Բորուսիան պայքարեց, սակայն Բավարիան ուժեղ էր?

Բորուսիան պայքարեց, սակայն Բավարիան ուժեղ էր?

26/05/2020 - 22:51

Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց առաջնության առաջատար «Բավարիայի» դեմ։

Խաղը հիմնականում անցավ կողմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն Հանսի Ֆլիկի սաների խաղն ավելի մտածված և խելացի էր, ինչն էլ հանգեցրեց «Բավարիայի» տրամաբանական հաղթանակին, սակայն խաղի մեկնարկում տանտերերը ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, հատկապես հիշատակման էր արժանի հենց 1-ին րոպեին Էրլինգ Հալանդի պահը, երբ նորվեգացի հարձակվողի հարվածից հետո հյուրերին փրկեց Ժերոմ Բոատենգը՝ գնդակը հեռացնելով դարպասային գծի վրայից։

18-րդ րոպեին էլ արդեն մյունխենյան ակումբը հաշիվը բացելու իրական հնարավորություն ուներ, երբ Սերժ Գնաբրին հայտնվեց հարվածային դիրքում, սակայն գերմանացի վինգերի հարվածից հետո Լուկաշ Պիշչեկը, ինչպես Բոատենգը, գնդակը հեռացրեց դատարկ դարպասից՝ թույլ չտալով այն հայտնվի դատարկ դարպասում։

Նախքան հանդիպման հաշվի բացվելը աչքի ընկնելու հնարավորություն ունեին նաև Կինգսլի Կոմանն ու Լերոն Գորեցկան, սակայն այդ դրվագներում տանտերերին փրկեց Ռոման Բյուրկին։

43-րդ րոպեին «Բավարիան» բավականին երկարատև գրոհ իրականացրեց, ինչի արդյունքում մրցակցի տուգանայաին հրապարակի մատույցներից Ջոզուա Կիմիխը 22-23 մետր հեռավորությունից գնդակը «կախեց» Բյուրկիի գլխի վրայով՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսում էլ կողմերը մեծամասամբ անցկացրին հավասար պայքարում, սակայն Լուսիեն Ֆավրը խաղադաշտ դուրս բերելով Ջեյդոն Սանչոյին, կարողացավ ինչ-որ չափով ակտիվացնել «Բորուսիայի» խաղը, սակայն, միևնույնն է, «կարմիրների» պահերը շատ ավելի վտանգավոր էին։ 54-րդ րոպեին աչքի ընկնելու հերթական պահն ունեցավ Լերոն Գորեցկան, սակայն հերթական անգամ իր թիմին փրկեց Ռոման Բյուրկին։

58-րդ րոպեին դորտմունդցիների կազմից աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Էրլինգ Հալանդը։ Տորգան Ազարը ձախ եզրից փոխանցում կատարեց Հալանդի ուղղությամբ, ով էլ մրցակցի դարպասային հրապարակի մատույցներից նպաստավոր դիրքից վրիպեց։ Նշենք, որ Հալանդը 70-րդ րոպեին փոխարինվեց․ կարծես թե նորվեգացի հարձակվողը մկանային վնասվածք ստացավ։

Հանդիպման վերջին 15 րոպեն հիմնականում անցավ «Բորուսիայի» գրոհների ներքո։ 80-րդ րոպեին Մահմուդ Դահուդի հեռահար հարվածից հետո Մանուել Նոյերը գեղեցիկ սեյվի հեղինակ դարձավ։

Հանդիպման վերջում Հանսի Ֆլիկի թիմն ավելի շատ շեշտը դրել էր հակագրոհների վրա։ 82-րդ րոպեին մյունխենյան ակումբը նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Ռոբերտ Լևանդովսկում կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Խաղավարտին այլևս դարպասի գրավում չարձանագրվեց։ «Բավարիան» անչափ կարևոր հաղթանակ տարավ՝ առաջնության ավարտից 6 տուր առաջ գործնականում հանելով չեմպիոնության հարցերը։

Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն «Բավարիան» այնպիսի ֆուտբոլ էր ցուցադրում կարծես մարտ-ապրիլ ամիսներին ոչ թե գտնվել է հարկադիր պարապուրդում, այլ անդադար մարզվել և մասնակցել է հանդիպումների։ Բացի դրանից՝ մյունխենյան ակումբն ակնհայտ ուժեղ էր նաև մարզչական մտածելակերպի առումով, քանի որ Հանսի Ֆլիկը պարզապես գրագիտություն և հանգստություն է ներարկել «Բավարիայի» ֆուտբոլիստների արյան մեջ, իսկ «Բորուսիայի» աստղերի իրական ուժը զգացվում է հենց այսպիսի խաղերում։

Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 64 միավոր և 7 միավորով առաջ պոկվեց «Բորուսիայից»։ «Իշամեղուներն» ունեն 54 միավոր։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023