Մխիթարյան. «Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք այս խաղը»

Մխիթարյան. «Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք այս խաղը»

22/11/2021 - 12:10

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։

Հանդիպման հերոսներից մեկը դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ով «գայլերի» առաջին գոլի դրվագում հիանալի անցումից հետո գոլային փոխանցում կատարեց Ֆելիքս Աֆենա-Գյանին։

Խաղից հետո 32-ամյա ֆուտբոլիստը փոքրիկ հարցազրույց է տվել «Ռոմայի» պաշտոնական կայքին։

Ժոզե Մոուրինիոն իր հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դուք հանդիպման լավագույն ֆուտբոլիստն եք։

– Ես շնորհակալ եմ նրան ու թիմակիցներիս։ Այսօր մենք պայքարեցինք ամբողջ թիմով, ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել ու արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք այս խաղը։ Երկրորդ խաղակեսում ավելացրինք մեր խաղն ու խփեցինք այդքան ցանկալի գոլերը։

Հանդիպման հերոսը դարձավ 18-ամյա Ֆելիքս Աֆենա-Գյանը։ Դուք նրան շատ խորհուրդներ եք տվել։ Ի՞նչ կփոխանցեք այժմ նրան։

– Կարևորն այն է, որ նա չկորցնի գլխուխը։ Ինչպես ասացիք, նա դեռ ընդամենը 18 տարեկան է ու դեռ շատ բան պետք է սովորի։ Այսօր խփել երկու գոլ դեռ չի նշանակում, որ նրան հիասքանչ կարիերա է սպասվում։ Դրա համար պետք է շատ պայքարել, վստահությունն ամրապնդել։ Մենք բոլորս թիմում օգնում ենք միմյանց։ Նա նույնպես պետք է այդպես անի։

Ի՞նչ կարծիք ունեք ներկա պահին ընթացիկ մրցաշրջանի մասին։

– Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է բարձր հորիզոնական զբաղեցնենք։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ նպատակ ունեինք հայտնվել լավագույն քառյակում։ Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու և պետք է հասկանանք, որ մրցաշրջանի ընթացքում մեր մրցակիցները նույնպես միավորներ են կորցնելու։

Մենք պետք է լավ խաղանք ու հաղթենք այն հանդիպումները, որոնք չհաջողվեցին նախորդ մրցաշրջանում։ Պետք է լավ հանդիպումների շարք սկսենք, որպեսզի վեր բարձրանանք մրցաշարային աղյուսակում։

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023