Նապոլին փորձում է ձեռք բերել իսպանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկին

Նապոլին փորձում է ձեռք բերել իսպանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկին

10/08/2023 - 14:40

«Նապոլին» լրջորեն հետաքրքրված է «Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգայի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «աձուրիները» 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց Վիգո քաղաքը ներկայացնող ակումբին առաջարկել են 32-33 մլն եվրոյից ավելի գումար, որը ներառելու է նաև հավելավճարները։

Մինչ այդ նեապոլիտանական ակումբը գործարքի դիմաց «Սելտային» առաջարկել է 30 մլն եվրո, սակայն մերժում է ստացել։

Խնդիրն այն է, որ «կելտերը» չեն շտապում վաճառել Վեյգային ու ցանկանում են ստանալ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով առկա հրաժարագինը, որը կազմում է 40 մլն եվրո։

Նշվում է, որ «Նապոլին» երիտասարդ ֆուտբոլիստին դիտարկում է որպես Պյոտր Զելինսկիի փոխարինող, ով մոտ է կարիերան Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում շարունակելուն։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ լեհ ֆուտբոլիստը հավանական նոր ակումբի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել, իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու է 15 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` «Ալ Ահլին» գործարքի դիմաց պատրաստ է վճարել 25 մլն եվրո. այժմ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և սաուդարաբական ակումբը վստահ է, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցնի Զելինսկիի տրանսֆերը։

Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Նապոլին» մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել Գաբրի Վեյգայի հետ։

հաղորդվում է, որ եթե գործարքի ֆինանսական հարցում «աձուրիները» չկարողանան համաձայնության հասնել «Սելտայի» հետ, ապա պատրաստ են իսպանացի ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից մասնաբաժին տրամադրել իսպանական ակումբին։

Հավելենք, որ Գաբրի Վեյգան 2022/23 մրցաշրջանում «Սելտայի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Պյոտր Զելինսկիին, ապա վերջինս «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2016 թ. օգոստոսից` անցկացրած 329 խաղում դառնալով 47 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023