Բավարիան ու Ման. Սիթին պատրաստվում են բանակցել երկու գործարքի շուրջ

Բավարիան ու Ման. Սիթին պատրաստվում են բանակցել երկու գործարքի շուրջ

14/07/2023 - 17:18

«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Կայել Վոլքերն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգին, հայտնում է, որ անգլիացի պաշտպանը համաձայնել է համալրել մյունխենյան ակումբի շարքերը։

Աղբյուրի փոխանցմամբ` «ռեկորդ մայսթերը» «2+1» ձևաչափով պայմանագիր է համաձայնեցրել 33-ամյա պաշտպանի հետ։

«Բավարիայի» ղեկավարները տեղյակ են, որ Վոլքերը չի երկարաձգելու «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։

Այժմ մյունխենյան ակումբն այս գործարքի շուրջ պատրաստվում է բանակցություններ սկսել «քաղաքաբնակների» հետ։

Սպասվում է, որ գործարքի դիմաց «ռեկորդ մայսթերը» կվճարի 15 մլն եվրո, որին կավելանան նաև տարբեր հավելավճարներ։

«Մանչեսթեր Սիթին» էլ, իր հերթին, որպես Կայել Վոլքերի փոխարինող, դիտարկում է «Բավարիայի» պաշտպան Բենջամեն Պավարին գնելու տարբերակը։

27-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ում շատ է դուր գալիս այն հանգամանքը, որ Պավարը կարողանում է խաղալ ինչպես աջ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքում։

Այդուհանդերձ, Պլետենբերգը հաստատում է, որ Պավարը կարիերայի շարունակության ավելի հստակ տարբերակներ ունի։

Նրան ձեռք բերելու ուղղությամբ «Բավարիայի» հետ բանակցություններ են վարել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»։

Ավելացնենք, որ եթե, ամեն դեպքում, «Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան» իրականացնեն այս գործարքներն, ապա սրանք լինելու են առանձին տրանսֆերներ, այլ ոչ թե փոխանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023