Լիվերպուլը քանդվում է․ Մանչեսթեր Սիթին չեմպիոնական հսկայական քայլ կատարեց 🎥

Լիվերպուլը քանդվում է․ Մանչեսթեր Սիթին չեմպիոնական հսկայական քայլ կատարեց 🎥

07/02/2021 - 22:21

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում իրար դեմ մրցեցին չեմպիոնության երկու թեկնածուները՝ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ «Լիվերպուլի» առավելությամբ, սակայն աչքի ընկնելու ամենալավ պահն ունեին հենց մանկունյական ակումբի ֆուտբոլիստները, քանի որ 37-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք էին վաստակել։

Գնդակին մոտեցավ Իլկայ Գյունդողանը, սակայն նրա հարվածը մի փոքր բարձր ստացվեց։

Առաջին 45 րոպեների ընթացքում «կարմիրների» կազմից լավ պահեր փչացրին Ռոբերտո Ֆիրմինոն և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Ի վերջո, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը գրեթե լրիվ «Սիթիին» էր։ «Քաղաքաբնակներն» անչափ մարտունակ սկսեցին խաղակեսը, ինչի արդյունքում 49-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։

Ռահիմ Սթերլինգը ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց դեպի Ֆիլ Ֆոդենը։ Անգլիացի կիսապաշտպանի հարվածից հետո Ալիսոն Բեկերը փրկեց իր թիմին, սակայն վրա հասած Գյունդողանն ուղղեց իր սխալը՝ մոտ տարածությունից բացելով հաշիվը։

Բաց թողած գոլից հետո Յուրգեն Կլոպի թիմը մի փոքր ակտիվացավ և 63-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպման գլխավոր մրցավար Մայլքլ Օլիվերն 11-մետրանոց հարվածով պատժեց արդեն «Մանչեսթեր Սիթիին»։ Նշակետին մոտեցավ Մոհամեդ Սալահը, ով դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։

Խաղի մնացած ժամանակահատվածում այն, ինչ արեցին «Սիթիի» ֆուտբոլիստները, պարզապես, ֆատնաստիկ էր։ Ընդամենը 10 րոպեի ընթացքում Պեպ Գվարդիոլայի սաները 3 անգամ գրավեցին Ալիսոն Բեկերի դարպասը։ Ճիշտ է՝ բաց թողած գոլերում հսկայական մեղքի բաժինն ուներ հենց բրազիլացի դարպասապահը, սակայն հանդիպման հյուրերն ուղղակի կարդում էին մրցակցի խաղը և հիանալի պրեսինգ կիրառելով՝ ստիպում էին մրցակցին սխալվել։

Այդ երեք գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Իլկայ Գյունդողանը (73-րդ րոպե), ով դարձավ դուբլի հեղինակ, Ռահիմ Սթերլինգն (76-րդ րոպե )ու Ֆիլ Ֆոդենը (83-րդ րոպե)։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ոչ միայն հաղթեց իր ամենասկզբունքային մրցակիցներից մեկին, այլև գրեթե լուծում է անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնության հարցը։

Պեպ Գվարդիոլայի սաները հաղթեցին 4։1 հաշվով և վաստակած 50 միավորով էլ ավելի ամրապնդվեցին մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 45 միավոր, սակայն «Սիթին», համաքաղաքացիների համամետ էլ, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

«Լիվերպուլը» մնաց 40 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023