Մանչեսթերը շարունակում է կարմիր մնալ?

Մանչեսթերը շարունակում է կարմիր մնալ?

08/03/2020 - 23:22

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում կայացավ հերթական մանչեսթերյան դերբին։ «Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշաշերում «քաղաքաբնակների» նկատմամբ տարավ երրորդ հաղթանակը։

Կարելի է ասել, որ «կարմիր սատանաներն» ընդհանուր առմամբ փայլուն հանդիպում անցկացրին՝ գրեթե ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին։ Առաջին խաղակեսում հյուրերն ընդամենը մեկ անգամ կարողացան սպառնալ Դավիդ դե Խեային, երբ Ռահիմ Սթերլինգի հարվածից հետո իսպանացի դարպասապահը փրկեց իր թիմին։

30-րդ րոպեին տանտերերը ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք ստացան։ Բրունու Ֆերնանդեշը հիանալի փոխանցում կատարեց Անտոնի Մարսիալի ուղղությամբ, իսկ 24-ամյա հարձակվողի հարվածից հետո հյուրերի դարպասապահ Էդերսոնը չափազանց անհաջող գործեց, և գնդակը հայտնվեց ցանցում։

48-րդ րոպեին «Սիթիի» խաղացողներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն Սերխիո Ագուերոյի մոտ միլիմետրանոց խաղից դուրս իրավիճակ արձանագրվեց։

Ագուերոյի դրվագից ընդամենը վայրկյաններ անց Էդերսոնը քիչ մնաց երկրորդ գնդակը բերեր իր դարպասին, երբ Ժոաո Կանսելուի փոխանցումը չափազանց անհաջող կասեցրեց, սակայն կարողացավ արագ կողմնորոշվել և թույլ չտվեց Անտոնի Մարսիալին կրկնապատկել հաշվի տարբերությունը։

Հանդիպման մնացած հատվածում երկու թիմերն էլ մեկական անգամ կարող էին աչքի ընկնել, սակայն Ֆիլ Ֆոդենի և Դանիել Ջեյմսի հարվածներից հետո դարպասապահներն իրենց թիմերին փրկեցին վերահաս գոլից։

Երբ թվում էր հանդիպումն այդպես էլ կավարտվի, Էդերսոնը շարունակեց իր «հերոսությունները»։ Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 7-րդ րոպեին բրազիլացի դարպասապահը շտապեց գնդակն արագ մտցնել խաղի մեջ, սակայն նրա ձեռքով նետած գնդակը հայտնվեց Սկոթ Մաքտոմինայի մոտ, ով էլ մեկ հպումով կատարած հարվածով դրեց հանդիպման վերջակետը։

«Մանչեսթեր Սիթին» չափազանց անհաջող հանդիպում անցկացրեց։ Զգացնել տվեց Կևին դե Բրոյնեի բացակայությունը, իսկ Էդերսոնը պարզապես ձախողեց հանդիպումը։ «Մանչեսթեր Յունայթեդն», ընդհակառակը, վերջին շրջանում շատ ավելի լավ է հանդես գալիս և ահագին ավելացրել է խաղային առումով։ Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերը եղավ ճիշտ ժամանակին։

Այսպսիով, «կարմիր սատանաները» վաստակեցին 45 միավոր և բարձրացան 5-րդ հորզիոնական՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին» զիջելով 3 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» մնաց 57 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 25 միավոր։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023