Դրամա Էր Ռիյադում. Ռեալը 11-մետրանոցներով հաղթեց Վալենսիային` դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ🎥

Դրամա Էր Ռիյադում. Ռեալը 11-մետրանոցներով հաղթեց Վալենսիային` դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ🎥

12/01/2023 - 01:51

Իսպանիայի Սուպերգավաթի 2023 թ. խաղարկության կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Վալենսիան»։

Առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն «արքայական» ակումբին հաջողվեց նախքան ընդմիջում բացել հաշիվը. 39-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Կարիմ Բենզեման։

Երկրորդ կեսի մեկնարկում «չղջիկները» սառը ցնցուղ էին պատրաստել մրցակցի համար և առաջին իսկ գրոհի ժամանակ հավասարեցրին հաշիվը. 46-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սամուել Լինոն։

Երկրորդ կեսի մնացած ժամանակահատվածում կողմերը հիմնականում զգուշավոր ֆուտբոլ ցույց տվեցին։

Հիշատակման է արժանի միայն 90+5-րդ րոպեին Վինիսիուսի ունեցած դրվագը, երբ Ջենարո Գատուզոյի թիմին փրկեց դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին։

Ամեն դեպքում, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, որը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ առաջին կեսը գրեթե ամբողջությամբ Կառլո Անչելոտիի թիմի առավելության պայմաններում, սակայն Վինիսիուսի և Տոնի Կրոսի հարվածներից հետո կրկին փայլեց դարպասապահ Մամարդաշվիլին։

Լրացուցիչ երկրորդ կեսում «Վալենսիան» հավասարեցրեց խաղը և պատասխանեց իր գոլային պահով, սակայն 110-րդ րոպեին Ֆրանսիսկո Պերեսի հարվածից հետո փայլեց արդեն Տիբո Կուրտուան` փրկելով «Ռեալին»։

Խաղավերջում կողմերը փորձում էին ամեն կերպ հաղթանակ կորզել, սակայն հաշվի մեջ այդպես էլ նոր փոփոխություն չեղավ։

Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։

«Վիճակախաղում» ավելի դիպուկ գտնվեցին «Ռեալի» ֆուտբոլիստները` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության շրջանակում կմրցեն «Բարսելոնան» ու «Բետիսը», որը կկայանա հունվարի 12-ին` Երևանի ժամանակով 23:00-ից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023