Marca-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին

Marca-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին

01/04/2021 - 22:02

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ՝ ընթացիկ ընտրական մրցաշարում տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակ։

Խաղից հետո մեր հավաքականի հաղթանակին է անդրադաձել իսպանական հեղինակավոր Marca պարբերականը․

«Ի՜նչ խենթություն են այժմ ապրում հայերը։ Առաջին խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում էին Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստները, սակայն Հայաստանի հավաքականն էլ վտանգավոր հակագրոհում էր։

Երկրորդ խաղակեսն անհամեմատ ակտիվ մեկնարկեց․ իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը, սակայն ռումինացիներն արդեն 72-րդ րոպեի դրությամբ հաշվի մեջ առաջ էին անցել, իսկ հանդիպման վերջնամասը խելահեղ ստացվեց։

Ռումինիայի ֆուտբոլիստը հեռացվեց դաշտից, իսկ Հայաստանի հավաքականը վերջնամասում երկու գնդակ խփեց՝ հաղթելով այս խաղում։

Հայաստանի հավաքականի մարզադաշտը, պարզապես, թնդում էր, ինչն արտասովոր տեսարան է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։ Ընդ որում՝ այս ամենն առանց թիմի աստղի՝ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։

Հաշիվը 2։2 դարձրեց Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, ում պատմությունը ցնցել էր շատերին։ Նա 2020 թվականին ինչ-որ պահ թողել էր ֆուտբոլը՝ մասնակցելու պատերազմին, իսկ այժմ գոլի հեղինակ է դառնում Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։

Խոակին Կապառոսը հրաշք է գործում։ Նրա օրոք հայերն անցկացրել են 9 հանդիպում, տարել են 6 հաղթանակ, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի ու կրել ընդամենը 1 պարտություն։

Կապառոսի թիմն ամիսներ առաջ հաղթեց նաև Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում՝ բարձրանալով B դիվիզիոն»,- գրել է Marca-ն։

Հավելենք, որ պարբերականը նյութը վերնագրել է «Caparroshyan»:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023