Սլավիան խոշոր անակնկալ է մատուցում՝ պայքարից դուրս թողնելով Լեսթերին 🎥

Սլավիան խոշոր անակնկալ է մատուցում՝ պայքարից դուրս թողնելով Լեսթերին 🎥

26/02/2021 - 01:52

Շարունակվում է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչը, որի պատասխան հանդիպմումներից մեկի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց «Սլավիա Պրահային»։

Թիմերի միջև առաջին հանդիպման ժամանակ դարպասի գրավում չէր արձանագրվել․ կողմերը խաղաղ ելք էին կնքել՝ արձանագրելով 0։0 հաշիվ։

«Լեսթերի» ֆուտբոլիստները բավական ակտիվ սկսեցին խաղը և արդեն 2-րդ րոպեին կարող էին բացել դիմակայության հաշիվը, սակայն Մարկ Օլբրայթոնի հարվածից հետո իր թիմին վերահաս գոլից փրկեց հյուրերի չեխ դարպասապահ Օնդրժեյ Կոլարժը։

Մինչև առաջին կեսի ավարտը երկու դրվագ փչացրին չեխական ակումբի տղաները՝ նպաստավոր դիրքերից շեղ հարվածներ կատարելով։

Այսպիսով, առաջին 45 րոպեների ընթացքում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց․ կողմերն ընդմիջման գնացին նույն հաշվով, որով և սկսել էին դիմակայությոունը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 49-րդ րոպեին, բավական անսպասելիորեն, հանդիպման հյուրերը առաջին իսկ գրոհը եզրափակեցին դարպասի գրավումով։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց «Սլավիայի» հարձակվող Լուկաշ Պրովոդը՝ բացելով ընդհանուր դիմակայության հաշիվը։

Հատկանշանակ է, որ Յինդրջիխ Տրպիշովսկու թիմը գոլի հեղինակ դարձավ առաջին իսկ դիպուկ հարվածի շնորհիվ։

Բավական շատ ժամանակ կար, որպեսզի Բրենդան Ռոջերսի սաները փրկեին խաղը և դիմակայությունն ընդհանրապես, սակայն այսօր «աղվեսների» խաղն այնպիսին չէր, ինչպիսին ֆուտբոլասերը սովոր են տեսնել անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում․ թիմի գրոհներում պակասում էր սրությունը։

Ավելին՝ 79-րդ րոպեին հյուրերը կարողացան 2-րդ գնդակն ուղարկել ահեղ մրցակցի դարպասը։ Հատկանշական է, որ սա ընդամենը 2-րդ դիպուկ հարվածն էր «աղվեսների» դարպասին և այն կրկին պսակվեց գոլով, որն իր անվան դիմաց գրանցեց «Սլավիա Պրահայի» սենեգալցի հարձակվող Աբդալա Սիման՝ դարձնելով հաշիվը 2։0։

Ինչպես պարզվեց հետագայում, Սիմանը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։ «Լեսթերը» ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին և անակնկալ կերպով լքում է Եվրոպա լիգայի մրցաշարը 1/16 եզրափակչից։

«Սլավիա Պրահան» կշարունակի ելույթները 1/8 եզրափակչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023