Վալյադոլիդը տանջեց Բարսային, սակայն չդիմացավ․ Կատալոնացիներն ընդհուպ մոտեցան Ատլետիկոյին🎥

Վալյադոլիդը տանջեց Բարսային, սակայն չդիմացավ․ Կատալոնացիներն ընդհուպ մոտեցան Ատլետիկոյին🎥

06/04/2021 - 00:57

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Վալյադոլիդի» դեմ։

Որքան էլ տարօրինակ է, առաջին խաղակեսում հյուրերի գրոհներն ավելի սուր էին և վտանգավոր։

«Վալյադոլիդի» ֆուտբոլիստներն արդեն 9-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Կենան Կոդրոյի գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Այդ դրվագից հետո էլ կատալոնական ակումբի ֆուբտոլիստները տիրել էին գնդակին, սակայն նրանց գրոհներում չկար սրություն, իսկ «Վալյադոլիդը», օգտվելով դաշտի կենտրոնում ազատ տարածություններից, վտանգավոր հակագրոհում էր։

Ռոնալդ Կումանի սաներն իրենց ամենաիրական գոլային պահը ստեղծեցին միայն 45+2-րդ րոպեին, երբ Պեդրիի հեռահար հարվածից հետո հյուրերին մեծ դժվարությամբ փրկեց դարպասապահ Խորդի Մասիպը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

«Բարսելոնան» հասկանալով, որ միավորներ կորցնելու վտանգի առաջ է՝ երկրորդ կեսում նետվեց առաջ, որպեսզի հաղթանակ կորզի։

«Բլաուգրանասը» երկար ժամանակ ուներ տարածքային և խաղային շատ լուրջ առավելություն, ինչի հետևանքով ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր։ Հատկապես հիշատակման է արժանի Ուսման Դեմբելեի դրվագը, երբ 59-րդ րոպեին նա հայտնվեց հարվածային դիրքում, սակայն ֆրանսիացու հարվածից հետո Մասիպը կրկին փրկեց իր թիմին, իսկ վրա հասած Անտուան Գրիզմանի կատարած հարվածն էլ շեղ ստացվեց։

«Բարսելոնան» գրոհում, գրոհում էր, սակայն հյուրերն անձնուրաց պաշտպանվում էին։

Հանդիպման 79-րդ րոպեին Սերխիո Գոնսալեսի թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Օսկար Պլանոն։

Ստանալով քանակական առավելություն, «կապտանռնագույններն» էլ ավելի մեծ թափով սկսեիցն գրոհել, իսկ «Վալյադոլիդի» ֆուտբոլիստներն ամբողջ թիմով սեղմվել էին իրենց տուգանային հրապարակում, հաջողությամբ կասեցնելով բոլոր գրոհները։

Ի վերջո, «Բարսելոնայի» այդ առավելությունը տվեց իր արդյունքը, քանի որ 90-րդ րոպեին խփեցին հաղթական գնդակը․ Ռոնալդ Արաուխոյի՝ աջ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Ուսման Դեմբելեն մոտ տարածությունից գրավեց Մասիպի դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, «Բարսելոնան» 1։0 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ «Վալյադոլիդի» նկատմամբ, վաստակեց 65 միավոր, շրջանցեց «Ռեալին» և վերադարձավ 2-րդ հորիզոնական։ «Արքայական» ակումբն ունի 63 միավրո։

Հավելենք, որ հաջորդ տուրում Մադրիդում կաղմերը մրցելու են միմյանց դեմ։

Ռոնալդ Կումանի թիմն այժմ ընդամենը 1 միավոր է զիջում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդին», որի ակտիվում կա 66 միավոր։

«Վալյադոլիդն» էլ մնաց 27 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023