Դավիթ Տերտերյան․ «Հավաքականը վերջին երկու խաղերում վատ հանդես չեկավ․ խաղերն ընկերական բնույթ էին կրում»

Դավիթ Տերտերյան․ «Հավաքականը վերջին երկու խաղերում վատ հանդես չեկավ․ խաղերն ընկերական բնույթ էին կրում»

27/11/2022 - 16:04

-Դավիթ, դուք Ձեր կարիերան սկսեցիք «Փյունիկում», հետո խաղացիք «Գանձասար» Կապանում։ Այժմ «Արարատ-Արմենիայի» մարզաշապիկն եք կրում։ Ինչպե՞ս ստացվեց «Արարատ-Արմենիա» տեղափոխությունը։

Ճիշտ եք, ես սկսեցի իմ պրոֆեսիոնալ կարիերան «Փյունիկում», այնուհետև տեղափոխվեցի «Գանձասար Կապան», որտեղ անցկացրած 3 տարիները ինձ շատ օգնեցին՝ կայանալու համար որպես ֆուտբոլիստ: Բայց, ինչպես գիտեք, 2020-21 շրջանի վերջում «Գանձասար Կապանը» ինչ-ինչ պատճառներով լուծարվեծ, ինչից հետո ես առաջարկ ստացա «Արարատ-Արմենիայից» և միչև այժմ այնտեղ եմ համդես գալիս:

-Դուք հաճախ եք խաղում Ձեր նախկին թիմի` «Փյունիկի» դեմ, և զարմանալի բան չեմ ասի, որ «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» միջև կա «ֆուտբոլային» պատերազմ։ Ի՞նչ զգացողություն ունեք, երբ խաղում եք Ձեր նախկին թիմի դեմ։

Կա ճշմարտություն Ձեր ասածի մեջ, քանի որ երկու ակումբներ էլ ուժեղ են, և երկուսն էլ պայքարում են չեմպիոնության համար:

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես որպես այդպիսին ոչ մի առանձնահատուկ զգացմունքներ չունեմ և ինչպես մյուս ակումբների, այնպես էլ «Փյունիկի» դեմ խաղերին ես փորձում եմ առավելագույնս լավ հանդես գալ ու օգնել իմ թիմին:

-«Արարատ-Արմենիան» այս մրցաշրջանում չեմպիոնության համար է պայքարելու։ Ի՞նչ պետք է անի թիմը, որպեսզի կրկին հռչակվի չեմպիոն։

«Արարատ-Արմենիան» ակումբ է, որը միշտ է պայքարել չեմպիոնության համար, և այս մրցաշրջանում ևս ձգտելու է դրան: Դրա համար մեզ անհրաժեշտ է հանդես գալ մեր ուժերի առավելագույն չափով, և վստահ եմ, որ մեզ կհաջողվի:

-Դուք Հայաստանի հավաքականում 11 հանդիպման եք մասնակցել, և բավականին լավ եք խաղացել։ Վերջին ընկերական խաղերում հավաքականն այդքան էլ լավ հանդես չեկավ։ Ի՞նչ կասեք այդ խաղերի մասին։

Այս երկու խաղերն ավելի շատ կրում էին փորձնական բնույթ, և բացակայում էին մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, բայց, չնայած դրան, կարծում եմ, որ հավաքականը վատ հանդես չեկավ:

-Իսկ ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենահիշարժան խաղը։

Իմ կարիերայի ամենահիշարժան խաղը ազգային հավաքականում իմ առաջին հանդիպումն էր, որտեղ մենք խաղացինք աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

-Եթե չլինեիք ֆուտբոլիստ, ապա ի՞նչ մասնագիտության մեջ կհաջողեիք։

Շատ դժվար հարց է, քանի որ ես մանկուց մտածել եմ միայն ֆուտբոլի մասին, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ես նորից կլինեի սպորտում՝ միգուցե, ըմբշամարտում:

-Իհարկե, շուտ է խոսելը մարզչական կարիերայի մասին, բայց ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական կարիերայով զբաղվելու ցանկություն ունե՞ք։

Իրոք, կարծում եմ՝ դեռ շատ շուտ է, և ես անգամ չեմ մտածել այդ ուղղությամբ:

-Ձեր տրանսֆերային արժեքը, ըստ transfermarkt-ի, կազմում է 200.000 եվրո։ Դուք 24 տարեկան եք, և վստահ եմ, որ խաղալու եք ավելի ուժեղ առաջնություններում։ Ո՞ր առաջնությունում խաղալն է Ձեզ համար երազանք։

Կարծում եմ, ինչպես բոլոր ֆուտբոլիստները, այնպես էլ ես նպատակ ունեմ ավելի բարձր մակարդակով առաջնություններում և ակումբներում հանդես գալու, բայց դեռ մանկուց երազել եմ հանդես գալ անգլիական Պրեմիեր Լիգայում։

-Դուք խաղում եք պաշտպանության աջ եզրում։ Եթե չլինեիք պաշտպան, ապա ո՞ր դիրքում կխաղայիք։

Այդ դեպքում ես շատ կուզեի խաղալ հարձակման գծում:

-Հայաստանում խաղացող կամ խաղացած ո՞ր ֆուտբոլիստի խաղն է Ձեզ տպավորել։

Պատանեկան տարիքում ինձ տպավորել և ինչու ոչ նաև ոգեշնչել են այդ ժամանակ «Փյունիկում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի և Ռոբերտ Արզումանյանի խաղը:

Ինչպես նաև տպավորված եմ եղել Յոան Գուֆրանի խաղով, նրա կողքին խաղացել եմ «Արարատ-Արմենիայում» և շատ բան եմ սովորել նրանից:

-Պատկերացրեք, որ Դուք մարզում եք այնպիսի թիմ, որտեղ խաղում են Չավին, Ջերարդը և Պիրլոն։ Խաղավերջին րոպեին պետք է վստահեք մեկին, որպեսզի 11 մետրանոց իրացնի։ Ո՞ւմ կտաք նախապատվությունը։

Իրոք բարդ հարց է, բայց քանի որ ես «Բարսելոնայի» երկրպագու եմ, երևի, կընտրեմ Չավիին:

-Ո՞վ կհաղթի ԱԱ-ում։

Ես Մեսիի մեծ երկրպագու եմ և երկրպագում եմ Արգենտինայի հավաքականին։

-Եվ վերջում Ձեր խորհուրդը այն երեխաներին, ովքեր ուզում են դառնալ ֆուտբոլիստ։

Ֆուտբուլային կյանքը լի է դժվարություններով, խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կյանքում չհանձնվել ու չկոտրվել և, իհարկե, աշխատել ուժերի առավելագույն չափով:

Հարցազրույցը վարեց Սամվել Մխիթարյանը

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023