեմն» այպիսի կադրային խնդիրների առկայության պարագայում կարող է դուրս գալ հաջորդ փուլ։ Խնդիրն այն է, որ բացի կադրային խնդիրներից լոնդոնյան ակումբն ունի նաև խաղային և հոգեբանական լուրջ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող է որևէ թիմ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, երբ «Բյորնլիին» թույլ է տալիս դարպասի ուղղությամբ կատարել 21 հարված։ Դեռ առաջին խաղում «Լայպցիգը» պետք է լուծած լիներ հաջորդ փուլ դուրս գալու հարցը, սակայն չհերիքեց փորձն ու համարձակությունը, իսկ սեփական հարկի տակ նման թիմերը կարող են մրցակցել ցանկացած թիմի դեմ։ «Լայպցիգի» առավելությունն ավելի է նշմարվում, քանի որ որակազրկումից հետո այսօրվա հանդիպմանը կմասնակցի նաև թիմի առաջատարներից Դայո Ուպամեկանոն։ «Տոտենհեմը» հաջորդ փուլ դուրս գալու նվազագույն շանսեր ունի․․․

Հավանական մեկնարկային կազմեր

«Լայպցիգ» – Պետեր Գուլաչի, Լուկաս Կլոստերման, Դայո Ուպամեկանո, Մարսել Հալշտենբերգ, Նորդի Մուկիելե, Կոնրադ Լայմեր, Մարսել Զաբիթցեր, Անխելինիո, Քրիստոֆեր Նկունկու, Պատրիկ Շիկ, Տիմո Վերներ

«Տոտենհեմ» – Ուգո Լյորիս, Յան Վերտոնգեն, Տոբի Ալդերվեյրելդ, Էրիկ Դայեր, Դավինսոն Սանչես, Սերժ Օրիե, Էրիկ Լամելա, Հարի Վինքս, Ջիովանի Լո Չելսո, Լուկաս Մոուրա, Դելե Ալի

«Պարիս Սեն-Ժերմեն» – «Բորուսիա Դորտոմունդ» 11․03, 23։55

Խոսել ՊՍԺ-ի՝ Լիգա-1-ում գրանցած արդյունքներից, նշանակում է, ոչինչ չասել, քանի որ փարիզյան ակումբը, միևնույնն է, իր իրական ուժը ցույց է տալիս միայն Չեմպիոնների լիգայի շրջանակում, իսկ ինչպես գիտեք, փարիզյան ակումբը չեմպիոններիլիգայան լուրջ կոպլեքս ունի և վերջին 4 տարիների ընթացքում չի կարողացել հաղթահարել մրցաշարի 1/8 եզրափակիչը։

Դիմակայության առաջին խաղից հետո փարիզյան ակումբը մասնակցել է 3 հանդիպման, տարել նույնքան հաղթանակ՝ մրցակիցների դարպասն ուղարկելով նվազագույնը 4 գնդակ։ Այդ խաղերում Թոմաս Տուխելը խաղադաշտ է դուրս բերել ինչպես մեկնարկային կազմի հիմնական խաղացողներին, այնպես էլ հնարավորություն է տվել երիտասարդներից ոմանց։ Ակնհայտ է, որ ՊՍԺ-ի հարձակման գիծը լավ մարզավիճակում է, հատկապես Կիլիան Մբապեն։

Թոմաս Տուխելն այս խաղից առաջ իր տրամադրության տակ չի ունենա այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Մարկո Վերատին և Թոմա Մենյեն, ովքեր որակազրկված են։ Վերջին օրերին նշվում էր, որ Կիլիան Մբապեն էլ չի մարզվել, սակայն դժվար է հավատալ, որ վաղվա հանդիպմանը ֆրանսիացի հրաշամանուկը չի մասնակցի։ Նշվում էր նաև, որ թիմի ավագ Տիագո Սիլվայի մասնակությունը նույնպես հարցականի տակ է, սակայն, ինչպես Մբապեի պարագայում, այնեպս էլ Սիլվայի, թիմի ավագը հավանաբար կլինի թիմի կողքին։ Խաղը բաց կթողնի նաև Անդեր Էրերան։

Ինչ վերաբերվում է դորտմունդյան ակումբին, ապա նշենք, որ Լուսիեն Ֆավրի թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածում ակնհայտ ավելացրել է խաղը։ 2020 թվականին անցկացրած 10 հանդիպումներից 8-ն ավարտվել է «իշամեղուների» հաղթանակով։ «Բորուսիան» վերջին չորս խաղերում տարել է նույնքան հաղթանակ։ Ակնհայտ է նաև այն, որ «դեղիններն» պաշտպանողական օղակում նույնպես բարելավել են։ Վերջին չորս խաղերում թիմը բաց է թողել ընդամենը 3 գնդակ։

Պատասխան խաղը կրկին բաց կթողնի դորտմունցիների ավագ Մարկո Ռոյսը, սակայն ներկայիս երկար պահեստայինների նստարանը, թույլ է տալիս հանգիստ փոխարինել նաև Ռոյսին, չնայած նրա ներկայությունը շատ բան է փոխում։

Ինչպես գիտեք, կորոնավիրուսն անակնկալ կերպով արագ տարածվել է նաև Ֆրանսիայի որոշ հատվածներում, այդ թվում նաև Փարիզում, այդ իսկ պատճառով քաղաքային իշխանությունները խորհրդակցելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաների հետ, որոշում կայացվեց այս հանդիպումը նույնպես անցկացնել առանց հանդիսականների, ինչը ՊՍԺ-ի համար կարող է լուրջ հարված լինել։

Դիմակայության առաջին խաղից հետո նշել էինք, որ ՊՍԺ-ն, ինչպես միշտ, հույսը դնում է պատասխան խաղի վրա և դա առնվազն լուրջ սխալ է այն էլ գերհարձակվողական ֆուտբոլ խաղացող «Բորուսիայի» դեմ դիմակայությունում։ Այո՛, փարիզյան ակումբն առաջին խաղում խաղաց կրակի հետ և հնարավոր է, որ կրկին պայքարը լքի 1/8 եզրափակչից, քանի որ Էրլինգ Հալանդի և ընկերների հետ ներկա պահին չկա անհնար ոչ մի բան։ Սակայն չենք կարող չնշել, որ վերջին շրջանում անհավանական ֆուտբոլ է ցուցադրում նաև Կիլիան Մբապեն, ով վերջին 3 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։ Եթե Թոմաս Տուխելը առաջին հանդիպման ժամանակ թույլ տված սխալները չկրկնի, ապա միանշանակ ընդհանուր դիմակայության արդյունքը կլինի փարիզյան ակումբի կողմը, քանի որ, ինչպես գիտեք, դորտմունդյան ակումբը կարևոր պահերին, այն էլ հյուրընկալվելիս, սկսում է երերալ։ Միանշանակ «իշամեղուների» պաշտպանությունը թոփ մակարդակի վրա չէ և հնարավոր է այն քանդել։ Այս խաղում, հավանական է, որ ավելի շատ գոլեր կգրանցվեն, քանի որ ՊՍԺ-ն կորցնելու բան չունի, իսկ Էրլինգ Հալանդը չի ճանաչում որևէ հեղինակություն։ Սակայն դատարկ մարզադաշտում խաղալու պատճառով կողմերի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունների առումով 40/60 % հարաբերակցությամբ առավելությունը կտանք «Բորուսիային»։

Հավանական մեկնարկային կազմեր

ՊՍԺ – Կեյլոր Նավաս, Թիլո Կերեր, Տիագո Սիլվա, Պերսել Կիմպեմբե, Լեյվեն Կուրզավա, Անխել դի Մարիա, Մարկինիոս, Իդրիսա Գույե, Նեյմար, Մաուրո Իկարդի, Կիլիան Մբապե

«Բորուսիա» – Ռոման Բյուրկի, Դան-Աքսել Զագադու, Լուկաշ Պիշչեկ, Ռաֆայել Գերեյրո, Աքսել Վիթսել, Էմրե Ջան, Աշրաֆ Հակիմի, Տորգան Ազար, Էրլինգ Հալանդ, Ջեյդոն Սանչո

«Լիվերպուլ» – «Ատլետիկո Մադրիդ» 11․03, 23։55

Մերսիսայդյան ակումբը վերջին շրջանում խաղային լուրջ խնդիրներ ունի։ Յուրգեն Կլոպի թիմը վերջին շրջանում եթե հաղթում է, ապա այդ հաղթանակը տրվում է մեծ դժվարությամբ։ Դեռևս դիմակայության առաջին խաղից առաջ էլ «Լիվերպուլի» մոտ նկատվում էին խաղային խնդիրներ, ինչը մենք կապում ենք հոգնածության հետ։ «Կարմիրները» վերջին 5 պաշտոնական խաղերում կրել են 3 պարտություն։ Այդ ընթացքում մերսիսայդյան ակումբը կրեց առաջին պարտությունը անգլիական Պրեմիեր լիգայում՝ ընդհատելով 44 խաղերից բաղկացած անպարտելի հանդիպումների շարքը։ «Լիվերպուլը» վերջին անգամ պարտվել էր 2019 թվականի հունվարի 3-ին։ Անպարտելիության բացարձակ ռեկորդ գրանցելու համար չբավականացրեց ընդամենը 6 հանդիպում, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Անգլիական ակումբը դուրս մնաց նաև Անգլիայի գավաթի խաղարկությունից՝ բոլոր չափանիշներով զիջելով «Չելսիին»։

Պատասխան խաղից առաջ «Լիվերպուլը» լուրջ կորուստ ունի։ Թիմի հիմնական դարպասապահ Ալիսոն Բեկերը «Վոթֆորդի» դեմ խաղում մկանայաին վնասվածք է ստացել և բաց է թողնելու այս խաղը, իսկ նրա փոխարինող Ադրիանը մեղմ ասած այնքան էլ չի տպավորում։ Առաջին հերթին Ալիսոնի ներկայությունը վստահություն է ներշնչում թիմի պաշտպանությանը։ Նշվում էր, որ թիմի ավագ Ջորդան Հենդերսոնի մասնակցությունն էլ հարցականի տակ է, սակայն այսօր Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ կիսապաշտպանը պատրաստ է մասնակցել խաղին։ Հանդիպումը բաց կթողնեն նաև Նաթանիել Քլայնն ու Շկեդրան Շաքիրին, ովքեր վաղուց բացակայում են վնասվածքի պատճառով։

Բացմիցս նշել ենք, որ «Ատլետիկոյի» համար ընթացիկ մրցաշրջանը կարելի է անցումային համարել, այդ պատճառով էլ թիմի արդյունքները երկակի տպավորություն են թողնում։ «Հնդկացիները» կայուն մրցելույթներով աչքի չեն ընկնում, սակայն ամենակարևոր պահերին թիմը հավաքվում է և ապացուցում, որ «Ատլետիկոն», իրոք, գրանդ ակումբ է։

Մադրիդյան ակումբը դիմակայության առաջին խաղում հաղթելուց հետո Լա լիգայի շրջանակում մասնակցել է 3 հանդիպման, տարել 1 հաղթանակ՝ երկու խաղ էլ ավարտելով ոչ-ոքի։ Այդ խաղերում մադրիդյան ակումբը վատ տպավորություն չի թողել, սակայն, միևնույնն է, արդյունքներն անկայուն են։ «Ատլետիկոյի» կարգի թիմը թեկուզ հյուրընկալվելիս պետք է հաղթի մրցաշարային աղյուսակը եզրափակող «Էսպանյոլին»։

«Ատլետիկոն» խաղին գրեթե առանց կորուստների է մոտենում։ Միայն նշվում է, որ Ալվարո Մորատայի, Տոմա Լեմարի և Ռենան Լոդիի մասնակցությունը հարցականի տակ է, սակայն մադրիդյան ակումբն ապացուցել է, որ նույնիսկ կորուստներով հնարավոր է հաղթել ցանկացած մրցակցի։

Ինչպես գիտեք, «Էնֆլիդ Ռոուդը» դժոխային վայր է ցանկացած մրցակցի համար։ Այս մարզադաշտը, իրոք, անառիկ ամրոցի է վերածվել։ Այս փաստը կհաստատեն հատկապես «Բարսելոնայի» երկրպագուները։ Սեփական մարզադաշտում խաղալու առկայությունը մեծ առավելություն է տալիս «Լիվերպուլին»։ Ընդհանրապես դիմակայության ֆավորիտը վիճակահանությունից հետո համարվում էր «Լիվերպուլը», սակայն դիմակայության առաջին խաղում «Ատլետիկոն» լրիվ հակառակն ապացուցեց։ Դիեգո Սիմեոնեն ապացուցեց, որ կարող է ցանկացած պահի «կծել և ցավեցնել» ցանկացած մրցակցի։ «Ատլետիկոյին» պետք չէ թերագնահատել։ Բանն այն է, որ «Ատլետիկոն» այդ խաղում բոլոր ասպեկտներով ուժեղ էր մրցակցից, իսկ Դիեգո Սիմեոնեն հերթական անգամ ցույց տվեց, որ հրաշալի տակտիկ է և հոգեբան։ Ինչ վիճակում էլ լինի «Ատլետիկոն» Դիեգո Սիմեոնեն ի զորու է իր թիմին մեկ խաղի համար այնպես տրամադրել, կարծես դա նրանց կյանքի վերջին խաղն է։ Եթե պատասխան խաղին էլ նույն տրամադրվածությամբ մոտենան «հնդկացիները», ապա վստահաբար կարելի է ասել, որ «Լիվերպուլի» համար մեղմ ասած հեշտ չի լինելու, ավելին՝ այդ «Ատլետիկոն» անպարտելի հոգեբանություն ունի։

«Լիվերպուլի» խնդիրները ոչ միայն խաղային են, այլև հոգեբանական։ Խաղային խնդիրները հասկանալի են․ թիմը գրեթե ողջ մրցաշրջանն անցկացրել է նույն կազմով։ Յուրգեն Կլոպը եթե դիմում էլ է ռոտացիայի, ապա թիմի հիմնական կորիզը նույնն է՝ Մոհամեդ Սալահ, Սադիո Մանե, Ռոբերտո Ֆիրմինո, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Էնդրյու Ռոբերտսոն, Վիրջին վան Դեյկ, Ալիսոն Բեկեր։ Այս խաղացողներից ոչ ոք գրեթե չեն հանգստացել մրցաշրջանի ընթացքում և սպասելի էր, որ ինչ-որ պահից սկսած խաղային անկում կգրանցվի․ գրեթե անհնար է խաղալ նույն մոտիվացիայով և նույն մակարդակով, իսկ հոգեբանական խնդիրները կրկին կարելի է կապել մոտիվացիայի հետ։ «Լիվերպուլը» մրցաշրջանի առաջին հատվածում լուծեց ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը, իսկ այս թիմը նախորդ մրցաշրջանում արդեն նվաճել է բաղձալի Չեմպիոնների լիգան, գումարած դրան՝ թիմն ակնհայտորեն ընթացիկ մրցաշրջանում կենտրոնացել էր հենց անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու վրա, քանի որ շուրջ 30 տարի չի նվաճել ներքին չեմպիոնությունը։ Լուծելով չեմպիոնական խնդիրը՝ մերսիսայդցիները հունվար-փետրվար ամսից ամսից կարելի է ասել «հանգստացան» և սկսեցին նույն կատաղությամբ և ցանկությամբ չխաղալ, ինչ մրցաշրջանի մեկնարկում էր։

Յուրգեն Կլոպի ամենամեծ թերացումներից մեկն այն է, որ իր գլխավորած թիմերը եթե ընկնում են ճգնաժամի մեջ, ապա դա երկարաժամկետ է լինում։ Այդպես եղավ նաև նրա «Բորուսիայի» մոտ։ Գրեթե երկու տարի դորտմունդյան ակումբը խաղային և հոգեբանական լուրջ խնդիրներ ուներ, ինչն էլ հանգեցրեց մասնագետի հեռացմանը, և եթե այժմ «Լիվերպուլին» չհաջողվի դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ, ապա ոչ ոք չի խոսա այն անպարտելի թիմի մասին, որը կար նախորդ տարվա հունվար ամսից, ոչ ոք չի մտածի, թե այս ակումբը մեծագույն և գերհզոր է, կկորի նրանց փառքը, իսկ նրանց մրցակիցները այդքան չեն վախենա այդ թիմից։

Ամեն դեպքում, ինչպես վերևում նշեցինք, «Էնֆլիդ Ռոուդում» խաղալը մեծ առավելություն է տալիս «Լիվերպուլին», և հաշվի առնելով, որ «Ատլետիկոն» ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս այն տեսքը չունի, ինչ սեփական հարկի տակ, ապա կարելի է ասել, որ Յուրգեն Կլոպի թիմը դեռևս դիմակայության ֆավորիտն է, սակայն բոլորս էլ գիտենք, որ «Ատլետիկոն» բազմիցս եղել է նման իրավիճակներում և կարելի է ասել՝ մադրիդյան ակումբը արդյունքի վրա խաղալու առումով Եվրոպայի լավագույն ակումբն է։ Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները 45/55 % հարաբերակցությամբ տալիս ենք «Ատլետիկոյին»։

Հավանական մեկնարկային կազմերը

«Լիվերպուլ» – Ադրիան, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ, Ջո Գոմես, Էնդրյու Ռոբերտսոն, Ջորդան Հենդերսոն, Ֆաբինիո, Ժորժինիո Վեյնալդում, Մոհամեդ Սալահ, Ռոբերտո Ֆիրմինո, Սադիո Մանե

«Ատլետիկո» – Յան Օբլակ, Ռենան Լոդի, Խոսե Մարիա Խիմենես, Ֆելիպե, Կիրան Տրիպիե, Կոկե, Սաուլ Նիգես, Թոմաս Փարթի, Անխել Կոռեա, Ալվարո Մորատա, Ժոաո Ֆելիշ

Փորձը ցույց է տվել, որ պատասխան խաղերում թիմերը խաղում են ավելի համարձակ և հարձակվողական ֆուտբոլ։ Պատասխան խաղերը շատ հարցերի պատասխաններ են տալիս, իսկ այդ ստացված պատասխաններին կանդրադառնանք հաջորդ հոդվածում։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023