Չեմպիոնական հույսերը  նվազում են․ Միլանը կրկին միավորներ կորցրեց🎥

Չեմպիոնական հույսերը նվազում են․ Միլանը կրկին միավորներ կորցրեց🎥

03/04/2021 - 16:33

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում ճիշտ է՝ գնդակին ավելի շատ տիրում էին «ռոսոներիները» (54%), սակայն Ջենոայից ժամանած հյուրերի գրոհներն ավելի վտանգավոր էին, ինչպես նաև նրանք ավելի շատ դիպուկ հարված կատարեցին մրցակցի դարպասին (3 դիպուկ հարված), որոնք, սակայն, գոլի չվերածվեցին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

57-րդ րոպեին Կլաուդիո Ռանիերիի սաները բացեցին խաղի հաշիվը․ Տեո Էրնանդեսը սեփական տուգանային հրապարակի մատույցներում սխալ փոխանցում կատարեց, ինչից հետո գնդակը հայտնվեց 38-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի մոտ, ով էլ, նկատելով, որ Ջանլուիջի Դոնարուման դուրս է եկել իր տեղից, հիանալի հարվածով գրավեց «Միլանի» դարպասը։

Խփած գոլից հետո «Սամպդորիան» անմիջապես մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ 59-րդ րոպեին Ադրիեն Սիլվան, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից։

Ստանալով քանակական առավելություն՝ տանտերերը նետվեցին առաջ, որպեսզի փրկեն հանդիպումը։

Ստեֆանո Պիոլիի սաներին երկար ժամանակ չէր ստացվում խփել պատասխան գոլը, սակայն 87-րդ րոպեին, ի վերջո, հաշիվը դարձավ 1։1, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման մտած Յենս Պետեր Հագուեն՝ եզրափակելով Ֆրանկ Կեսիեի փոխանցումը։

Խաղավարտին մոտ՝ 90+2-րդ րոպեին, աչքի ընկնելուն մոտ էր արդեն Կեսիեն, սակայն իվուարցի կիսապաշտպանի հարվածից հետո «Սամպդորիային» փրկեց դարպասաձողը, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Այսպիսով, «Միլանը» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 60 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 5 միավոր, սակայն «ներաձուրիները» երկու հանդիպում պակաս են անցկացրել։

«Սամպդորիան» էլ 36 միավորով 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023