Բրիջ. «Ատում եմ Մանչինիին. նա տակտիկայից  այնքան էլ  չի հասկանում»

Բրիջ. «Ատում եմ Մանչինիին. նա տակտիկայից այնքան էլ չի հասկանում»

19/07/2021 - 23:11

«Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» նախկին պաշտպան Ուեյն Բրիջը պատմել է, թե ինչ վերաբերմունք ունի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի նկատմամբ.

«Ինձ համար ցավոտ էր Իտալիայի հաղթանակը, քանի որ ատում եմ Մանչինիին։ Բոլորն էլ գիտեն իմ հակակրանքը նրա հանդեպ։ Ես չեմ ասի, թե Մանչին վատագույն մարզիչն է, ում հետ աշխատել եմ, սակայն նա այնքան էլ լավ չի հասկանում տակտիկայից։ Նա շատ լավ արդյունք գրանցեց, սակայն դրա մասին խոսելն ինձ համար ցավոտ է։

Ընտանիքս ոչ միայն երկրպագում էր Անգլիային, այլև նրանք դեմ էին հենց Մանչինիին, սակայն նա մեզ լուրջ հարված հասցրեց։

Ես նրան տանել չեմ կարողանում։ «Մանչեսթեր Սիթիում» նրա բոլոր հաջողությունները ֆուտբոլիստների շնորհքն էր։ Դրանք նրանց հաջողություններն էին, ոչ թե Մանչինիի։

Մի անգամ Քրեյգ Բելամին նրան փորձեց հարցնել, թե ինչ պետք է անենք, եթե խաղի ընթացքում տհաճ իրավիճակ ստեղծվի, Մանչինին Բելամիին ստիպեց լռել և տուն ուղարկեց»,- նշել է անգլիացի նախկին պաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։

Հավելենք, որ Բրիջը 2003-2009 թթ. հանդես է եկել «Չելսիի» կազմում, իսկ 2009-13 թթ. եղել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ, սակայն ընթացքում վարձավճարով հանդես է եկել «Վեսթ Հեմի» (2011 թ. հունվար-մայիս), «Սանդերլենդի» (2012 թ. հունվար-մայիս), ինչպես նաև «Բրայթոնի» կազմում (2012-13 թթ. ), այդ պատճառով էլ որևէ տիտղոս չի նվաճել «Սիթիի» կազմում։

Ռոբերտո Մանչինին էլ 2009-13 թթ. եղել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչը։ Մանկունյական ակումբը իտալացի մասնագետի գլխավորությամբ մեկական անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ դարձավ Եվրոպայի չեմպիոն` եզրափակչում 11-մետրանոցներով հաղթելով Անգլիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023