«Կարմիր սատանաները» փայլում են՝ որևէ հնարավորություն չտալով բասկերին🎥

«Կարմիր սատանաները» փայլում են՝ որևէ հնարավորություն չտալով բասկերին🎥

18/02/2021 - 23:43

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Այս հանդիպումը պետք է կայանար Իսպանիայում՝ Սան Սեբաստիանում, սակայն, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Իսպանիան Մեծ Բրիտանիայի համար փակ է բոլոր տեսակի հաղորդակցությունների համար, այդ պատճառով էլ ՈՒԵՖԱ-ն հանդիպման վայրը փոխեց՝ տանելով Թուրին։

«Կարմիր սատանաները» խաղը բավական ակտիվ սկսեցին և մեկնարկում միայն Մարկուս Ռեշֆորդը երկու անգամ կարող էր աչքի ընկնել, սակայն երկու դեպքում էլ բասկյան ակումբին փրկեց դարպասապահ Ալեքս Ռեմիրոն։

Ամեն դեպքում, 27-րդ րոպեին Օլե-Գունար Սուլշերի սաների առավելությունը տվեց իր պտուղները, քանի որ նույն Ռեշֆորդի կատարած փոխանցումից հետո Բրունո Ֆերնանդեշն առաջ մղեց մանկունյական ակումբին։

Ինչ վերաբերում է «Ռեալ Սոսիեդադին», ապա այնպես չէ, որ Իմանոլ Ալգուասիլի թիմը պահեր չուներ, սակայն դրանք այնքան էլ իրենց մեջ վտանգ չէին պարունակում։

Առաջին խաղակեսում Ֆերնանդեշի խփած գոլը միակն էր, և թիմերն ընդիմջման գնացին 0։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում բասկյան ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն խաղն ակնհայտ անցնում էր «Յունայթեդի» ֆուտբոլիստների սցենարով, ովքեր 57-րդ րոպեին արդեն կրկնապատկեցին իրենց առավելությունը, իսկ գոլի հեղինակ դարձավ կրկին Բրունոն։

65-րդ րոպեին էլ հաշիվը «Ռեալ Սոսիեդադի» համար դարձավ պարզապես ջախջախիչ։ Վերջապես իր գոլը խփեց նաև Մարկուս Ռեշֆորդը։

«Սոսիեդադի» վերջնական ջախջախումն ավարտին հասցրեց Դանիել Ջեյմսը, ով գոլի հեղինակ դարձավ 90-րդ րոպեին՝ դնելով հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 4։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ, և կարելի է ասել, որ լուծում է այս դիմակայությունում հաղթողի վերաբերյալ բոլոր խնդիրները։

Հավելենք միայն, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին՝ Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023