Ինչու՞ Մաուրիսիո Պոչետինոն երբեք չի գլխավորի Բարսելոնան

Ինչու՞ Մաուրիսիո Պոչետինոն երբեք չի գլխավորի Բարսելոնան

24/01/2020 - 17:17

Հունվարի 13-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնան» զբաղեցրած պաշտոնից հեռացրել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին` նրա փոխարեն նշանակելով 61-ամյա Կիկե Սետիենին։

Նախքան Սետիենի նշանակումը, ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում մի շարք այլ թեկնածուների էր դիտարկում, որոնցից ամենահավանականը Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ, «կապտանռնագույնների» նախկին կիսապաշտպան Խավին էր։

Սակայն, 39-ամյա մասնագետը ոչ թե չցանկացավ ներկա պահին գլխավորել հարազատ ակումը, այլ չցանկացավ աշխատել ակումբի ներկայիս ղեկավարության հետ։ Ճիշտ է` նախկին ֆուտբոլիսը բառացի չհայտարարեց դրա մասին, սակայն կարելի է ենթադրել, որ հենց դա էր հրաժարվելու հիմնական պատճառը։

Խավիից հետո հաջորդ հավանական թեկնածուն Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն էր, ով մեկ անգամ չէ նշել իր` կատալոնական ակումբը գլխավորելու ցանկության մասին։ Սակայն, խելամիտ չէր լինի նրա կողմից մի կողմ թողնել Հոլանդիայի հավաքականը և գլխավորել «Բարսան»։ Առջևում Եվրո-2020-ն է, և Կումանը խնդրեց մրցաշարի ավարտից հետո նոր մտածել առաջարկի մասին։

Մերժում ստանալով հիմնական թեկնածուներից` կատալոնական ակումբի ղեկավարությունը կանգնեց, այսպես կոչված, «ծայրահեղ» տարբերակների վրա։ Այդպիսի թեկնածուների թվում էին «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Խավի Գարսիա Պիմյենտեն և «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը։

Սակայն, նախքան Պիմյենտեի և Սետիենի հետ կապվելը, «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում էր ևս մեկ թեկնածուի։ Այդ թեկնածուն «Էսպանյոլի», «Սաութհեմպտոնի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն էր։ Այդ ժամանակ ակումբի ղեկավարությունը զանգ է ստանում ՖԻՖԱ-ի գործակալ Ժորդի Ժոտայից, ով ժամանակին աշխատել է նաև «Բարսելոնայում»։ Ներկա պահին Ժոտան ներկայացնում է արգենտինացի մարզչի շահերը։ Գործակալը «Բարսելոնային» առաջարկել է նշանակել Պոչետինոյին։

Որքան էլ տարօրինակ է, սակայն 47-ամյա մասնագետը շահագրգռված է եղել իր հայրենակից Լեո Մեսսիի հետ աշխատելուն, իսկ «Բարսելոնան» այդ ժամանակ պետք է շտապ որոշում կայացներ գլխավոր մարզչի հարցում և կանգնել էլ լուրջ երկընտրանքի առջև։

Մաուրիսո Պոչետինոյի պրոֆեսիոնալիզմի վրա ոչ ոք չի կասկածում, սակայն նա մեկ անգամ չէ ցույց տվել իր հակակրանքը «Բարսելոնայի» նկատմամբ, ինչը կատալոնական ակումբի երկրպագուները միանշանակ չեն մոռացել։ Այս ամենը միանշանակ թոփ ակումբների համար շատ կարևոր է։ Կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան ժամանակին նույն պատճառով գլխավոր մարզիչ չնշանակեց Ժոզե Մոուրինոյին` նախընտրելով անփորձ Պեպ Գվարդիոլային։ Ժոզեն ժամանակին աշխատել է «Բարսելոնայի» համակարգում սկզբում որպես թարգմանիչ, ապա հետագայում ընդգրկվել է Սըր Բոբի Ռոբսոնի մարզչական շտաբում, սակայն գլխավորելով «Չելսին», հաճախ բացասական կերպով է արտահայտվել կատալոնական ակումբի մասին։

Մաուրիսո Պոչետինոն էլ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է հետևյալը.

«Ես կլինեմ անկեղծ. Ես երբեք չեմ գլխավորի «Բարսելոնան» և «Արսենալը», քանի որ իմ սիրտը պատկանում է «Էսպանյոլին» և «Տոտենհեմին»։ Գիտեք ի՞նչ կա` ես ավելի շուտ կնախընտրեմ աշխատել ֆերմայում, քան կգլխավորեմ այդ երկու ակումբները։

Ես հատուկ սկզբունքներ ունեմ և միանշանակ կարող եմ ասել, որ «Բարսայի» հետ ընդհանուր ոչ մի բան չունեմ։ «Բարսելոնան» միշտ եղել է իմ մրցակիցը և ես երբեք չեմ գլխավորի այդ ակումբը։ Գլխավորելով «Բարսելոնան»` ես կդավաճանեմ ինքս ինձ։

Ես շատ լավ ընկերներ ունեմ «կապտանռնագույն» ճամբարում և նրանց հետ հաճախ շփվում եմ։ Սակայն, իմ և «Բարսելոնայի» ջրերը երբեք չեն կարող հոսել մեկ առվով։

Խավի՞ն։ Դուք գիտեք, որ նա շատ էր սիրում խոսել խաղերի ընթացքում։ Այդպես նա սկսում էր սադրել մրցակիցներին։ Նա իմ թշնամին է, և ես ատում եմ նրան»,- եզրափակել է Պոչետինոն։

Հետաքրքիր է, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատրաստ էր ռիսկի դիմել և նշանակել Պոչետինոյին։ Սակայն, ակումբի տնօրենների խորհուրդը, որի կազմում կան 19 հոգի, որոշեց ռիսկի չդիմել։

Արդյունքում ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին, ում նշանակումը ևս մեծ ռիսկ է, քանի որ 61-ամյա մասնագետը երբեք որևէ լուրջ ակումբի հետ չի աշխատել և չի հասել որևէ լուրջ հաջողության, իսկ Մաուրիսիո Պոչետինոյին մնում է սպասել այլ առաջարկների, որոնք, միանշանակ չեն ուշանա։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023