Ուսման Դեմբելեն շատ մոտ է Բարսելոնայից հեռանալուն ու ակումբային գրանցումը փոխելուն

Ուսման Դեմբելեն շատ մոտ է Բարսելոնայից հեռանալուն ու ակումբային գրանցումը փոխելուն

31/07/2023 - 23:15

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում:

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբը փորձում է ակտիվացնել «Բարսելոնայի» ու Դեմբելեի միջև պայմանագրում առկա հրաժարագնի կետը, որը կազմում է 50 մլն եվրո:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 31-ին «բլաուգրանայի» ղեկավարությանը պաշտոնապես խնդրել է գործարքի հարցում բանակցություններ վարել «Պարի Սեն-Ժերմենի» հետ:

Դեմբելեն այս գործարքի հարցում ցանկանում է շարժվել միայն ճիշտ քայլերով, որպեսզի չվնասի իր և «Բարսելոնայի» հարաբերությունները:

Ռոմանոն հաստատում է, որ ֆրանսիացի վինգերը ՊՍԺ-ի հետ արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել և փարիզյան ակումբին տեղեկացրել է, որ պատրաստ է ու ցանկանում է համալրել Լիգա 1-ի գործող չեմպիոնի շարքերը:

Ինսայդեր Նիկոլո Սկիրային էլ հայտնի է դարձել, որ Դեմբելեն նոր ակումբի կազմում վաստակելու է տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ:

Այդուհանդերձ, այս գործարքի իրականացումը լուրջ վտանգի տակ է, քանի որ Դեմբելեի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագրում առկա հրաժարագնի կետն ուժի մեջ է մինչև հուլիսի 31-ը՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 23:59-ը:

ՊՍԺ-ն դիմել է Լա լիգային՝ խնդրելով, որպեսզի հնարավորինս արագ պատրաստի տրանսֆերը հաստատող փաստաթղթերը՝ գործարքն իրականացնելու համար:

Եթե «Պարի Սեն-Ժերմենը» չհասցնի ակտիվացնել Դեմբելեի հրաժարագինը, ապա տրանսֆերի հարցում պետք է բանակցություններ սկսի «Բարսելոնայի» հետ՝ փորձելով այլ ճանապարհով համաձայնության հասնել կատալոնական ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «կապտանռնագույնների» կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից՝ անցկացրած 185 խաղում դառնալով 40 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023