Խավին արդեն որոշել է, թե ինչ առաջադրանք է կատարելու Մորատան Բարսելոնայի կազմում

Խավին արդեն որոշել է, թե ինչ առաջադրանք է կատարելու Մորատան Բարսելոնայի կազմում

01/01/2022 - 13:07

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան, ով վարձաճարով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հեռախոսազրույց է ունեցել Մորատայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հավանական տրանսֆերն ու իսպանացի հարձակվողի` «Բարսելոնայի» կազմում ունենալիք առաջադրանքները։

Խավիին դուր է գալիս, թե Մորատան ինչպես է տեղաշարժվում դաշտում, հատկապես երբ գնդակը նրա մոտ չէ։

Խոսքն արագացումների և անդադար տեղաշարժերի մասին է, ինչի շնորհիվ Մորատան պաշտպաններին «քաշում» է իր վրա և ազատ տարածություններ բացում թիմակիցների համար։

Բացի դրանից, Խավիին դուր է գալիս, թե ինչպես է Մորատան աշխատում թիմային պրեսինգի ժամանակ։

Հատկանշական է` Խավին ցանկանում է, որ Մորատան «Բարսելոնայում» կատարի այն նույն առաջադրանքը, որը նրան տալիս է նաև Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականում։

Նշվում է, որ Խավին նպատակ ունի «Բարսելոնայի» կազմում ձևավորել Անսումանե Ֆաթի – Ալվարո Մորատա – Ֆերրան Տորես – Պեդրի քառյակը, քանի որ Իսպանիայի հավաքականում նրանց համագործակցությունը նույնպես լավ է ստացվում։

Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ այս գործարքի իրականցման հավանականությունը բավական մեծ է, քանի որ «Յուվենտուսը» 2022 թ. ամռանը չի պատրաստվում 40 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկո Մադրիդից» գնել Մորատայի տրանսֆերի ամբողջական իրավունքները, այդ պատճառով էլ Խավին ճնշում է գործադրում, որպեսզի «Բարսելոնան» գնի Մորատային։

Ամեն դեպքում, թուրինյան ակումբը բաց չի թողնի 29-ամյա հարձակվողին, եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխարինող չգտնի նրա համար, իսկ Մեմֆիս Դեպայի հետ հավանական փոխանակման տարբերակը չի հետաքրքրում «բյանկոներիներին»։

Հավելենք, որ դեկտեմբերի 31-ին տեղեկություններ տարածվեցին, որ Մորատան ու «Բարսելոնան» մինչև 2023 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել։

Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան «Բարսելոնայի» ամենասկզբունքային մրցակցի` «Ռեալ Մադրիդի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

29-ամյա հարձակվողը 2020 թ. սեպտեմբերին վարձավճարով տեղափոխվեց «Յուվենտուս» և տրանսֆերից ի վեր թուրինյան ակումբի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 67 անգամ` դառնալով 27 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023