Աֆրիկայի Ազգերի գավաթ. Հասարակածային Գվինեան գերխոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ալժիրին🎥

Աֆրիկայի Ազգերի գավաթ. Հասարակածային Գվինեան գերխոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ալժիրին🎥

17/01/2022 - 12:17

Կամերունում ընթանում է Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունը. արդեն ավարտին է մոտենում խմբային փուլի 2-րդ տուրը։

Հունվարի 16-ին միմյանց դեմ մրցեցին E խմբում ընդգրկված Ալժիրի և Հասարակածային Գվինեայի հավաքականները։

Ալժիրը, որը մրցաշարի գործող չեմպիոնն է, առաջին տուրում չէր կարողացել կոտրել Սիերա Լեոնեի դիմադրությունը և երկրորդ տուրում «կանաչներին» անպայման հաղթանակ էր անհրաժեշտ Հասարակածային Գվինեայի դեմ խաղում։

Հասարակածային Գվինեայի դեմ խաղում էլ Ջամել Բելմադիի սաներն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն գնդակը համառորեն չհայտնվեց մրցակցի դարպասում։

Դեռ ավելին` 70-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հասարակածային Գվինեան բացեց խաղի հաշիվը. աչքի ընկավ. Էստեբան Օբիանգը։

Բաց թողած գոլից հետո Ալժիրի հավաքականը նետվեց առաջ` խաղը փրկելու, սակայն հասարակածային գվինեացիներին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։

Այսպիսով, Ալժիրի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Հասարակածային Գվինեային և վտանգեց խմբային փուլից դուրս գալու հարցը։

Ալժիրցիներն իրենց ակտիվում ունեն ընդամենը 1 միավոր և եզրափակում են E խումբը։

Խումբը 4 միավորով գլխավորում է Կոտ դ’Իվուարը, Հասարակածային Գվինեան ունի 3, իսկ Սիերա Լեոնեն` 2 միավոր։

Վերջին տուրում Ալժիրը կմրցի Կոտ դ’Իվուարի դեմ և միայն հաղթանակի դեպքում կնվաճի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Նշենք, որ Աֆրիկայի Ազգերի գավաթն անցկացվում է Եվրոպայի առաջնության ձևաչափով և մրցաշարի 1/8 եզրափակիչի ուզեգիր են նվաճում իրենց խմբերի լավագույն երկու հավաքականները, ինչպես նաև 3-րդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն 4 հավաքականները։

Հավելենք, որ Հասարակածային Գվինեան ընդհատեց Ալժիրի հավաքականի անպարտելիության անհավանական շարքը, որը բաղկացած էր 35 անընդմեջ հանդիպումից։

Հատկանշական է, որ հավաքականների մակարդակով անպարտելիության համաշխարհային ռեկորդը պատկանում է Իտալիայի հավաքականին, որը 2018-2021 թթ. չէր պարտվել 37 անընդմեջ հանդիպման ընթացքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023