Մուրադյան. «Հավաքականի մարզաշապիկը կրելիս ուզում ես ամեն ինչ անել՝ հաջողության հասնելու համար»

Մուրադյան. «Հավաքականի մարզաշապիկը կրելիս ուզում ես ամեն ինչ անել՝ հաջողության հասնելու համար»

12/12/2022 - 16:47

Interfootball-ը փոքր հարցազրույց է ունեցել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ` քննարկելով մի շարք հետաքրքիր հարցեր։

Շուտով կկայանան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք։

– Կիսաեզրափակիչներում կանխատեսումներ անելն ամենաբարդ բանն է, քանի որ կես քայլ է մնում եզրափակիչին, և բոլոր թիմերն էլ ուզում են դուրս գալ եզրափակի։

Ֆրանսիա-Մարոկկո խաղի մասին։ Կարծում եմ, որ Ֆրանսիան իր մակարդակով ու իր փորձով կկարողանա հաղթել Մարոկկոյին և կկարողանան կանգնեցնել նրանց հաջողությունը, որը մինչ այս ունեցել են, իսկ Խորվաթիա-Արգենտինան, ըստ իս, հավասար խաղ է լինելու, ու Խորվաթիան իր բարձր կամքով կպայքարի Արգենտինայի դեմ մինչև վերջ։ Երևի, այն թիմը կհաղթի, ում հաջողությունն ավելի շատ կժպտա։

Ի՞նչ անակնկալներ եղան Աշխարհի առաջնությունում։ Ո՞ր հավաքականներն անակնկալ մատուցեցին և՛ լավ, և՛ վատ առումով։

– Կարծում եմ, որ ոչ միայն իմ, այլև բոլորի համար բացահայտում էր Մարոկկոյի հավաքականը։ Նրանք բավականին կարգապահ ու հավաքված ֆուտբոլ են խաղում։ Կարող եմ ասել, որ աշխարհի առաջնության թիմերի մակարդակը շատ է մոտեցել իրար, ու բոլոր խաղերն անցնում են լարված պայքարում։ Անգամ եթե մի թիմ խոշոր հաշվով պարտվում է, հաջորդ խաղին կարողանում է հավաքվել, լավ խաղալ և գոհացնել երկրպագուներին։ Անակնկալները շատ էին։

Ինձ նաև Ճապոնիայի հավաքականը զարմացրեց։ Նրանք ապացուցեցին, որ աշխատասիրության ու շատ նվիրվելու հաշվին կարող են արդյունքի հասնել։ Ցավոք, 11 մետրանոցներով նրանք զիջեցին։ բայց հետաքրքիր ու շատ լավ հավաքական էին։

Ի՞նչ եզրափակիչ եք կանխատեսում։ Սպասե՞նք անակնկալի, թե՞ ֆավորիտները դուրս կգան եզրափակիչ։

– Ֆրանսիայի հավաքականը կկարողանա հաղթահարել Մարոկկոյի արգելքը, նրանք դուրս կգան Մունդիալի եզրափակիչ։ Մյուս զույգից դժվար է կանխատեսում անելը։ Կարծում եմ, որ այս խաղում ևս լրացուցիչ ժամանակ կլինի։ Մեսսիի գործոնը մեծ է, ով լավ մարզավիճակում է այժմ։ Գուցե, Արգենտինան դուրս գա եզրափակիչ։

«Արարատ-Արմենիան» Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջին հատվածն ավարտեց երկրորդ հորիզոնականում։ Ինչպիսի՞ ֆուտբոլ էր խաղում թիմը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ ու ի՞նչ ակնկալենք հաջորդ հատվածում։

– Առաջին հատվածը երկրորդ հորիզոնականում եզրափակեցինք, բայց ամենակարևորն այն է, որ մենք պայքարի մեջ ենք։ Խաղում ենք ուղղահայաց ֆուտբոլ, ավելի ագրեսիվ, փորձում ենք և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում ավելի ագրեսիվ ու արագ գործել, օգտվել նաև հակագրոհներից։

Կարծում եմ` երկրորդ հատվածում մեր խաղը ավելի լավը կդառնա։ Կբարձրանա մեր խաղամակարդակը, քանի որ երկար ժամանակ կունենանք՝ նախապատրաստվելու համար՝ շուրջ 2 ամիս։ Կկարողանանք ավելի լավ համագործակցել ու կատարել մարզչի հանձնարարությունները։

Ձեր ֆուտբոլային կարիերան հիմնականում զարգացել է Հայաստանում։ Դուք ամենաշատ խաղերն անցկացրել եք Գյումրիի «Շիրակում»։ Խաղացել եք նաև «Ալաշկերտում», «Արարատում»։ Ի՞նչ տարբերություններ կային Ձեր խաղացած թիմերում։

– Ամեն ակումբ իր յուրահատկությունն ուներ։ Օրինակ, «Շիրակը» իմ հարազատ ակումբն է, իմ հարազատ քաղաքի ակումբն է, որտեղ ես ծնվել եմ, ֆուտբոլում իմ առաջին պրոֆեսիոնալ քայլերն եմ կատարել։ Նրանք իմ սրտում են։

«Արարատն» ինձ համար լեգենդար ակումբ է եղել ու պատիվ էր խաղալ նման ակումբի կազմում։

«Ալաշկերտը» նոր ակումբ էր, երբ ես տեղափոխվեցի այնտեղ։ Մենք առաջին մրցաշրջանում կարողացանք դառնալ չեմպիոն, որը պատմական էր թիմի համար, իսկ «Արարատ-Արմենիան» ամբիցիոզ ակումբ է։ Նրանք միշտ ուզում են հաղթել ու միշտ պայքարում են չեմպիոնության համար։

Դուք խաղացել եք նաև Հայաստանի գրեթե բոլոր տարիքային հավաքականներում, նաև 11 խաղի եք մասնակցել գլխավոր թիմում։ Ի՞նչ պարտավորություն ունեիք Հայաստանի հավաքականում խաղալիս։

– Գաղտնիք չէ, որ բոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ իրենց հավաքականի կազմում։ Ես հավաքականի բոլոր խաղերին անմնացորդ նվիրվել եմ, ամեն ինչ ներդրել եմ դաշտում հավաքականի ու ազգի համար, իսկ պարտավորություններս ինչպես հավաքականում, այնպես էլ ակումբում կարելի է ասել նույնն էին, ուղղակի հավաքականի մարզաշապիկը կրելիս ուզում ես ամեն ինչ անել՝ հաջողության հասնելու համար։

Նշեցինք, որ Դուք խաղացել եք միայն Հայաստանում։ Արդյո՞ք կան եվրոպական ակումբներ, որոնք հետաքրքրվում են Ձեր ծառայություններով։

– Ո՛չ, այս պահին որևէ ակումբ հետարքրքված չէ։ Ես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ եմ ու ամեն ինչ անելու եմ, որպեսզի հասնենք մեր նպատակին՝ դառնալ չեմպիոն։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023