Իսկոն ու Ազարը հերոսանում են. Ռեալը թրիլլերային խաղում հաղթեց Էլչեին🎥

Իսկոն ու Ազարը հերոսանում են. Ռեալը թրիլլերային խաղում հաղթեց Էլչեին🎥

21/01/2022 - 00:38

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից Կառլո Անչելոտիի թիմը տիրեց նախաձեռնությանն ու ուներ խաղային և տարածքային առավելություն, սակայն «արքայական» ակումբին չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը. մեծ հաշվով հյուրերի գործողություններում պակասում էր սրությունը։

Ամեն դեպքում, առաջին կեսի ամենաիրական գոլային պահն ունեցան «Էլչեի» ֆուտբոլիստները։ 12-րդ րոպեին տանտերերի հարձակվող Գվիդո Կարիլիոն մի քանի մետրից չկարողացավ գրավել դատրակ դարպասը. նրա հարվածն անդրադարձից հետո դիպավ դարպասաձողին։

Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում «Ռեալի» առավելությունն էլ ավելի ակնհայտ էր, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին արդեն ժամանակի 64%-ը։

Մադրիդյան ակումբի առավելությունը հատկապես զգացնել տվեց խաղավարտին մոտ, սակայն Կազեմիրոն ու Վինիսիուսը վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Ի վերջո, հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հենց լրացուցիչ ժամանակում էլ գրանցվեցին հանդիպման հիմնական ու գլխավոր իրադարձությունները։

«Էլչեն» 96-րդ րոպեին մոտ էր հաշիվը բացելուն, երբ հարվածային դիրքում էր հայտնվել Ժերար Գումբոն, սակայն նրա հարվածից հետո «Ռեալին» փրկեց դարպասապահ Անդրեյ Լունինը։

102-րդ րոպեին «Ռեալը» մնաց 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Մարսելոն։

Այդ դրվագում «Էլչեի» ֆուտբոլիստները նպաստավոր դիրքում ստացան տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ Գոնսալո Վերդուն, ում առաջին հարվածիղ հետո գնդակը հետ մղվեց «պատից», սակայն նրա երկրորդ հարվածից հետո այն հայտնվեց «արքայական» ակումբի դարպասում։

Թվում էր` կարմիր քարտը, բաց թողած գոլն ու հոգնածությունը կկոտրի «Ռեալին», սակայն «արքայական» ակումբն իր մեջ ուժ գտավ ու տպավորիչ comeback արեց. նախ 108-րդ րոպեին աչքի ընկավ Իսկոն, ապա 115-րդ րոպեին` Էդեն Ազարը։

Այսպիսով, «Ռեալը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Էլչեի» նկտամամբ և նվաճեց Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023