Խորվաթիայի հավաքականի դարպասապահի մանկական սխալը, որը ճակատագրական դարձավ🎥

Խորվաթիայի հավաքականի դարպասապահի մանկական սխալը, որը ճակատագրական դարձավ🎥

18/11/2020 - 12:02

Նոյեմբերի 17-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրը, որի շրջանակում Խորվաթիայի հավաքականը Սպլիտում ընդունել էր մրցաշարի գործող գավաթակիր Պորտուգալիայի ընտրանուն։

Հանդիպումը բավականին լարված պայքարում անցավ և ավարտվեց պորտուգալացիների 2։3 հաշվով հաղթանակով։

Զլատկո Դալիչի ֆուտբոլիստները 29-րդ րոպեին Մատեո Կովաչիչի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1։0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսի հենց մեկնարում՝ 51-րդ րոպեին, խորվաթները մնացին 10 ֆուտբոլիստով, քանի որ Մարկո Ռոգը կոպիտ խաղի համար երկրորդ անգամ զգուշացվեց՝ հեռացվելով խաղադաշտից։

Այդ դրվագում տուգանային հարված նշանակվեց։ Գնդակին մոտեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, ում հարվածից հետո տանտերերի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը անհաջող խաղաց, Ռուբեն Սեմեդուն էլ գնդակն ուղարկեց Ռուբեն Դիաշին, ով էլ հավասարեցրեց խաղի հաշիվը։

60-րդ րոպեին արդեն Ֆերնանդու Սանտուշի սաներն առաջ անցան։ Հարձակման ձախ եզրում զարգացած գրոհի արդյունքում Ժոաո Ֆելիքսը եզրափակեց Դիեգու Ժոտայի կատարած փոխանցումը՝ գարվելով դատարկ դարպասը։

Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով Խորվաթիայի հավաքականը կարողացավ խփել պատասխան գոլը։ 65-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց Մատեո Կովաչիչը։

Բաց թողած գոլից հետո հյուրերը լուրջ առավելություն ունեին, սակայն միայն 90-րդ րոպեին կարողացան հաղթանակ կորզել։ Բերնարդո Սիլվայի անկյունային հարվածի իրացումից հետո դարպասապահ Լիվակովիչը, չկարողանալով գնդակը ֆիքսել ձեռքերում, մանկական սխալ թույլ տվեց, ինչի արդյունքում Ռուբեն Դիաշը գրավեց դատարկ դարպասը և հաղթանակ պարգևեց իր հավաքակաին։ «Մանչեսթեր Սիթիի» նորեկը դարձավ նաև դուբլի հեղինակ։

Չնայած այս հաղթանակակին՝ Պորտուգալիայի հավաքականը չկարողացավ նվաճել Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր և վաստակած 13 միավորով զբաղեցրեց A դիվիզիոնի 3-րդ խմբի 2-րդ հորիզոնականը։ Խորվաթիան էլ մնաց 3 միավորով և պահպանեց տեղն A դիվիզիոնում, քանի որ Շվեդիայի հավաքականը զուգահեռաբար ընթացած խաղում նույնպես պարտվեց։ «Տրե Կունիրին» պարտության մատնեց Ֆրանսիայի հավաքականը։ Այդ խաղում աշխարհի գործող չեմպիոնները Օլիվիե Ժիրուի դուբլի և Բենջամեն Պավարի ու Կինգսլի Կոմանի գոլերի շնորհիվ հաղթեցին 4։2 հաշվով։

Վերոնշյալ խմբում Ֆրանսիացիները 16 միավորով հաղթող դարձան և հաջորդ տարի պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում, իսկ Շվեդիայի հավաքականը մնաց 3 միավորով և Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում արդեն հանդես կգա B դիվիզիոնում։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023