Հարոյան․ «Չեմ պատկերացնում՝ ինչպես աշխատել Խաշմանյանի հետ»

Հարոյան․ «Չեմ պատկերացնում՝ ինչպես աշխատել Խաշմանյանի հետ»

22/11/2019 - 13:34

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Sport24.ru կայքին, որի մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Իտալացիների դեմ խաղը մեզ համար մղձավանջային ստացվեց։ Շատ վատ խաղացինք։ Երկրորդ խաղն էինք անցկացնում  5 պաշտպանով , և մեկնարկն արդեն իսկ սարսափելի էր` մեկ րոպեում 2 գոլ բաց թողեցինք ու այդպես էլ ուշքի չեկանք: Երբ խաղի ժամանակ նայում էի ցուցատախտակին, չէի հավատում աչքերիս, թե ինչ է կատարվում։

Այժմ ամբողջ աշխարհը, հավանաբար, խոսում է այդ պարտության մասին: Մենք չպետք է պարտվեինք այդպիսի հաշվով: 1-9-ը անթույլատրելի է Հայաստանի հավաքականի համար։

Պատկերացրեք իմ զգացողությունները. նման մղձավանջից հետո, երբ դու դեռ չես հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, Աբրահամ Խաշմանյանն ասուլիս է տալիս ու հայտարարում, որ դա ոչ թե Հայաստանի ազգային հավաքականն էր, այլ` սովորական մի հավաքական: Նման խոսքերից հետո զայրույթն ավելի մեծ է: Հավաքականի գլխավոր մարզիչն իրավունք չունի նման բաներ ասելու իր ֆուտբոլիստների հասցեին:

Այս հավաքականում ինձնից բացի խաղում են նաև իմ ընկերները: Երբ քեզ նշանակում են հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ դու գալիս ու նման բաներ ես ասում այդպիսի խաղից հետո, դա անթույլատրելի է:

Նշանակություն չունի, թե խաղն ինչ հաշվով է ավարտվել։1:9, թե 0:15`միևնույնն է՝ դու իրավունք չունես այդ կերպ արտահայտվելու: Չեմ պատկերացնում է`ինչպես է հնարավոր աշխատել նման մարզչի հետ: Ընդ որում՝ խաղից հետո Խաշմանյանը մեզ հետ առհասարակ չի շփվել, ոչ մի բառ չի ասել:

Հայաստանի ներկայիս հավաքականը մեղավոր չէ ստեղծված իրավիճակում: Եթե մարզիչն է հավաքել այս կազմը, հրավիրել 21 ֆուտբոլիստի, ապա այդ ֆուտբոլիստները ներկայացնում են Հայաստանի հավաքականը: Ես մեր հավաքականի բոլոր տղաներին լավ եմ ճանաչում, նրանք բոլորը պրոֆեսիոնալներ են, բարձրակարգ ֆուտբոլիստներ: Մենք լավ կոլեկտիվ ունենք և հիանալի մթնոլորտ հավաքականում

Խոսել եմ հավաքականի բոլոր տղաների հետ ու պետք է նշեմ, որ բոլոր ֆուտբոլիստները վրդովված են Խաշմանյանի այդ խոսքերից. ես հաստատ դա գիտեմ: Վստահ եմ` ֆուտբոլիստները կաջակցեն ինձ այս հարցազրույցից հետո: Մարզիչը դա ասաց նաև իմ հասցեին, իմ թիմակիցների հասցեին:

Գալիս ենք հավաքական մեծ ցանկությամբ ու նախևառաջ խաղում ենք մեր երկրի, մեր դրոշի և հայ երկրպագուների համար, և հետո միայն մարզչի ու ինքներս մեզ համար:

Ես հայրենասեր եմ և շատ եմ սիրում իմ ազգիը։ Ինչ էլ լինի, ամեն ինչ կտամ իմ ազգային թիմի մարզաշապիկի համար, բայց երբեք նման վերաբերմունք չեմ հանդուրժի իմ թիմի հանդեպ: Հատկապես, երբ տեսնում եմ, որ իմ թիմակիցը ամբողջովին ու մինչև վերջ նվիրվում է:

Մեր հավաքականում շատ են արժանի ֆուտբոլիստները, ովքեր շատ բաների են հասե․ Հենրիխ Մխիթարյանը կուժեղացներ ցանկացած թոփ-հավաքական: Ցավում եմ, որ Հենրիխը վնասվածքի պատճառով բացակայել է վերջին խաղերում։ Մխիթարյանը միշտ մեզ հետ է, նա մեր ավագն է, սարի պես մեր թիմի թիկունքում է: Եվ նա, ինչպես նաև մենք բոլորս, դեռ մեր վերջին խոսքը չենք ասել դաշտում:

Կարծում եմ` շատերը հիանալի հասկացել են, թե ինչ էր նշանակում իմ գրառումը Instagram-ում: Որոշ պահի տեսնում էի այդ նկարը, ու այն ճշգրտորեն փոխանցում է իմ այսօրվա մտքերը: Հարցազրույցս էլ դրա ապացույցն է:

Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում ֆեդերացիայում, բայց ես, երկար ժամանակ խաղալով Հայաստանից դուրս, միայն կարող եմ ասել,որ այժմ ամբողջ հայկական ֆուտբոլի համար շատ ծանր օրեր են: Մենք պետք է միասին հաղթահարենք այս օրերը:

Բոլոր ֆուտբոլիստների անունից կցանկանայի ներողություն խնդրել բոլոր հայ երկրպագուներից: Իմացեք` բոլոր ֆուտբոլիստները հավաքական են գալիս, որպեսզի հաղթեն ու ուրախացնեն իրենց ազգին: Հայաստանի հավաքականին երկրպագում են աշխարհի բոլոր ծայրերից, այն միավորում է մարդկանց, և մեր թիմը չի կարող հուսախաբ անել նրանց»,- եզրափակել է Հարոյանը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023