Վան-Բիսական, հնարավոր է, փոխի  քաղաքացիությունը ու հանդես գա այլ հավաքականի կազմում

Վան-Բիսական, հնարավոր է, փոխի քաղաքացիությունը ու հանդես գա այլ հավաքականի կազմում

01/03/2021 - 23:29

«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Արոն Վան-Բիսական հայտնվել է անորոշ վիճակում։

Բանն այն է՝ ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, ֆուտբոլիստը ցանկանում է հրաժարվել Անգլիայի քաղաքացիությունից, եթե հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը շարունակի անտեսել նրան ու չհրավիրել «երեք առյուծների» շարքեր։

Սպասվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը կգնա այդ քայլին, եթե բաց թողնի նաև մարտ ամսին կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումները։

Անգլիայի հավաքականն առաջիկայում երեք հանդիպում ունի անցկացնելու։ Մարտի 25-ին և 31-ին նրանք տանը կմրցեն համապատասխանաբար Սան Մարինոյի և Լեհաստանի հավաքականների դեմ, իսկ այդ խաղերի արանքում մարտի 28-ին կհյուրընկալվեն Ալբանիայի ընտրանուն։

Աջ պաշտպանի դիրքում Գարեթ Սաութգեյթն ավելի շատ նախապատվություն տալիս է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կայել Վոլքերին, ով Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է արդեն 50 հանդիպում։ Այդ դիրքում են խաղում նաև Կիրան Տիպիեն (23 խաղ), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (12 խաղ), ինչպես նաև Ռիս Ջեյմսը (3 խաղ)

Անգլիայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում Վան-Բիսական կարող է ընտրել իր պատմական հայրենիքի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը և հանդես գալ նրա կազմում։ Հավելենք, որ ֆուտբոլիստի ծնողները հենց Կոնգոյից են, սակայն ինքը, քանի որ ծնվել է Անգլիայում՝ Լոնդոնում, ստացել է հենց այդ երկրի քաղաքացիություն։

Արոն Վան-Բիսական մինչ այժմ ընդամենը մեկ անգամ է հրավեր ստացել երկրի գլխավոր հավաքականից, որը եղել է 2019 թվականի օգոստոսին, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ ընտրանուն։

Հատկանշական է, որ 2020 թվականի դեկտեմբերին Արոն Վան-Բիսական արդեն հրավեր ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն հանուն Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մերժել է այդ հրավերը։

Վան Բիսական ժամանակին նույնիսկ 1 հանդիպում է անցկացրել ԿԴՀ-ի Մ-20 տարեկանների հավաքականի կազմում, ընդ որում՝ Անգլիայի Մ-20 հավաքականի դեմ։ Ֆուտբոլիստը խաղացել է նաև Անգլիայի Մ-20 և Մ-21 տարեկանների հավաքականում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 5 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023