Բարսելոնան վստահ քայլերով շարժվում է առաջ?

Բարսելոնան վստահ քայլերով շարժվում է առաջ?

17/06/2020 - 02:17

Շարունակվում է իսպանական Լա լիգայի 29-րդ տուրը, որի շրջանակում առաջնության գործող չեմպիոն և առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տամ մրցեց առաջնության վերջին հորիզոնականը զբաղեցնող «Լեգանեսի» դեմ։

Հանդիպումը բավականին անսպասելի մեկնարկ ունեցավ, որը նշանավորվեց հյուրերի ստեղծած երկու վտանգավոր պահերով։ 10-րդ րոպեին Խավիեր Էրասոն ձախ եզրից հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն հապաղեց և գնդակը խառնաշփոթ իրավիճակում հայտնվեց Միգել Գերերոյի մոտ, ում կատարած հարվածից հետո կատալոնական ակումբին փրկեց Կլեման Լանգլեն՝ գնդակը ինչ-որ տեղ պատահաբար հանելով դատարկ դարպասից։

Ընդամենը 3 րոպե անց Գերերոն աչքի ընկնելու ևս մեկ հնարավորություն ուներ, սակայն սուր անկյունից նրա կատարած հարվածը շեղ ստացվեց։

Առաջին խաղակեսի մնացած հատվածում «Բարսելոնան» վերհասկում էր խաղի ընթացքը, սակայն գոլային պահեր չկային։

42-րդ րոպեին մրցակցի դարպասին կատարած առաջին հարվածվով «կապտանռնագույնները» բացեցին հանդիպման հաշիվը։ Լեո Մեսսին ձախ եզրում գտավ Խունիոր Ֆիրպոյին, ով շրջանցելով մի քանի մրցակիցների փոխանցում կատարեց նպաստավոր դիրքում գտնվող Անսումանե Ֆաթիին։ Երիտասարդ վինգերն էլ գնդակը մրցակցի ոտքերի արանքով ուղարկեց Իվան Կուելյարի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը։

Մինչև ընդմիջման գնալը խփած գնդակը կատալոնական ակումբին երկրորդ խաղակեսում ավելի մեծ վստահություն տվեց, ինչի շնորհիվ «կապտանռնագույն» ֆուտբոլիստների գրոհներն ավելի սուր էին և վտանգավոր։

65-րդ րոպեին Անտուան Գրիզմանը Նելսոն Սեմեդուի փոխանցումից հետո դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չարձանագրվեց, քանի որ Սեմեդուն Մեսսիից փոխանցում ստանալու պահին մի փոքր առաջ էր մրցակցի վերջին պաշտպանից։

Այնուհամենայնիվ, տանտերերը 68-րդ րոպեին կրկնապատկեցին իրենց առավելությունը։ Լեո Մեսսին դաշտի կենտրոնում ստանալով գնդակը՝ ճանապարհին շրջանցեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստների, «պատ» խաղարկեց Լուիս Սուարեսի հետ, սակայն տուգանային հրապարակ մտնելուն պես «Լեգանեսի» պաշտպանները կանոնների խախտման գնով տապալեցին նրան։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց հենց Մեսսին՝ ընթացիկ մրցաշրջանում խփելով 21-րդ գնդակը։

Խփած երկրորդ գնդակից հետո խաղը հիմնականում հանդարտվեց, սակայն փոխարինման դուրս եկած Ռիկի Պուչը խաղավարտին մոտ աչքի ընկնելու երկու հիանալի հնարավորություն ուներ։ Մի դեպքում նրա հարվածից հետո գնդակը դիպավ Չիդոսի Ավազիեմին՝ դուրս գալով անկյունային, իսկ մյուս դեպքում՝ հյուրերին փրկեց դարպասապահ Իվան Կուելյարը։

Այսպիսով, «Բարսելոնան» ավելի կարևոր խաղերից առաջ ուժեր խնայելով՝ տարավ հերթական հաղթանակը և 64 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Կիկե Սետիենի գլխավորած ակումբը 5 միավոր գերազանցում է մոտանակա հետապնդող «Ռեալին», որ հունիսի 18-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Վալենսիայի» դեմ։ «Լեգանեսը» ունի 23 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023