ՀՖՖ-ից պաշտոնապես հրավեր ստացել են, բայց հրաժարվել են մասնակցել. ինչո՞ւ ՀՖՖ 30-ամյակի միջոցառումներին ներկա չեն գտնվել  Մխիթարյանը,   Հովսեփյանն ու  Մինասյանը

ՀՖՖ-ից պաշտոնապես հրավեր ստացել են, բայց հրաժարվել են մասնակցել. ինչո՞ւ ՀՖՖ 30-ամյակի միջոցառումներին ներկա չեն գտնվել Մխիթարյանը, Հովսեփյանն ու Մինասյանը

17/06/2022 - 19:12

Ինչպես հայտնի է, անցնող օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք միջոցառումներ անցկացրեց` նվիրված ՀՖՖ 30-ամյակին։

Այդ միջոցառումներին ներկա էին այնպիսի անձնինք, ինչպիսիք էինք ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՈՒեՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, Ֆերնանդիո Հիերոն, Յուրի Ջորկաեֆը, Թիմ Կեյհիլը և այլք։

Այդուհանդերձ, ՀՖՖ-ի կողմից կազմակերպված միջոցառումներին ներկա չէին հայկական ֆուտբոլի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ։ Խոսքը, մասնավորապես, Հենրիխ Մխիթարյանի, Սարգիս Հովսեփյանի և Վարդան Մինասյանի մասին է։

Football Time ֆեյսբուքյան էջը տեղեկություն է հայտնել, թե ինչու են վերոնշյալ անձինք բացակայել այդ իրադարձությունից` կատարելով հետևյալ գրառումը.

«Օրեր առաջ ՀՖՖ-ն սկսեց 30-ամյակին նվիրված տարբեր միջոցառումներից բաղկացած շարքը` ցուցադրական հանդիպում Ծովագյուղում, Գալա ընթրիք, Աբովյանի քաղաքային մարզադաշտի վերաբացման արարողություն և Հայաստան – Վրաստան լեգենդների հանդիպում։

Երևան էին ժամանել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, Յուրի Ջորկաեֆը, Ֆերնանդո Հիերոն և մի շարք այլ հայտնի ֆուտբոլային դեմքեր։ Սակայն ֆուտբոլասեր հանրության, ինչպես նաև մեզ համար տարօրինակ էր այդ միջոցառումներին մի շարք կարևոր անձանց բացակայությունը. մասնավորապես խոսքն, իհարկե, Հենրիխ Մխիթարյանի, Սարգիս Հովսեփյանի (Հենրիխն ու Սարգիսը ընդգրկված էին վերջին 30 տարիների լավագույնների թիմում), Վարդան Մինասյանի և Մարինա Թաշչյանի մասին է։

Football Time-ն այս առնչությամբ գրավոր հարցում ուղարկեց ՀՖՖ հասարակայնության հետ կապերի բաժին, ինչին ի պատասխան՝ մեզ տեղեկացրին, որ վերոնշյալ բոլոր անձինք հրավիրված են եղել նշված միջոցառումներին, սակայն ներկա չեն գտնվել։ ՀՖՖ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին նաև, որ Սարգիս Հովսեփյանը՝ որպես ավագ, իսկ Վարդան Մինասյանը՝ որպես մարզիչ, հրավիրվել են Հայաստան – Վրաստան լեգենդների հանդիպմանը, սակայն հրաժարվել են մասնակցությունից։

Football Time-ի ներկայացուցիչը կապ հաստատեց նրանց հետ` ստանալու նաև նրանց պարզաբանումը այս առնչությամբ։ Վարդան Մինասյանը և Սարգիս Հովսեփյանը հաստատեցին հրավիրված լինելու փաստը, սակայն հրաժարվեցին խոսել ներկա չգտնվելու պատճառների մասին։

Փորձեցինք նաև կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի մայրիկի` ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի նախկին պետ, գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի հետ:

Տիկին Թաշչյանը ևս հաստատեց իր և Հենրիխ Մխիթարյանի հրավիրված լինելու փաստը` նշելով, որ իր ներկա չգտնվելը եղել է սեփական ցանկությունը, իսկ Հենրիխ Մխիթարյանն այս ընթացքում զբաղված էր իր տրանսֆերային հարցերով և չի կարողացել ներկա գտնվել միջոցառումներին»,- նշված է գրառման մեջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023