Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում🎥

Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում🎥

13/04/2022 - 15:24

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` այս օրերին 22-ամյա ֆուտբոլիստը Երևանում է: Այսօր` ապրիլի 13-ին, Գալոյանը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Հանդիպումից հետո ֆուտբոլիստն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ դրական տպավորություններ ունեմ: Առաջին անգամ եմ Հայաստանում: Ինձ շատ լավ ընդունեցին: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես պատրաստ եմ նույն խանդավառությամբ աշխատել, որպեսզի ամռանը, եթե մարզիչն ինձ հրավիրի, միանամ հավաքականին:

Դիտել եմ հավաքականի հանդիպումներն աշնանը, ինչպես նաև վերջին ընկերական հանդիպումները: Խաղադաշտում հանդիպել եմ Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև Արտյոմ Ավանեսյանին, ում ճանաչում եմ դեռ դպրոցից: Մյուս տղաների հետ անձամբ ծանոթ չեմ:

Ինձ ամենալավը զգում եմ կենտրոնում, բայց կախված մարզչի առաջադրանքից՝ կարող եմ խաղալ ինչպես ձախից, այնպես էլ աջից, կամ նույնիսկ երկրորդ հարձակվողի դիրքում:

Առայժմ ամաչում եմ շատ խոսել հայերեն, որովհետև կարող է ինչ-որ բաներ խառնեմ: Կարծում եմ՝ ընթացքում կսովորեմ հայերեն և երկրպագուներին կդիմեմ հայերենով: Ես կաշխատեմ, որպեսզի արդարացնեմ մարզչական շտաբի և ֆեդերացիայի վստահությունը»:

Արթուր Գալոյանը ծնվել է 1999 թվականի հունիսի 25-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Ֆուտբոլային ուղին սկսել է ռուսական «Տորպեդոյի» դպրոցում։ Հենց «Տորպեդոյում» էլ կայացել է Արթուրի նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

Գալոյանը 2020 թվականին «Տորպեդոյից» տեղափոխվել է  «Վելես», որի կազմում հանդես է գալիս մինչ օրս։

Նշենք, որ հայազգի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը հեղինակավոր Transfermarkt կայքը գնահատում է 800 հազ. եվրո։

Վերջում հավելենք, որ Գալոյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում «Վելեսի» կազմում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023