Յուվեն ուշքի է գալիս՝ որևէ հնարավորություն չտալով Սպեցիային🎥

Յուվեն ուշքի է գալիս՝ որևէ հնարավորություն չտալով Սպեցիային🎥

03/03/2021 - 01:23

Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 25-րդ տուրը, որի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց «Սպեցիայի» դեմ ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումն անցավ թուրինյան ակումբի առավելությամբ, որը հանդիպման հենց մեկնարկից տիրել էր նախաձեռնությանը՝ անդադար ճնշելով մրցակցին։

«Բյանկոներիները» հանդիպման 10-րդ րոպեն գոլի հեղինակ դարձան, սակայն Ֆեդերիկո Կիեզայի խփած գոլը չեղարկվեց, քանի որ իտալացի ֆուտբոլիստը գտնվում էր խաղից դուրս վիճակում։

Ճիշտ է՝ Անդրեա Պիռլոյի թիմն առաջին կեսի մեծ մասում գնդակին ավելի շատ էր տիրում և ավելի վտանգավոր էր գրոհում, սակայն իրական գոլային պահ միայն խաղի 42-րդ րոպեին ստեղծեց, երբ Կրիշտիանու Ռոնալդուի՝ ձախ եզրից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ամեն դեպքում, «Յուվենտուսը» չկարողացավ օգտագործել իր մեծ առավելությունը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսն էլ «ծեր սինյորայի» ֆուտբոլիստները ակտիվ սկսեցին, սակայն «Յուվեի» խաղում սրություն չկար և երկար ժամանակ նույնիսկ դիպուկ հարված չէր հաջողվում կատարել Իվան Պրովեդլի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

61-րդ րոպեին Անդրեա Պիռլոն երկու փոփոխություն կատարեց․ Վեսթոն Մակենիի փոխարեն խաղադաշտ մտավ Ալվարո Մորատան, իսկ Ջանլուկա Ֆրաբոտայի փոխարեն՝ Ֆեդերիկո Բերնարդեսկին։

Պիռլոն, միանշանակ, գուշակեց այդ փոխարինումները, քանի որ 63-րդ րոպեին Բերնարդեսկիի կատարած փոխանցումից հետո Մորատան մեկ հպումով գրավեց «Սպեցիայի» դարպասը։

Հանդիպման գլխավոր մրցավար Ջանլուկա Սակին սկզբում այս գոլը նույնպես չարձանագրեց, կարծելով, թե գնդակը ստանալու պահին Բերնարդեսկին խաղից դուրս վիճակում է գտնվել, սակայն, խորհրդակցելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ, հաշվեց Մորատայի խփած գոլը։

«Յուվեն», ոգևորվելով ձեռք բերած հաջողությունից, առաջ նետվեց և 71-րդ րոպեին կրկնապատկեց իր առավելությունը։ Այս գոլային դրվագում նույնպես իր դերակատարումն ունեցավ Ֆեդերիկո Բերնարդեսկին, ով ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցեց Ֆեդերիկո Կիզեային, ով էլ երկրորդ փորձից հաշիվը դարձրեց 2։0։

Այդ գոլից հետո էլ թուրինյան ակումբն ուներ առավելություն և ավելի մոտ էր հաշիվը եռապատկելուն, քան «Սպեցիան»՝ կրճատելուն, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ 89-րդ րոպեին «Ալյանց» մարզադաշտի լուսատախտակին վառվեց արդեն 3։0 հաշիվը։ Թուրինցիները կտրուկ հակագրոհի նետվեցին, ինչի արդյունքում Ռոդրիգո Բենտանկուրը հարվածային դիրք դուրս բերեց Կրիշտիանու Ռոնալդուին, ով էլ հաշիվը դարձրեց ավելի խոշոր։

Հավելենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց իր հոբելյանական 20-րդ գնդակը և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ մոտակա հետապնդող Ռոմելու Լուկակուից առաջ անցնելով 2 գնդակ։

Հանդիպման 90+5-րդ րոպեին «Սպեցիայի» ֆուտբոլիստները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, սակայն Անդրեյ Գալաբինովի հարվածից հետո «Յուվեին» փրկեց Վոյցեխ Շյեսնին։

Այսպիսով, «Յուվենտուսը» 3։0 հաշվով հաղթեց «Սպեցիային», վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Սպեցիան» էլ մնաց 25 միավորով, որը համապատասխանում է 16-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023