Մխիթարյանի վիճակագրությունը Էմպոլիի դեմ խաղում

Մխիթարյանի վիճակագրությունը Էմպոլիի դեմ խաղում

04/10/2021 - 11:39

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։

Այդ հանդիպմանը հռոմեական ակումբի կազմում գրեթե ամբողջությամբ մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 90-րդ րոպեին։

Ստորև ներկայացնում ենք «Էմպոլիի» դեմ խաղում հայազգի ֆուտբոլիստի գրանցած ցուցանիշները։

Մխիթարյանը վերոնշյալ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչի արդյունքում հեղինակավոր Whoscored և Sofascore կայքերի կողմից ստացել է բավականա բարձր` համապատասխանաբար 8.13 ու 7.6 գնահատականները։

Այդ ցուցանիշով Հենոն դաշտում եղած ֆուտբոլիստներից զիջել է միայն Լորենցո Պելեգրինիին, ում էլ կատարել էր գոլային փոխանցում։

32-ամյա կիսապաշտպանն «Էմպոլիի» դեմ խաղում կատարել է 61 փոխանցում, որոնցից 59-ը հասել են հասցեատիրոջը (96.7% ճշգրտությունը), ինչը հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների շրջանակում երկրորդ լավագույն ցուցանիշն է։ Մխիթարյանը զիջել է միայն իր թիմակից Քրիս Սմոլինգին, ով նույնպես կատարել է 61 փոխանցում, սակայն 60-ն են հասել նպատակակետին (98.4% ճշգրտություն)։

Հենոն կատարել է նաև 3 առանցքային փոխանցում։ Այս ցուցանիշով էլ Հենոն լավագույնն էր Լորենցո Պելեգրինիի հետ (խմբ.` առանցքային փոխանցում – փոխանցում, որից հետո հարված է լինում դեպի մրցակցի դարպասը)

Բացի դրանից, Մխիթարյանը, 100% ճշգրտությամբ, կատարել մեկական «կախած» և երկար փոխանցում։

Հայազգի ֆուտբոլիստը կատարել է 3 հարված, որոնցից մեկն եղել է դարպասին։

Մխիթարյանն աչքի է ընկել նաև պաշտպանական գործողությամբ` 1 անգամ խլելով գնդակը և 4 անգամ թույլ տալով կանոնների խախտում։ Մրցակիցները 2 անգամ էլ նրան շրջանցել են դրիբլինգի միջոցով։

Մխիթարյանը 15 անգամ դիրքային պայքար է մղել, որոնցից, սակայն, միայն 3-ն է հաջողությամբ ավարտել։ 2 անգամ օդային մենապայքարի մեջ է մտել, որոնք պարտվել է։ 5 անգամ դրիբլինգի փորձ է կատարել, որոնցից 1-ն է հաջողությամբ պսակվել, ինչպես նաև 9 անգամ կորցրել է գնդակի վերահսկողությունը։

Հավելենք, Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 9 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Վերջում նշենք, որ «Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 17-ին։ Այդ օրը «գայլերն» Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Յուվենտուսին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023