Մելիքբեկյան․ «Ստացել ենք առանց որևէ հիմքի մի պահանջ, որը չգիտեմ՝ ինչ է, եթե ոչ աթոռակռվի վառ օրինակ»

Մելիքբեկյան․ «Ստացել ենք առանց որևէ հիմքի մի պահանջ, որը չգիտեմ՝ ինչ է, եթե ոչ աթոռակռվի վառ օրինակ»

29/12/2020 - 10:03

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է տարեկան ժողովը։ Բացման խոսքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ելութը տարբերվել է սովորականից, քանզի ակումբներից մեկը անվստահություն է հայտնել նախագահին։

«Այս ծանր ժամանակահատվածում իմ ուղերձը պետք է սկսեի համերաշխության ու միավորման խոսքերով։ Ցավոք, վերջին օրերին անակնկալ իրադարձություններ եղան։ «Սևան» ֆուտբոլային ակումբը որոշել է անվստահություն հայտնել ինձ։ Դեկտեմբերի 22-ին, չեմ վախենա այդ խոսքից, անգրագետ փաստաթուղթ է ուղարկվել ՀՖՖ։ Թղթի իրավական գնահատականը կտրվի ժողովի ընթացքում։

Այն մարդիկ, ովքեր ուղարկել են այդ փաստաթուղթը, և նրանք, ովքեր կանգնած են այդ մարդկանց հետևում, «թքած» ունեն հայկական ֆուտբոլի վրա։ Այս ժողովի ընթացքում պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունը։ Միասնական ուժերով մեր ֆուտզալի հավաքականին աջակցելու ուղիները։

Փոխարենը, ստացել ենք առանց որևէ հիմքի մի պահանջ, որը չգիտեմ՝ ինչ է, եթե ոչ աթոռակռվի վառ օրինակ։ Սա անարգանք է նաև ՀՖՖ ժողովի այն պատվիրակների նկատմամբ, որոնք զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով։ Շատերն ապշել են նման հանդգնությունից։

Նրանք, ովքեր նախաձեռնել են սա, ընդհանրապես «թքած» ունեն հանրային կարծիքի վրա։ Այսինքն, այն մարդկանց, որոնք հայկական ֆուտբոլի շահառուն են։ Լինեն դրանք երկրպագուները, ֆուտբոլի ընտանիքի այլ անդամները կամ լրագրողական հանրությունը։ Իմ գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը խայտառակություն է։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ սրանով ոչ միայն ծիծաղի վիճակում են գցում հայկական ֆուտբոլը, այլ նաև վնասում են նրա իմիջին։ Եթե չեք ցանկանում օգնել մեզ, ապա գոնե փորձեք չխանգարել։

Անձամբ ես իմ ամբիցիաները մի կողմ եմ դրել։ Դրա վառ օրինակն է այսօրվա առաջարկը՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը նվազեցնել 3-ից մինչև 2 տարի։ Դա մեկ օրինակ է, թե ինչպես են նվազեցվում նախագահի լայն լիազորությունները և դրանք տրվում Գործկոմին»,- ասել է ՀՖՖ նախագահը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023