Ոչինչ չտվող «փորձարկումները»․ փնտրվում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ոչինչ չտվող «փորձարկումները»․ փնտրվում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

20/11/2022 - 12:34

Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց։ Արդյունքները գոհացուցիչ չէին։ Մենք 2-2 հաշվով ոչ-ոքի խաղացինք կամ ավելի ճիշտ՝ չկարողացանք հաղթել Կոսովոյին, իսկ Ալբանիան, առանց մեծ ուժերի, 2 անգամ ստիպեց մեզ գնդակը դաշտի կենտրոնից սկսել։ Մենք կրկին համոզվեցինք, որ չունենք թիմային ոգի։ Ինչևէ, Հայաստանի հավաքականը տարվա վերջին խաղերում կրկին անգույն ֆուտբոլ խաղաց, որը ևս ունի իր սկզբնաղբյուները, բայց, թերևս, մեր գլխավոր խնդիրը ոչ միայն հավաքականի գլխավոր մարզչի չլինելն է, այլև ՀՖՖ-ն։ ՀՖՖ խնդիրներից խոսելը ձանձրալի կթվա, խոսենք հավաքականի վերջին երկու հանդիպումներից։

Ռոման Բերեզովսկին փորձարկումների համար մի շարք խաղացողներ էր հրավիրել, անգամ մի քանիսին առաջին անգամ, բայց իրենց հետ մեկտեղ նաև թիմի փորձառուներին, որոնց ներկայությունը նման խաղերում, գուցե, այդքան էլ պետք չէր։ Խոսենք դարպասապահի դիրքից։ Բերեզովսկին հրավիրել էր 3 դարպասապահների՝ Բուչնևին, Հենրի Ավագյանին և Արման Ներսեսյանին։ Արդյո՞ք նպատակահարմար էր կանչել մեկ թիմից 2 դարպասապահի, որոնցից և ոչ մեկը անգամ 1 րոպե խաղալու իրավունք չէր ունենալու ընկերական խաղում։ Բուչնևին, այո՛, պետք էր ժամանակ տալ, բայց եթե Կոսովոն թույլ էր Ալբանիայից, ուրեմն կարելի էր Կոսովոյի դեմ խաղում դաշտ դուրս բերել Ավագյան-Ներսեսյան զույգից մեկին։

Վարազդատ Հարոյանը հրավիրվել էր հավաքական, ու զարմանալի է, որ փորձարկումների փուլում Բերեզովսկին 2 խաղում էլ Հարոյանին դաշտ դուրս բերեց։ Հարոյանը առանց փոխարինման խաղաց։ Արման Ղազարյանը, ով առաջին անգամ էր հրավիրվել, ստացավ ընդամենը 14 րոպե խաղաժամանակ։ Ինչո՞ւ, պարոն Բերեզովսկի։ Մի՞թե 45 րոպե խաղաժամանակի իրավունք չուներ Արման Ղազարյանը, ով Գունկոյի գլխավոր անձանցից մեկն է։

Ունենալ Ժիրայր Մարգարյանի պես խաղացողի ու տալ ընդամենը 5 րոպե խաղաժամանա՞կ, կառլ, ընդամենը 5 րոպե՞։ Մարգարյանը փոխարինեց Կամո Հովհաննիսյանին Կոսովոյի դեմ խաղավերջում՝ 85-րդ րոպեին։ Եվ այստեղ ևս զարմանալի բան կա․ եթե փորձարկումներ, ապա ինչո՞ւ Կամո Հովհաննիսյանը այս 2 խաղերից ընդամենը 5 րոպե բացակայեց դաշտից։ Ունենալով ընդամենը մեկ ընդգծված աջ պաշտպան՝ ի դեմս Դավիթ Տերտերյանի, ինչո՞ւ նրան տալ ընդամենը 13 րոպե խաղաժամանակ։

Գերհագեցած մրցաշրջանում Հովհաննես Հարությունյանին և Արտակ Դաշյանին ամբողջությամբ 2 խաղ դաշտում պահելու իմաստն արդյո՞ք կար։ Հովհաննես Հարությունյանը Ալբանիայի դեմ խաղի 89-րդ րոպեին փոխարինվեց՝ չհասկանալով, թե ինչու։ Չկայի՞ն այլ խաղացողներ, ովքեր նրանց փոխարեն կարող էին գոնե կես խաղակես խաղալ։ Պետրոս Ավետիսյանին տալով 6 րոպե խաղաժամանակ՝ ի՞նչ եք պահանջում այդ ֆուտբոլիստից։ Նա տեխնիկապես շատ լավ ֆուտբոլիստ է, ու շատ խաղաժամանակի դեպքում Հովհաննես Հարությունյանին կարող էր փոխարինել, եթե ոչ ավելի լավ խաղալ։ Արթուր Գալոյանին ինչո՞ւ չտալ ավելի շատ խաղաժամանակ, երբ նրա խաղը բավականին ստացվում էր այն ժամանակ, երբ մտավ խաղադաշտ։ Էդգար Բաբայանին 2 խաղ անընդմեջ կենտրոնական հարձակվողի դերում փորձարկելը, մեղմ ասած, օգտակար չեղավ։ Դեռ Կապառոսի օրոք նա մի քանի անգամ փորձարկվեց այդ դիրքում, բայց նա չգտավ իրեն, ավելին՝ նա չի կարողանում իրեն գտնել Հայաստանի ազգային հավաքականում, ապա ինչո՞ւ հնարավորություն չտալ այս դեպքում Նարեկ Գրիգորյանին կամ Արթուր Սերոբյանին։ Այո՛, նրանք խաղացին, բայց դա բավարար չէ՝ հավաքականին հարմարվելու համար։ Ինչևէ, շատ ինչու-ներ կան, որոնց մեջ կարելի է ներառել նաև Ավենտիս Ավենտիսյանին հրավիրելը, եթե նա չպիտի խաղար կամ, ասենք, Հրայր Մկոյանին հրավիրելը, եթե նրա փոխարեն կարելի էր երիտասարդ խաղացողի կանչել, օրինակ, Արթուր Քարտաշյանին։

Հայաստանի ազգային հավաքականը դժգույն խաղ է ցույց տալիս։ Նման խաղը մեզ ոչ մի լավ խաղ չի խոստանում ապագայում։ Ռոման Բերեզովսկին մեծ արժեք է մեր ֆուտբոլում, բայց գլխավոր մարզչի դերում նրան փորձելը տեղին չէ այն պահին, երբ մենք ունենք բավականին լավ երիտասարդներ ու փորձառուներ, որոնց համադրությամբ ամուր կորիզ կստեղծվի, որի շուրջ հետագայում մեր ֆուտբոլը հավաքականների մակարդակով կզարգանա։ Ժիրայր Շաղոյանն ու Վահան Բիչախչյանը 2 խաղերում էլ լավ խաղացին։ Ժիրայրը, իրոք, մեծ դեր կարող է ունենալ մեր այս հավաքականում Էդուարդ Սպերցյանի հետ միասին։ Վահանին պակասում է որակյալ փոխանցումներ կատարող մեկը։ Նրա խաղը անընթերցելի է շատերի համար։ Ունի հեռահար լավ պտտեցված հարվածներ, ու նրա պոտենցիալը ևս պետք է օգտագործել։ Սակայն, մեզ մնում է մարզչի խնդիրը։ Մեզ երիտասարդների հետ գրագետ աշխատող մեկն է պետք, որը մոխիրներից մեզ կհանի։ Հաջորդիվ Թուրքիայի դեմ մրցավեճն է․․․

Սամվել Մխիթարյան

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023