Մինո Ռայոլա vs Ժորժե Մենդեշ․ խորհրդանշական հավաքականներ

Մինո Ռայոլա vs Ժորժե Մենդեշ․ խորհրդանշական հավաքականներ

02/06/2020 - 20:27

Մինչև 1990-ականները բազմաթիվ ֆուտբոլիստներ դեռևս չգիտեին էլ, որ գոյություն ունի ֆուտբոլային գործակալ հասկացողությունը և իրենց տեղափոխությունները այլ ակումբներ իրականացնում էին հենց իրենք կամ էլ նրանց հարազատները, սակայն որոշ ժամանակ անց ֆուտոլիստները սկսեցին նկատել, որ նրանք, ովքեր օգտվում են գործակալների ծառայություններից, ավելի հաջողված պայմանագրեր են կնքում՝ տեղափոխվելով եվրոպական թոփ ակումբներ։ Մեր օրերում անհնար է հանդիպել որևէ ֆուտբոլիստի, ով պաշտոնապես չի համագործակցում որևէ գոծակալի հետ։ Այնպես է ստացվել, որ բազմաթիվ գործակալներ ավելի շատ գումար են վաստակում, քան բուն ֆուտբոլիստները, քանի որ տրանսֆերային գործարքներից գործակալներն ահռելի մասնաբաժին են ստանում։

Այսօր մեր ընթերցողներին ենք ներակայցնելու ֆուտբոլային աշխարհի ամենահայտնի երկու գործակալների՝ Մինո Ռայոլայի և Ժորժե Մենդեշի հաճախորդներից կամզված խորհրդանշական հավաքականները։

Նախքան խորհրդանշական հավաքականներին անդրադառնալը մի փոքր պատմենք երկու գիգանտներից։ Սկսենք Մինո Ռայոլայից։

Մինո Ռայոլան ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 4-ին իտալական Նոչերա-Ինֆերյորե փոքրիկ քաղաքում։ Ռայոլաների ընտանիքը 1968 թվականին տեղափոխվել է հոլանդական Հարլեմ քաղաք, որտեղ էլ բացել են իրենց առաջին ռեստորանը, որը կոչվել է «Նապոլի»։

Այժմ Ռայոլաների ընտանիքն ունի ավելի քան 11 ռեստորանային ցանց։ Երիտասարդ տարիքում Մինո Ռայոլան արդեն աչքի էր ընկնում դիվանագիտական հատկանիշներով, և քանի որ իր հորից ավելի լավ էր խոսում հոլանդերեն, հենց նա էր կատարում հոր բանկային գործարքները։ Մինոն 19 տարեկանում արդեն միլիոնատեր էր՝ գնելով սեփական ռեստորանը։

Երիտասարդ տարիքից սկսած Մինոն ակտիվորեն հետաքրքրվում էր ֆուտբոլով և ազատ ժամանակի մեծ մասը նվիրում էր հենց ֆուտբոլին։ Նա ցանկանում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, սակայն նրա կարիերան ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, և նա սկսել է ադմինիստրատիվ աշխատանքներ կատարել տեղի «Հարլեմ» ակումբում՝ դառնալով նույնիսկ ակումբի տեխնիկական տնօրենը։

1990-ականներից սկսած Մինո Ռայոլան սկսեց զբաղվել ֆուտբոլային գործակալի աշխատանքով, սակայն ըստ տարբեր տեղեկությունների, Ռայոլան իր առաջին տրանսֆերն իրականացրել է դեռևս 1988 թվականին: Այդ ժամանակ հոլանդական ֆուտբոլի ամենանշանավոր դեմքերից մեկը՝ Ֆրանկ Ռայկարդը հանդես էր գալիս Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում և 88 թվականի հուլիսի 1-ին 3 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Միլան»։ Նշվում է, որ խաղացողի գործակալն այդ ժամանակ եղել է հենց Մինո Ռայոլան։

Այդ ժամանակներից սկսած Ռայոլան համագործակցում էր  Sports Promotions կազմակերպության հետ։ 1992 թվականին Ռայոլան իրականացրեց իր առաջին գրանցված տրանսֆերը։ Ռայոլան «Այաքսի» ֆուտբոլիստ Բրայան Ռոյին օգնեց տեղափոխվել իտալական «Ֆոջա», իսկ 1993 թվականին իրականացրեց երկու հրաշալի տրանսֆեր․ Ռայոլայի միջնորդությամբ «Ինտեր» տեղափոխվեցին «Այաքսի» երկու ֆուտբոլիստներ՝ Վիմ Յոնկն ու Դենիս Բերգամպը։

1990-ականների կեսերին Ռայոլան լքեց Sports Promotions ընկերությունը և սկսեց ինքնուրույն գործունեություն ծավալել։ Որպես անկախ գործակալ՝ Ռայոլայի առաջին տրանսֆերը եղավ Պավել Նեդվեդի՝ Պրահայի «Սպարտայից» «Լացիո» տեղափոխությունը։ Տրանսֆերը 1996 թվականին հռոմեական ակումբի համար արժեցավ 4,65 մլն եվրո։

Մինո Ռայոլան 2016 թվականի ամռանը իրականացրեց իր ամենախոշոր տրանսֆերը։ «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան այդ տարվա ամռանը այդ ժամանակվա համար ռեկորդային՝ 105 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նշվում է, որ Ռայոլան այդ գործարքից ստացված գումարով Մայամիում 9 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել իտալական մաֆիայի ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Ալ Կապոնեի առանձնատունը։

Ներկայումս բազմաթիվ ֆուտբոլիստներ ցանկանում են համագործակցել հենց Մինո Ռայոլայի հետ, քանի որ վստահ են, որ հենց իտալացի գործակալը կարող է նշանակալի դեր ունենալ տվյալ ֆուտբոլիստի կարիերայում։

Այժմ Մինո Ռայոլայի հետ համագործակցում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսք են Պոլ Պոգբան, Էրլինգ Հալանդը, Ջիանլուիջի Դոնարուման, Մաթիաս դե Լիխտը, Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Վերատին, Մարկուս Թյուրամը, Կոստաս Մանոլասը, Ալեսիո Ռոմանյոլին, Ջասթին Կլյուվերտը, Զլատան Իբրահիմովիչը, Մարիո Բալոտելին, Հիրվինգ Լոսանոն և շատ ու շատ այլ ֆուտբոլային աստղեր։

Մինո Ռայոլան և Ժորժե Մենդեշը գրեթե տարեկիցներ են։ Ժորժե Մենդեշը ծնվել է 1966 թվականի հունվարի 7-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Մենդեշի հայրն աշխատում էր Petrogal նավթաարդյունաբերական ընկերությունում, և դժվար չէ գուշակել, որ նրանք լավ պայմաններում էին ապրում։

Պատանի տարիքում Ժորժե Մենդեշը հետաքրքրված է եղել սպորտով։ Նա փորձել է զբաղվել թեթև աթլետիկայով, կարատեով, և իհարկե, ֆուտբոլով։ Մենդեշը հանդես էր գալիս նավթաարդյունահանող այդ ընկերության երիտասրդական թիմում։ Այդ ընթացքում նա ստացել է բարձրագույն կրթություն և երազում էր դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ճիշտ է՝ դպրոցից հետո Մենդեշը զորակոչվեց բանակ, քանի որ պորտուգալացի ֆուտբոլիստներին ազատում են բանակից, եթե հանդես են գալիս միայն «Բենֆիկայի» կամ «Սպորտիգնի» կազմում։ Պորտուգալիայի բանակում զինվորները ծառայում են ընդամենը 4 ամիսը, ինչը Մենդեշի ֆուտբոլային կարիերային այդքան էլ չխանգարեց, քանի որ մեծ հույսեր չէին կապում նրա հետ։ Մենդեշը որոշ ժամանակ անց լքեց Լիսաբոնը՝ տեղափոխվելով երկրի հյուսիսում գտվնող Վիանա-դու-Կոշտելու փոքրիկ քաղաքը, որտեղ նրա ավագ եղբայրը ձյութի վերամշակող ընկերության տնօրենն էր։ Մենդեշը սկսեց աշխատել եղբոր մոտ և հանդես էր գալիս Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Վինանենսե» ակումբի կազմում, սակայն որոշ ժամանակ այդ ակումբի կազմում հանդես գալուց հետո, նա ծնկի ծանր վնասվածք է ստանում և 30 տարին չբոլորած, ստիպված է լինում ավարտել կարիերան։

Չստացված կարիերայից հետո Մենդեշը որոշում է ճամփորդել Պորտուգալիայի տարածքում՝ այդ ընթացքում ընդլայնելով ծանոթությունների շրջանակը։ 1995 թվականին Մենդեշը որոշում է Պորտուի արվարձաններում մի շարք գիշերային ակումբներ բացել։ Այդ ակումբներից մեկում էլ Մենդեշը 1996 թվականին ծանոթանում է իր առաջին հաճախորդի հետ՝ «Վիտորիա Գիմարայեշի» դարպասապահ Նունու Էսպիրտու Սանտուի հետ։ Նրանց հիմնական խոսակցության թեման եղել է այն, որ Նունուն դժգոհ է եղել իր կարգավիճակից՝ ցանկանալով փոխել ակումբային գրանցումը։ Մենդեշը մի քանի զանգ է կատարել և 1996 թվականի հուլիսի 1-ին դարպասապահը 2,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Դեպորտիվո», իսկ այժմ մարզում է անգլիական «Վուլվերհեմպտոնը»՝ մինչ օրս էլ համագործակցելով Մենդեշի հետ։

1996 թվականին Ժորժե Մենդեշը հիմնադրեց Gestifute ֆուտբոլային գործակալությունը, ինչն էլ նրան դարձրեց շատերի կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլային գործակալը։ Մենդեշը հատկապես մեծ անուն ձեռք բերեց 2000-ականների կեսերին, երբ մի շարք պորտուգալացի տաղանդավոր ֆուտբոլիստներ սկսեցին տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա։ Այդ ֆուտբոլիստների թվում է եղել նաև դեռևս պատանի Կրիշտիանու Ռոնալդուն, ով 2003 թվալանին 19 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ թե ինչ տեղի ունեցավ հետոդուք բոլորդ էլ շատ լավ գիտեք։

Մենդեշի կարիերայի զարգացման խթաններից մեկը համարվում է նաև Ժոզե Մոուրինոյի հետ համագործակցությունը։ «Պորտուում» աշխատելու տարիներին «Յուրահատուկը» համագործացկցում էր բրազիլացի գործակալ Ժոզե Բայեկի հետ, սակայն պորտուգալական ակումբի հետ Չեմպիոնների լիգայի գավաթը հաղթելուց հետո Մոուրինիոն անսպասելիորեն հրաժարվեց Բայեկի ծառայություններից՝ սկսելով համագործակցել հենց Մենդեշի հետ։

Վերջերս հայտնի դարձավ, որ Ժոզե Մոուրինիոն նախքան «Չելսին» գլխավորելը շատ մոտ է եղել «Լիվերպուլը» գլխավորելուն, սակայն Ժորժե Մենդեշը մի քանի անգամ զանգահարեց «ազնվականների» նոր սեփականտեր Ռոման Աբրամովիչին, և Մոուրը գլխավորեց հենց «կապույտներին»։

2004 թվականին պորտուգալացի մասնագետի հետ «Չելսի» տեղափոխվեցին նաև Տիագո Մենդեշը, Ռիկարդու Կարվալյուն, ինչպես նաև Պաուլու Ֆերեյրան, որոնց գործակալը նույնպես Ժորժե Մենդեշն էր։

Մինչ օրս էլ Մենդեշն ու «Յուարահատուկը» աշխատում են միասին և ցանկացած տրանսֆեր Մոուրը քննարկում է ոչ ակումբի ղեկավարության հետ, այլ հենց Ժորժե Մենդեշի հետ։

Ժորժե Մենդեշն այնքան հաջողված գործակալ է, որ շատերի կարծիքով ֆուտբոլային աշխարհի լավագույն գործակալն է։ Նրան պատկանող Gestifute ընկերության տարեկան եկաումտն այժմ կազմում է 160 մլն եվրո։ Մենդեշը ՖԻՖԱ-ի կողմից երեք անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն գործակալ, իսկ նույն մրցանակը 2010-15 թթ վեց անգամ անընդմեջ` Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ։

Մեր օրերում Մենդեշը համագործակցում է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Բերնարդու Սիլվան, Էդերսոնը, Ֆաբինիոն, Ռուբեն Նեվեշը, Անխել դի Մարիան, Խամես Ռոդրիգեսը, Ժոաո Կանսելոն, Նելսեն Սեմեդոն, Գոնսալո Գուեդեշը, Ռուի Պատրիսիոն, Պեպեն, Բրունո Ալվեշը, Դիեգո Կոստան, Ռադամել Ֆալկաոն, Ֆաուզի Ղուլյամը, Արտյոմ Ձյուբան և շատ ու շատ այլ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։

Խորհրդանշական հավաքական – Մինո Ռայոլայի թիմ

Դարպասապահ – Ջիանլուիջի Դոնարումա («Միլան», 21 տարեկան, տրանսֆերային արժեք՝ 50 մլն եվրո)

Դարպասապահի դիրքում Դոնարուման գրեթե չուներ մրցակից։ Նրա տեղը կարող էին լինել «Ռեալի» և «Նիցցայի» դարպասապահներ Ալֆոնս Արեոլան և Վալտեր Բենիտեսը, սակայն մեր օրերում 21-ամյա Դոնարուման եվրոպական ֆուտբոլի ամենատաղանդավոր դարպասապահներից մեկն է, ով դժվար թե երկար մնա «Միլանում»՝ տեղափոխվելով այլ ակումբ։ Նրա համար արդեն հերթ են կանգնած ՊՍԺ-ն, «Ռեալը» և «Չելսին»։ Դժվար է պատկերացնել, սակայն Դոնարուման ընդամենը 21 տարեկան է, բայց հասցրել է «Միլանի» գլխավոր թիմի կազմում հանդես գալ արդեն 190 անգամ։ Ընթացիկ մրցաշրջանում էլ Ջիջին «ռոսոներիների» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 26 հանդիպման՝ անցկացնելով 10 «չոր» հանդիպում։

Կենտրոնական պաշտպաններԱլեսիո Ռոմանյոլի («Միլան», 25 տարեկան 36 մլն եվրո), Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս», 20 տարեկան, 67 մլն եվրո), Կոստաս Մանոլաս («Նապոլի», 28 տարեկան, 32 մլն եվրո)

Ինչպես տեսնում եք, Մինո Ռայոլայի թիմը հանդես կգա երեք կենտրոնական պաշտպանով, քանի որ գործակալի հաճախորդների շրջանակում գրեթե եզրային պաշտպաններ չկան։ Ամենահայտնի եզրային պաշտպանները նրա հաճախորդների շրջանակում «Կալյարիի» ձախ պաշտպան Լուկա Պելեգրինին է և «Լիոնի» աջ պաշտպան Քենի Տետեն։

Մաթիաս դե Լիխտի մասին խոսելու շատ բան չկա, բոլորին էլ ամեն ինչ հայտնի է։ 20-ամյա հոլանդացին եվրոպական ֆուտբոլի ամենատաղանդավոր և ամենախարիզմատիկ ֆուտբոլիստներից է, արդեն 18 տարեկանում դարձավ «Այաքսի» հիմնական կազմի ավագը, իսկ նախորդ մրցաշրջանում քիչ մնաց հոլանդական ակումբի հետ դուրս գար Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն փորձը չհերիքեց։ Այդ հաջողությունից հետո Դե Լիխտն ընդհանրապես դարձավ եվրոպական մի շարք գրանդ ակումբների գլխավոր թիրախը, սակայն հոլանդացի պաշտպանը մի փոքր անսպասելի որոշում կայացրեց և այդ պահին ռեկորդային՝ 85,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»։ Սակայն, թուրինյան ակումբում նրա մոտ ամեն ինչ չէ, որ լավ է, սակայն նա դեռևս ընդամենը 20 տարեկան է։ Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի պաշտպանը թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Կոստաս Մանոլասը հանրությանը հայտնի դարձավ «Ռոմայում» հանդես գալու տարիներից։ Հույն կենտրոնական պաշտպանը հռոմեական ակումբի շարքերը համալրել է 2014 թվականի ամռանը։ Այդ ժամանակ «Օլիմպիակոսը» խաղացողի տրանսֆերի դիմաց վաստակեց 15 մլն եվրո։ Մանոլասն իր հասուն խաղով քիչ-քիչ դարձավ «գայլերի» ամենաառանցքային և անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը։ Մանոլասին «Ռոմայի» շատ երկրպագուներ համարում են ակումբի լեգենդը, քանի որ ՉԼ 2017/18 մրցաշրջանում «Բարսելոնայի» դեմ քառորդ եզրափակիչ հանրահայտ խաղում հենց Մանոլասը խփեց հաղթական գնդակը՝ կերտելով անհավանական Comeback-ը (դիմակայության առաջին խաղում «Ռոման» պարտվել էր 1։4 հաշվով, իսկ պատասխան խաղում հաղթեց 3։0): Նախորդ տարվա ամռանը հույն պաշտպանը 36 մլն եվրոյի դիմաց անսպասելիորեն համալրեց «Ռոմայի» անմիջական մրցակիցներից մեկի՝ «Նապոլիի» շարքերը և նույն ձևով շարունակում է հանդես գալ նեապոլիտանական ակումբի կազմում։ «Նապոլիի» կազմում Կոստաս Մանոլասն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

Ալեսիո Ռոմանյոլին իտալական ֆուտբոլի ամենատաղանդավոր պաշտպաններից մեկն է, սակայն այդպես էլ մինչև վերջ չիրագործեց իր տաղանդը։ Երբ 2015 թվականին «Միլանը» 25 մլն եվրոյի դիմաց ձեռք էր բերում 20-ամյա Ռոմանյոլիին, բոլորը մեծ հույսեր էին կապում նրա հետ, սակայն վնասվածքները և անկայուն ելույթները նրան դարձրին միջակ պաշտպան։ Ռոմանյոլին այժմ «ռոսոներիների» առանցքային ֆուտբոլիստներից մեկն է և թիմի ավագը, սակայն նրա հետ չեն կապում այն հույսերը, ինչ տարիներ առաջ, և մեկ օր էլ ակումբը կորոշի նրան վաճառել։

Հենակետային կիսապաշտպան – Բլեզ Մատուիդի («Յուվենտուս», 33 տարեկան, 10,5 մլն եվրո)

Իհարկե, Բլեզ Մատուիդիի դիրքը բավականին պայմանական է, քանի որ այնքան ունիվերսալ և բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է, որ կար մի ժամանակ, երբ Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես էր գալիս որպես ձախ հարձակվող, սակայն նա կարիերայի մեծ մասն անցկացրել է դաշտի կենտրոնում՝ փակելով նաև հենակետային գոտին։

Մատուիդիին կարելի է համարել եվրոպական ֆուտբոլի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկը, քանի որ նա տաժանակիր կերպով հանդիպումների ընթացքում անչափ շատ «սև» աշխատանք է կատարում, սակայն այդպես էլ շատերի կողմից մնում է աննկատ։ Մատուիդիին այդ դիրքում ընտրելիս հաշվի ենք առել այն, որ այդ դիրքում Ռայոլան չունի շատ հաճախորդներ և Մատուիդիի հիմնական մրցակիցը «Հոֆֆենհայմի» հենակետային Դիադիե Սամասեկուն է։

33-ամյա ֆուտբոլիստը քիչ-քիչ կորցնում է իր որակները և արագությունը, սակայն մինչ օրս էլ համարվում է «Յուվենտուսի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Ֆրանսիացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կենտրոնական կիսապաշտպաններ – Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ», 27 տարեկան, 80 մլն եվրո), Մարկո Վերատի (ՊՍԺ, 27 տարեկան, 60 մլն եվրո)

Դժվար է ասել՝ Պոլ Պոգբան եվրոպական ֆուտբոլի ամենագերագնահատված ֆուտբոլիստներից մեկն է, թե իր տաղանդն ամենասխալ կերպով օգտագործողներից մեկը, քանի մի որ կար ժամանակ, երբ ֆրանսիացի կիսապաշտպանը հիանալի էր հանդես գալիս, հատկապես «Յուվենտուսում» հանդես գալու տարիներին։ 2012-2016 թթ․ Պոգբան թուրինյան ակումբի կազմում մասնակցեց 178 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ժամանակ Պոգբան ոչ միայն դառնում էր գեղեցկագույն գոլերի հեղինակ, այլև աչքի էր ընկնում հասուն խաղով և 2016 թվականի ամռանը Մինո Ռայոլան իրականացրեց իը գործակալական կարիերայի ամենախոշոր տրանսֆերը։ «ՄՅՈՒ»-ն այդ ժամանակ ռեկորդային՝ 105 մլն եվրոյի դիմաց հետ գնեց իր սանին, սակայն այդ տրանսֆերը կարելի է համարել ամենաձախողվածներից մեկը, քանի որ Պոգբան այժմ միայն ժամանակ առ ժամանակ է ցուցադրում այն ֆուտբոլը, որը ցուցադրում էր «Յուվենտուսի» կազմում։ Մինչ այժմ կարելի է հիշատակել միայն 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունը, երբ Պոգբան անչափ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեց՝ «եռագույնների» հետ դառնալով աշխարհի չեմպիոն։

Մինչ այժմ էլ 27-ամյա կիսապաշտպանը համարվում է եվրոպական ֆուտբոլի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը՝ գտնվելով գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, սակայն ընթացիկ մրցաշրջանը Պոգբան կատարելապես ձախողում է։ Նա ոչ միայն անընդհատ վնասվածքներ է ստանում, այլև հաճախ երբ առողջ է, չի հայտնվում մանկունյական ակումբի մեկնարկային կազմում, այդ իսկ պատճառով ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մարկո Վերատին վերջին տարինի իտալական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է և ՊՍԺ-ի արաբ շեյխերի ամենաառաջին ձեռքբերումներից մեկը։ Վերատին 2012 թվականին ընդամենը 12 մլն եվրոյի դիմաց «Պեսկարայից» տեղափոխվեց փարիզյան ակումբ և մինչ օրս դարձել է ՊՍԺ-ի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը։

Վերատին այն ֆուտբոլիստներից է, ում մասին խոսելիս առաջինը հիշում ենք պստիկ է, բայց ճստիկ է արտահայտությունը, քանի որ նա ունի ընդամենը 165 սմ հասակ, սակայն հենց իր փոքրամարմին լինելու հաշվին Վերատին անչափ արագաշարժ է։ Վերատիի հիմնական հաղթաթուղթը հիանալի տեխնիկան և արագությունն է, նա անչափ լավ է տեսնում դաշտը և հիանալի է տիրապետում փոխանցման տեխնիկային։ Իզուր չէ, որ ժամանակին նրա ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։

Իտալացի կիսապաշտպանի հիմնական թերությունը կարգապահությունն է։ Վերատին կարիերայի ընթացքում անցկացրել է 425 հանդիպում և այդ հանդիպումների ընթացքում 119 անգամ դեղին քարտ է ստացել, ևս 7 անգամ էլ հեռացվել է խաղադաշտից։ Իր ամենահիշարժան դեղին քարտը Վերատին ստացել է Իտալիայի հավաքականի կազմում, երբ մունդիալ 2018-ի անցումային խաղերի Շվեդիայի դեմ կայացած առաջին խաղում զգուշացվեց, ինչի պատճառով որակազրկվեց և բաց թողեց պատասխան խաղը։

Ենթահարձակվող – Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»/«Արսենալ», 31 տարեկան, 20 մլն եվրո)

Հայկական ֆուտբոլի ամենահաջողակ ֆուտբոլիստներից մեկին այս հավաքականում ընդգրկել ենք ոչ այն պատճառով, որ նա հայ է, այլև այն պատճառով որ Մինո Ռայոլայի հաճախորդների շրջանակում չկա ավելի համապատասխան ֆուտբոլիստ, ով կարող էր ընգրկվել այս հավաքականում։

Հենոյի մասին բոլորն էլ ամեն ինչ գիտեն, սակայն նշենք, որ հայ կիսապաշտպանն ու Մինո Ռայոլան սկսել են համագործակցել «Շախտյորում» հանդես գալու տարիներից սկսած։ Այդ ժամանակ Հենոյի ծառայություններով սկսել են հետաքրքրվել մի շարք եվրոպական գրանդ ակումբներ, սակայն Մխիթարյանը չի ունեցել լուրջ գործակալ, ով կօգներ նրան իրականացնել տրանսֆերը։ Այդ ժամանակ Մխիթարյանն ու նրա քույրը՝ Մոնիկան, կարողանում են կապնվել Ռայոլայի հետ, ով էլ օգնեց Հենոյին տեղափոխվել «Բորուսիա Դորտմունդ», իսկ մնացածն ինքներդ էլ գիտեք ամեն ինչ։

Ներկայումս Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանին անընդհատ խանգարում են վնասվածքները և ակնհայտ է, որ Հենոն տարեց տարի կորցնելու է իր նախկին որակները, քանի որ տարիքը սկսում է իրենն ասել։ Չնայած Հենոն այս մրցաշրջանում արդեն ստացել է 3 վնասվածք և միասին վերցրած բաց է թողել 16 հանդիպում, սակայն նույնիսկ դա չի խանգարում նրան արդյունավետ խաղ ցույց տալ հռոմեական ակումբի կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ձախ վինգեր – Մարկուս Թյուրամ («Բորուսիա Մյոնխենգլադբախ» 22 տարեկան, 22,5 մլն եվրո)

Լիլիան Թյուրամի որդին նոմինալ կենտրոնական հարձակվող է, սակայն նա հիանալի հանդես է գալիս նաև հարձակման եզրերից, այդ պատճառով էլ նրա մեր խաղային սխեմայում հանդես կգա ձախ եզրից։

Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Թյուրամին կարելի է համարել եվրոպական ֆուտբոլի բացահայտումներից մեկը, քանի որ նա մինչ «Բորուսիա Մյունխենգլադբախ» տեղափոխվելը, այնքան էլ արդյունավետ խաղով աչքի չէր ընկնում։ Միայն նշենք, որ նախքան «Բորուսիա» տեղափոխվելը Թյուրամը երկու մրցաշրջան հանդես է եկել ֆրանսիական «Գենգամի» կազմում, որի մարզաշապիկով հանդես է եկել 72 անգամ՝ դառնալով 17 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում 37 խաղում արդեն դարձել է 14 գոլի հեղինակ։

Թյուրամը եթե մի փոքր աշխատի իր տեխնիկայի և կատարողականության վրա, ապա կդառնա տիպիկ բազմաֆունկցիոնալ հարձակվող, ով կարող է հանդես գալ ինչպես հարձակման կրակածայրում, այնպես էլ եզրից, քանի որ ունի հիանալի արագություն և գոլային հոտառություն։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ և արդեն հայտնվել է ավելի բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում։ Հուսանք՝ Թյուրամն իր գեները և տաղանդը ճիշտ կօգտագործի՝ դառնալով եվրոպական ֆուտբոլի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։

Աջ վինգեր – Ջասթին Կլույվերտ («Ռոմա», 21 տարեկան, 22,5 մլն եվրո)

Եվս մեկ ներկայացուցիչ, ով լեգենդար ֆուտբոլիստի որդի է։ Ջասթին Կլույվերտը հոլանդական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի՝ Պատրիկ Կլույվերտի տղան է։

Ջասթինը, ինչպես Մարկուս Թյուրամը, բազմաֆունցկիոնալ հարձակվող է՝ հիմնականում հանդես գալով հարձակման եզրերում։ Կլույվերտը հիմնականում աչքի ընկավ «Այաքսում» հանդես գալու տարիներից, երբ բավականին հասուն ֆուտբոլ էր խաղում իր տարիքի համար։ Այդ ամենը նպաստեց, որ «Ռոման» 2018 թվականի ամռանը չափսոսա 17 մլն եվրոն՝ ձեռք բերելով նրան, սակայն հռոմեական ակումբի կազմում Կլույվերտը դեռևս չի կարողանում ցուցադրել այն ֆուտբոլը, որը խաղում էր ամստերդամյան ակումբի կազմում։ Չնայած, պետք է նշենք, որ հոլանդացի երիտասարդ վինգերն ընթացիկ մրցարջանը համեմատաբար ավելի հաջող է անցկացնում՝ 27 խաղում դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կլույվերտի հիմնական առավելությունը արագությունը և տեխնիկան է, սակայն շատ է տրվում անհատական խաղին՝ հաճախ կորցնելով գնդակը։ Կլույվերտը պետք է աշխատի նաև իր ֆիզիկական կարողությունների վրա, քանի որ հաճախ է ստանում վնասվածքներ։

Կենտրոնական հարձակվող – Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ», 19 տարեկան, 72 մլն եվրո)

Թող ներեն Զլատան Իբրահիմովիչի բոլոր երկրպագուները, բայց շվեդ հարձակվողը տարիքի հետ պայմանավորված եվրոպական առաջնություններում չի ցուցադրում այն ֆուտբոլը, ինչ տարիներ առաջ էր, իսկ Էրլինգ Հալանդը ընդամենը մի քանի ամսում ֆուտբոլային աշխարհում իսկական իրարանցում առաջացրեց։

19-ամյա հարձակվողը մինչ 2019/20 մրցաշրջանն առանձնապես աչքի չի նկել արդյունավետությամբ, իսկ այս մրցաշրջանում պարզապես գերազանցում է բոլոր ռեկորդները։ Նորվեգացի հարձակվողն անհավանան կերպով սկսեց մրցաշրջանը՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6 հանդիպման շրջանակում դառնալով 8 գոլի հեղինակ։ Այդ գնդակները նա խփեց 5 անընդմեջ խաղում՝ դառնալով միակ ֆուտբոլիստը, ով նորամուտի մրցաշրջանում 5 անընդմեջ խաղում դառնում է գոլի հեղինակ։

Ակնհայտ էր, որ Հալանդն այդ խաղով չէր մնա «Զալցբուրգի» կազմում, և իսկական որս սկսվեց նրա համար։ Բոլորից արագ կողմնորոշվեց «Դորտմունդի Բորուսիան»։ Նորվեգացի խաղացողի տրանսֆերն ամբողջությամբ արժեցավ 45 մլն եվրո, որից 20-ը բաժին հասավ ավստրիական ակումբին, 15 մլն ստացավ խաղացողի հայրը, իսկ ևս 10 մլն եվրո՝ Մինո Ռայոլան։

Նորվեգացի «մարդասպանը» պարզապես անհավանական գոլային հոտառություն ունի։ Նա առանձնապես չի փայլում տեխնիկական ունակություններով, սակայն գրեթե միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ պետք է հայտնվեր։ Հալանդն իր 194 սմ հասակի շնորհիվ հիանալի է խաղում նաև գլխով, իսկ իր հասակի համար նա նաև բավականին արագավազ է։ Արդեն այժմ պարզ է, որ նոր գերաստղ է ծագում և մոտ ապագայում նրան կտեսնենք Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարող որևէ ակումբի կազմում, իսկ հավանաբար նրան գնողները ստիպված կլինեն 100 մլն եվրոյից ավելի վճարել։

Հալանդն ընթացիկ մրցաշրջանում անհավանական արդյունավետություն է ցուցաբերում։ Նա մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Մինո Ռայոլայի թիմի խաղային սխեման

Խորհրդանշական հավաքական – Ժորժե Մենդեշի թիմ

Դարպասապահ – Էդերսոն («Մանչեթեսր Սիթի», 26 տարեկան, 56 մլն եվրո)

Էդերսոնը միանշանակ եվրոպական ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկին է։ Ճիշտ է՝ Բրազիլիայի հավաքականում հիմնական կազմի պայքարում Էդերսոնը մրցակցությունը պարտվում է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերին, սակայն 26-ամյա դարպասապահն արդեն քանի տարի է վստահ խաղով է աչքի ընկնում։ Նրա հիմանական առավելություններից մեկն այն է, որ հիանալի է հանդես գալիս ոտքերով՝ տիրապետելով տեխնիկայի և փոխանցումների բոլոր նրբություններին։ Էլ ի՞նչ դարպասապահ, եթե հանդես է գալիս Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ և լավ չի տիրապետում այդ ամենին։ Հենց այդ պատճառով էլ «Ման Սիթիի» ղեկավարությունը 2017 թվականի ամռանը չխնայեց 40 մլն եվրո և «Բենֆիկայից» ձեռք բերեց տաղանդավոր ֆուտբոլիստին։ Չնայած ընթացիկ մրցաշրջանը դարպասապահը մի փոքր անվաստահ է անցակցնում, սակայն անցկացրած 31 խաղում հասցրել է 13 «չոր» հանդիպում գրանցել իր անվան դիմաց։

Կենտրոնական պաշտպաններ – Բրունո Ալվեշ («Պարմա», 38 տարեկան, 800 հազար եվրո), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի», 32 տարեկան, 14,5 մլն եվրո), Ռուբեն Դիաշ («Բենֆիկա», 23 տարեկան, 30,5 մլն եվրո)

Սկսենք Բրունո Ալվեշից, ով երկու խորհրդանշական հավաքականների ամենատարեց և ամենացածր արժեք ունեցող ֆուտբոլիստն է։ Պորտուգալացի պաշտպանը 38 տարեկան հասակում համարվում է ոչ միայն «Պարմայի» ավագը, այլև ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ է։ Նույնիսկ այդ տարիքին վետերան պաշտպանը հիանալի է կատարում իր աշխատանքը և անհավանական ֆիզիկական պատրաստվածություն ունի։ Ալվեշը նաև իր թիմի հիմնական տուգանայիններ իրացնողն է, ինչն էլ նրան օգնում է հաճախ դառնալ գոլի հեղինակ։ Ճիշտ է՝ ընթացիկ մրցաշրջանում վետերան պաշտպանը դեռևս գոլի հեղինակ չի դարձել, սակայն նախորդ մրցարշրջանը դարձավ նրա կարիերայի ամենաարդյունավետներից մեկը․ Ալվեշը 2018/19 մրցաշրջանում դարձել էր 4 գոլի հեղինակ։ Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանը միանշանակ վերջինը չէ Ալվեշի համար, քանի որ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Նիկոլաս Օտամենդիին կարելի է համարել եվրոպական ֆուտբոլի այն խաղացողներից, ով այդպես էլ մինչև վերջ չբացվեց՝ չդառնալով թոփ պաշտպան։ Օտամենդին երիտասարդ տարիքում «Վալենսիայի» և «Մանչեսթեր Սիթիի» ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, սակայն վերջին տարիներին Պեպ Գվարդիոլան հիմնականում նրան օգտագործում է որպես ռոտացիոն ֆուտբոլիստ։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի պաշտպանը «Սիթիի» կադրային խնդիրների պատճառով ավելի շատ է հայտնվում խաղադաշտում, սակայն տարօրինակ և մանկական սխալներ շատ է թույլ տալիս, այդ պատճառով էլ, հավանական է, որ Օտամենդին ամռանը կհեռանա Անգլիայից։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա պաշտպանը 32 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերի շրջանակում՝ դառնալով 3 գոլի հեղինակ, սակայն Էմերիկ Լապորտի և Ջոն Սթոունզի վերականգնվելուց հետո քիչ է հավանական, որ նա կրկին կխաղա մեկնարկային կազմում։

Ռուբեն Դիաշը համարվում է պորտուգալական ֆուտբոլի հերթական ծագող աստղերից մեկը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Դիաշը հասցրել է 17 հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականի կազմում։ 23-ամյա պաշտպանը վստահ խաղի շնորհիվ հասցրել է հայտնվել մի շարք եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Խաղացողին ցանկանում են ձեռք բերել «Արսենալը», «ՄՅՈՒ»-ն, «Ման․ Սիթին» և շարք այլ ակումբներ։

Դիաշը իր բարձր հասակի շնորհիվ նաև կարողանում է դառնալ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի պաշտպանը 39 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Բարձր հասակը նրան հիանալի է օգնում նաև պաշտպանվելիս։ Հուսով ենք, որ երիտասարդ պաշտպանը կարիերայի զարգացման համար ճիշտ քայլեր կձեռնարկի, ոչ թե կկորի բազմաթիվ այլ հեռանակարային ֆուտբոլիստների պես։

Հենակետային կիսապաշտպան – Ֆաբինիո («Լիվերպուլ», 26 տարեկան, 56 մլն եվրո)

Ֆաբինիոն տարեց տարի ավելի հասուն ֆուտբոլ է ցուցադրում՝ քայլ առ քայլ դառնալով Եվրոպայի լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկը։ Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը վերջնականապես հարմարվեց «Լիվերպուլի» խաղին՝ դառնալով մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Հատկանշական է, որ երբ 26-ամյա կիսապաշտպանը դաշտում է մերսիսայդցիների ավագ Ջորդան Հենդերսոնը ավելի շատ ազատություն է ստանում և քիչ է մտածում պաշտպանողական գործողությունների մասին, ինչն ավելի արդյունավետ է «Լիվերպուլի» համար։

Հատկանշական է, որ Ֆաբինիոն նաև բավականին բազմաֆունցիոնալ ֆուտբոլիստ է։ «Մոնակոյում» հանդես գալու տարիներին նա հիմնականում հանդես էր գալիս աջ պաշտպանի դիրքում և ավելի հայտնի էր որպես աջ պաշտպան, և 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ Յուրգեն Կլոպը նրան ձեռք էր բերում որպես պահեստային աջ պաշտպան, սակայն այդ դիրքում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը գրեթե ոչ մի խաղ բաց չի թողոնւմ, իսկ Ֆաբինիոն պարզվեց հենակետային գոտում ավելի շատ օգուտ կարող է տալ «կարմիրներին»։ Եթե Ֆաբինիոն մի փոքր ավելի ֆիզիկապես կայուն ֆուտբոլիստ դառնա, ապա վստահ ենք՝ կդառնա լավագույն հենակետայիններից մեկը, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր որակները՝ խաղը կարդալու հիանալի ունակություն, փոխանցումների ճշգրտություն, 188 սմ հասակ, որն օգնում է հիանալի հանդես գալ նաև երկրորդ հարկում, հեռահար հարվածներ և այլն։

Կենտրոնական կիսապաշտպաններ – Ռուբեն Նեվեշ («Վուլվերհեմպտոն», 23 տարեկան, 40 մլն եվրո), Ժոաո Մոուտինիո («Վուլվերհեմպտոն», 33 տարեկան, 8 մլն եվրո)

Ինչպես Ռուբեն Դիաշը, այնպես էլ Ռուբեն Նեվեշը, պորտուգալական ֆուտբոլի հույսերից մեկն է։ 23-ամյա կենտրոնական կիսապաշտպանը մեծ ֆուտբոլում է 17 տարեկանից, իսկ 18 տարեկան հասակում դարձավ «Պորտուի» պատմության ամենաերիտասարդ ավագը։

Երբ 2017 թվականին Նեվեշն ընդամենը 18 մլն եվրոյի դիմաց տեղափոխվում էր «Վուլվերհեմպտոն», բոլորը զարմացած էին, թե տաղանդավոր ֆուտբոլիստն ինչու է ընտրել հենց այդ ակումբը, սակայն այն ժամանակ դեռևս ոչ ոքի հայտնի չէր «գայլերի» «պորտուգալական» ծրագրերը։ Ներկայումս Նեվեշը գնահատվում է 40 մլն եվրո՝ համարվելով անգլիական ակումբի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը, իսկ այժմ նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական գրեթե բոլոր գրանդ ակումբները և ընթացիկ մրցաշրջանում անցկացնում է իր կարիերայի լավագույն մրցաշրջանը։ 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «գայլերի» կազմում բաց է թողել ընդամենը 5 հանդիպում և մասնացկել է Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած բոլոր հանդիպումներին։ 2019/20 Նեվեշը «Վուլվզի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ 43 խաղերից մեկն էլ անցկացրել է Եվրպոա լիգայի երրորդ որակավորման փուլի շրջանակում կայացած «Փյունիկի» դեմ խաղում։ Երևանում կայացած խաղում Նեվեշը դրեց հանդիպման վերջակետը, երբ խաղավարտին մոտ հստակորեն իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հաշիվը դարձնելով 0։4։

Ճիշտ է՝ Նեվեշն այնքան էլ արդյունավետ ֆուտբոլիստ չէ, սակայն անհավանական աշխատանք է կատարում իր թիմի կազմում՝ համարվելով եվրոպական ֆուտբոլի box-to-box ոճի ամենատաղանդավոր կիսապաշտպաններից մեկը։ Նա հիանալի է պաշտպաններից եկած գնդակը հասցնում հարձակվողներին։

Ժոաո Մոուտինիոն եվրոպական ֆուտբոլի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկն է, սակայն գրեթե որ ակումբի կազմում հանդես է եկել միայն օգուտ է տվել։

Նույնիսկ 33 տարեկան հասակաում Մոուտինիոն անհավանական որակյալ աշխատանք է կատարում խաղադաշտում։ Բացի դարնից՝ պորտուգալացի ֆուտբոլիստը գերկայուն ֆուտբոլիստ է, ով նաև ֆիզիկապես է կայուն՝ գրեթե չստանալով վնասվածքներ։ Պորտուգալացի կիսապաշտանը կարիերայի ընթացքում ստացել է ընդամենը 7 վնասվածք, իսկ ամենաերկարը բաց է թողել ընդամենը 34 օր։ Հենց դա էլ 33-ամյա կիսապաշտպանին ընթացիկ մրցաշրջանում օգնում է բավականին հաջող մրցաշրջան անցկացնել «Վուլվերհեմպտոնի» կազմում։

Անհավանական է, բայց Մոուտինիոն ընթացիկ մրցաշրջանում «գայլերի» կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ բաց թողնելով ընդամենը երկու ոչ կարևոր խաղ։ Մոուտինիոն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ երկու անգամ մասնակցեց նաև «Փյունիկի» դեմ խաղերին։ Մոուտինիոն այդ 46 խաղերում դարձել է նաև 1 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «գայլերի» ստանդարտներ իրացնող հիմնական ֆուտբոլիստն է, ինչն էլ օգնում է նրան բավականին արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել։

Հատկանշական է, որ Ժոաո Մոուտինիոն շատերի համար անսպասելիորեն 121 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում և այդ ցուցանիշով զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին (164 խաղ), և Լուիշ Ֆիգուին (127 խաղ): 2016 թվականին Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում 66-րդ րոպեին նա մտավ փոխարինման, իսկ 109-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Էդերին, ով էլ պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիայի հավաքականին պարգևեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Ձախ վինգեր – Դիոգո Ժոտա («Վուլվերհեմպտոն», 23 տարեկան, 28 մլն եվրո)

Հերթական գերտաղանդավոր ֆուտբոլիստը, ով ոչ միայն պորտուգալացի է, այլև հանդես է գալիս «Վուլվերհեմպտոնի» կազմում։ Դիոգո Ժոտան այն բազմաթիվ պորտուգալացի ֆուտբոլիստներից է, ով դարձել է անգլիական ակումբի «պորտուգալական» ծրագրի ամենաստացված ձեռքբերումներից մեկը։

Ժոտան ոչ միայն խելացի և տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստ է, այլև բավականին ունիվերսալ է, ով կարողանում է հարձակվել ինչպես ձախից, այնպես էլ հենց կենտրոնից։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուն հաճախ նախընտրում է խաղալ 3-5-2 մարտավարական սխեմայով և այդ դեպքում Ռաուլ Խիմենեսի հետ զույգ է կազմում հենց Ժոտան, իսկ 3-4-3 սխեմայի դեպքում Ժոտան խաղում է ձախից։

Միանշանակ ընթացիկ մրցաշրջանը 23-ամյա հարձակվողի կարիերայում լագավույններից մեկն է։ Ժոտան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկապես տպավորիչ էր նրա ելույթը Եվրոպա լիգայի խմբային փուլում «Բեշիկթաշի» դեմ կայացած տնային հանդիպումը, երբ 56-րդ րոպեին Ժոտան դուրս եկավ փոխարինման և 57-68-րդ րոպեների ընթացքում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Հատկանշական է, որ «Էսպանյոլի» դեմ կայացած 1/16 եզրափակչի առաջին խաղում Ժոտան կրկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նշենք նաև, որ Ժոտան նախորդ տարի օգոստոսին երկու անգամ մասնակցեց նաև «Փյունիկի» դեմ խաղերին։ Երևանում կայացած խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման, իսկ պատասխան խաղում 1 գոլի հեղինակ։ Այսպիսի ելույթնրեի շնորհիվ Ժոտան դժվար թե երկար մնա «գայլերի» կազմում․ նրան եվրոպական գրանդները «կփախցնեն» ամռանը։

Ենթահարձակվող – Բերնարդո Սիլվա («Մանչեսթեր Սիթի», 25 տարեկան, 80 մլն եվրո)

Բերնարդո Սիլվան «Մոնակոյի» «ոսկե» սերնդի այն ներկայացուցիչներից էր, ով հետագայում խոշոր գումարի դիմաց պետք է վաճառվեր։ Բերնարդոն դեռևս «Մոնակոյում» հանդես գալու տարիներին ապացուցեց, որ անհավանական խելացի ֆուտբոլիստ է, այդ պատճառով էլ 2017/18 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Սիթին» 50 մլն եվրոյով ձեռք բերեց նրան։

Բերնարդոյի խելացիությունն ավելի ակնհայտ դարձավ հատկապես 2018/19 մրցաշրջանում, երբ Կևին դե Բրոյնեի բացակայության պարագայում Պեպ Գվարդիոլան նոմինալ աջ վինգերին ստիված եղավ տեղափոխել կիսապաշտպանության կենտրոն։ Պորտուգալացի ֆուտբոլիստն այդ դիրքում այնպես էր խաղում, կարծես ողջ կարիերան խաղացել է հենց այդ դիրքում։ Ավելին՝ Բերնանդոն այդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դարձավ 13 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում էլ պորտուգալացի ֆուտբոլիստը կայուն տեղ ունի «Սիթիի» մեկնարկային կազմում։ Այս մրաշրջանում նա մասնակցել է 40 հանդիպման դառնալով՝ 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ընդհանրապես Բերնանդո Սիլվան Պորտուգալիայի հավաքականի ներկայիս սերնդի ամենատաղանդավոր և ամենախելացի ֆուտբոլիստներից մեկն է, ով վաղուց ամրագրել է իր տեղը եվրոպական բրազիլացիների հիմնական կազմում։ 25-ամյա կիսապաշտպանը Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում բոլոր 6 հանդիպումներին մասնակցել է գրեթե առանց փոխարինման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ձախ վինգեր – Անխել դի Մարիա (ՊՍԺ, 32 տարեկան, 32 մլն եվրո)

Եվրոպական ֆուտբոլի ևս մեկ թերագնահատված ֆուտբոլիստ։ Անխել դի Մարիայի մասնակցությամբ չենք հիշում գեթ մեկ հանդիպում, երբ նա խաղադաշտում գլուխ պահի կամ հանդես չգա ուժերի գերլարումով։ Դի Մարիան այն ակումբների կազմում, որտեղ որ հանդես է եկել միայն օգուտ է տվել այդ ակումբին։ Բացառություն կարելի է համարել միայն «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ձախողված մրցաշրջանը։

Հատկանշական է, որ արգենտինացի ֆուտբոլիստն այնքան բազմաֆունկցիոնալ է, որ կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ նույնիսկ կենտրոնական հարձակվողի դիրքում, իսկ ընդհանուր առմամբ խաղացել է խաղային 7 դիրքերում։

Դի Մարիան նման է կոնյակի, որքան ծերացավ, այքան ավելի հասուն ֆուտբոլ սկսեց ցուցադրել, ինչն աչքի է զարնում հատկապես ընթացիկ մրցաշրջանում։ Արգենտինացի ֆուտբոլիստը դարձել է ՊՍԺ-ի անփոխարինելի ֆուտբոլիստ, ով դաշտում անհավանական աշխատանք է կատարում։ Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան դարձել է բազմաթիվ գեղեցիկ գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ։ Նրա գոլերից շատերը գրանցվել են տուգանային հարվածի իրացումից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Գոլային փոխանցումների առումով նա լավագույններից մեկն է եվրոպական ֆուտբոլի շրջանակում։ Հուսով ենք՝ Դի Մարիային դեռևս երկար կտեսնենք բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնելիս։

Կենտրոնական հարձակվող – Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», 35 տարեկան, 60 մլն եվրո)

Երկու խորհրդանշական հավաքականների զարդին թողել էինք ամենավերջում։ Ի՞նչ պատմես մի ֆուտբոլիստի մասին, ով 5 անգամ արձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր, ևս 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև բազմաթիվ այլ թիմային և անհատական մրցանակներ նվաճել։ Բոլորին էլ ամեն ինչ հայտնի է, և նույնիսկ 35 տարեկան հասակում պորտուգալացի ֆուտբոլիստը հիացմունք առաջացնող ֆուտբոլ է ցուցադրում։ Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն կար մի հատված, երբ Ա սերիայի շրջանակում 11 անընդմեջ խաղում դառնում էր գոլի հեղինակ։ Ռոնալդուն կարծես թե չի համակերպվում Լեո Մեսսիի վեցերորդ «Ոսկե գնդակի» հետ՝ անելով ամեն ինչ, որպեսզի կրկին հավասարվի նրան։

Միայն կարող ենք ասել, որ Կրիշտիանուն իր կարիերայի ընթացքում մասնակցել է ուղիղ 1000 հանդիպման՝ դառնալով 725 գոլի հեղինակ և 257 գոլային փոխանցման հեղինակ։ Այս ցուցանիշներով Ռոնալդուն միանաշանակ ֆուտբոլի պատմության լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը։

Ժորժե Մենդեշի թիմի խաղային սխեման

Ահա և մեր ընթերցողներին ներկայացրինք ֆուտբոլային երկու գիգանտ գործակալների՝ Մինո Ռայոլայի և Ժորժե Մենդեշի հաճախորդներից կազմված խորհրդանշական հավաքականները։ Ինչպես տեսնում եք, երկու խորհրդանշական հավաքականներն էլ գրեթե նույն խաղային սխեմաներն են, սակայն տարբեր ձևաչափերով։ Մինո Ռայոլայի կազմի ընդհանուր արժեքը կազմում է 472 մլն եվրո, իսկ Ժորժե Մենդեշինը՝ 405,8 մլն եվրո։

Երկու հավաքականների համար էլ ընտրվել է երեք կենտրոնական պաշտպանով խաղային սխեմա, քանի որ ո՛չ Ռայոլայի և ո՛չ էլ Մենդեշի հաճախորդների շրջանակում չկան բարձրակարգ եզրային պաշտպաններ, և եթե Մենդեշի հաճախորդներից կարելի էր ոմանց առանձնացնել, ապա Ռայոլայի մոտ ընդհանրապես այդպիսիք չկային։

Պետք է նշենք նաև, որ խաղային դիրքերը բավականին պայմանանական են՝ հաշվի առնելով նաև մերօրյա տոտալ ֆուտբոլը։ Մեկ կարևոր նկատառում ևս․ երկու խորհրդանշական հավաքականներում էլ ընդգրկված խաղացողներն էլ ընդգրկվել են ոչ թե իրենց անունների համար, այլև այն ֆուտբոլի, որը ցուցադրում են վերջին տարիներին, այնինչ Մենդեշի կազմում կարող էին ընդգրկվել նաև, օրինակ, Պեպեն, Ժոաո Կանսելոն, Նելսոն Սեմեդոն, Խամես Ռոդրիգեսը, Ռադամել Ֆալկաոն, իսկ Ռայոլայի թիմում՝ Զլադան Իբրահիմովիչը, Մարիո Բալոտելին, Ֆաուզի Ղուլյամը և շատ ու շատ այլ անվանի ֆուտբոլիստներ։

Հատկանշանակ է, որ երկու գործակալների հաճախորդների շրջանակում բարձրակարգ պաշտպանողական ֆուտբոլիստների բացակայությունը կարելի է բացատրել նրանով, որ մեր օրերում, որոշ բացառություններ հաշվի առնելով, պաշտպանների համար ակումբները վճարում են ավելի քիչ, քան հարձակմանը միտված խաղացողներին։

Հ․Գ․ նշենք, որ բոլոր տվյալները վերցված են Transfermarkt.com կայքից։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023