Բարսելոնան ու Դեմբելեն մոտ են պայմանագիրը երկարաձգելուն

Բարսելոնան ու Դեմբելեն մոտ են պայմանագիրը երկարաձգելուն

03/07/2022 - 15:06

Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կողմերը մոտ են նոր պայմանագիր կնքելուն։

Աղբյուրի փոխանցմամբ «բլաուգրանայի» ու Դեմբելեի ներկայացուցիչների միջև կայացած հերթական բանակցությունների արդյունքում կողմերի դիրքորոշումներն այնքան են սերտացել, որ գործարքն ավարտին հասցնելու համար խոչընդոտում է միայն մեկ հանգամանք։

Խոսքը կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանիի հավանության մասին է, ով ի սկզբանե դեմ էր ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ համագործակցությունը շարունակելուն։

Սպասվում է, որ եթե, ի վերջո, «Բարսելոնան» ու Դեմբելեն երկարաձգեն պայմանագիրը, ապա այն նախատեսված կլինի մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ նրա աշխատավարձը կնվազի 40%-ով։

Դեմբելեն նոր պայմանագրով վաստակելու է մոտավորապես այնքան աշխատավարձ, որքան Անսու Ֆաթին։

«Կապտանռնագույններն» այդ քայլով ցանկանում են ապահովագրել իրենց` հաշվի առնելով ֆրանսիացի ֆուտբոլիստի հաճախակի վնասվածքները։

Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է հնարավորինս արագ լուծել 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հարցը, որպեսզի Դեմբելեն միջմրցաշրջանային հատվածն անցկացնի ակումբի հետ։

Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ու Դեմբելեի ներկայացուցիչների հետ բանակցություններում առանցքային դեր է խաղացել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին, ով շարունակում է մեծ հույսեր կապել վինգերի հետ։

Հավելենք, որ Դեմբելեն սույն թվականի հուլիսի 1-ից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ լրացել է նրա ու կատալոնական ակումբի միջև գործող պայմանագիրը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2017 թ. օգոստոսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 149 հանդիպում` դառնալով 32 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023