Գերմանական մեքենան անկասելի է․ Բավարիան 6-րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը🎥

Գերմանական մեքենան անկասելի է․ Բավարիան 6-րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը🎥

24/08/2020 - 00:52

Օգոստոսի 23-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Պարի Սեն-Ժերմենը» և «Բավարիան»։

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, իսկ երկու թիմերն էլ ունեին աչքի ընկնելու իրական գոլային պահեր։ ՊՍԺ-ի կազմից աչքի ընկնելու լավ պահեր ունեին Նեյմարն ու Անխել դի Մարիան, սակայն բրազիլացի հարձակվողի հարվածից հետո Մանուել Նոյերը հիանալի սեյվի հեղինակ դարձավ, իսկ արգենտինացի ֆուտբոլիստի հարվածը բարձր ստացվեց։

Ինչ վերաբերվում է «Բավարիայի» պահերին, ապա կարելի է հիաշատակել Ռոբերտ Լևանդովսկու ունեցած դրվագը, երբ լեհ հարձակվողը 11 մետրանոց հարվածի նշակետից հարված կատարեց, ինչից հետո փարիզյան ակումբին փրկեց դարպասաձողը։

Հանդիպման երկրորդ խաղակեսում մյունխենյան ակումբը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց, սակայն լուրջ վտանգավոր պահեր չկային։

59-րդ րոպեին, ամեն դեպքում, «գերմանական մեքենան» բացեց խաղի հաշիվը։ Յոզուա Կիմիխը աջ եզրից գնդակը «կախեց» մրցակցի տուգանային հրապարակի վրա, որտեղ Կինգսլի Կոմանը գլխով կատարած հիանալի հարվածով գրավեց Կեյլոր Նավասի դարպասը։

Բաց թողած գոլից հետո Թոմաս Տուխելի սաները նետվեցին առաջ՝ փրկելու խաղը։ Մայրաքաղաքային ակումբը 70-րդ րոպեին հիանալի գոլային պահ ստեղծեց։ Անխել դի Մարիայի կատարած ֆանտաստիկ փոխանցումից հետո Մարկինիոսը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն բրազիլացի ֆուտբոլիստի հարվածից հետո Մանու Նոյերը հերթական անգամ հիանալի գործեց։

Հանդիպման մնացած ժամանակատվածում երկու թիմերն էլ հիմնականում սկսեցին աչքի ընկնել կոպտությամբ, իսկ հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն ընդհանուր առմամբ երկու թիմերի ֆուտբոլիստներին 8 անգամ պատժեց դեղին քարտով։

Խաղավարտին մոտ փարիզյան ակումբն այդպես էլ չկարողացավ «պաշարել» «Բավարիային» սեփական կիսադաշտում․ մյունխենյան ակումբը հանդիպումը հասցրեց իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Բավարիան» հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով՝ պատմության մեջ 6-րդ անգամ նվաճելով Չեմպոինների լիգայի գավաթը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023